Մշակույթ

Լևոն Չաուշյանին նվիրված համերգային երեկո կանցկացվի

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մայիսի 31-ին, ժամը 19:00 կկայանա համերգ՝ նվիրված մեր ժամանակի մեծանուն կոմպոզիտոր, Երևանի պետական Կոնսերվատորիայի ստեղծագործական ամբիոնի պրոֆեսոր,  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Լևոն Չաուշյանին:

«Լևոն Չաուշյանի ստեղծագործական դասարանի շրջանավարտները` Լևոն Չաուշյանի հիշատակին» խորագիրը կրող համերգին կհնչեն Լևոն Չաուշյանի և նրա շրջանավարտներ՝ Արսեն Բաբաջանյանի, Արփինե Կալինինայի, Հասմիկ Հակոբյանի, Տիգրան Համբարյանի, Թեհմինե Շեֆֆերի, Մարտին Ուլիխանյանի ստեղծագործությունները։  

Կկատարեն Անահիտ Չաուշյանը (դաշնամուր), Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Մարգարիտա Սարգսյանը (սոպրանո), «Երևան» լարային քառյակը, Ռազմիկ Հովհաննիսյանը (ջութակ), Դավիթ Հակոբյանը (ջութակ), Հենրի Երկանյանը (թավջութակ), Մարտին Ուլիխանյանը (կլառնետ), Էլեն Կիրակոսյանը (դաշնամուր), Հասմիկ Հակոբյանը (դաշնամուր), Արփինե Կալինինան (դաշնամուր)։

Կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, Երաժշտական համաժողովի հիմնադիր նախագահ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Չաուշյանը ծնվել է 1946 թ.: 1974 թ. արժանացել է Պետական երիտասարդական մրցանակի դափնեկրի կոչման: 1983 թ. Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ — ի կոմպոզիտորների 30-րդ միջազգային համագումարին Չաուշյանի Երկրորդ լարային քառյակը մտել է տարվա 12 լավագույն ստեղծագործությունների մեջ: 1986-1991 թթ. եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահի տեղակալ: Այնուհետև աշխատել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբին կից սիմֆոնիկ երաժշտության կենտրոնում: 1985 թ. հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ ստեղծագործությունների մրցույթում Լևոն Չաուշյանի «Անհայտ զինվորին» սիմֆոնիան արժանացել է առաջին մրցանակի: 1999-2000 թթ. Լևոն Չաուշյանը նշանակվել է Երևանի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական խորհրդի նախագահ: Չաուշյանի երաժշտությունը կատարվել է ԱՄՆ-ում,  Ճապոնիայում, Բելգիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում,  Ռուսաստանում, Անգլիայում և այլ երկրների միջազգային փառատոներում: Լևոն Չաուշյանը եղել է Երևանի պետական Կոնսերվատորիայի ստեղծագործական ամբիոնի պրոֆեսոր, 2021 թ.-ից ամբիոնի վարիչ:

Հեղինակ է սիմֆոնիայի, գործիքային կոնցերտների, լարային քառյակների, կամերային-անսամբլային, խմբերգային երկերի և այլս տեղծագործությունների: Մահացել է 2022 թ․։

Back to top button