ԿարևորՏնտեսական

Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը կմեծացնի ԵԱՏՄ-ի «կշիռը», կսահմանափակի Ադրբեջանի ոտնձգությունները

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպությունը հայտարարել է, որ 2022 թ աշնանը կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Ըստ աղբյուրի՝ իրանական և ռուսական բանկերի միջև արդյունավետ բանակցություններ են տեղի ունեցել, և երաշխիքային ֆոնդերը կարող են ապահովագրել երկկողմ առևտուրը։ 2018 թ․ մայիսին Եվրասիական տնտեսական միությունը և Իրանը համաձայնագիր ստորագրեցին, որով ԵԱՏՄ անդամ երկրների և Իրանի միջև արտահանված ապրանքների մաքսատուրքերը ժամանակավորապես իջեցվեցին  կամ վերացվեցին սահմանափակ քանակով ապրանքների համար։ 2019 թ հոկտեմբերից ուժի մեջ մտած կարգավորումները  նախատեսված էին երեք տարի ժամկետով․ այդ ընթացքում Միությունը և Իրանը պետք է համաձայնություն ձեռք բերեին առևտրի ազատ գոտու ռեժիմին անցնելու վերաբերյալ։ Տնտեսական և քաղաքական ի՞նչ հնարավորություններ կտա համաձայնագիրը Հայաստանին՝ հաշվի առնելով հանգամանքը, որ մեր երկիրը ԵԱՏՄ միակ անդամն է, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ։

Աշնանը ստորագրվելիք Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը դրական անդրադարձ կունենա Հայաստանի տնտեսության վրա։ Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքով՝ տարիներ շարունակ լինելով սանկցիաների տակ՝  Իրանը ներքին շուկան պաշտպանելու համար բարձր մաքսատուրքեր էր կիրառում, սահմանափակում որոշ ապրանքների մուտքը երկիր։ Մյուս կողմից՝ զարգացնում էր ներքին արտադրությունը՝ ներքին կարիքները բավարարելու համար։ Մաքսատուրքերի իջեցումը կհեշտացնի Հայաստանից և ԵԱՏՄ երկրներից ապրանքների արտահանումը Իրան ՝ ասում է Մակարյանը։

«Այսօր իրանական տարածքով հայկական մեքենաները կարողանում են մինչև 50 կմ խորանալ, հետո արդեն իրանական փոխադրող տրանսպորտային ընկերություններն են կատարում փոխադրումերը։ Այսինքն՝ ներմուծման-արտահանման պարագայում  կախվածություն կա իրանական տրանսպորտային ընկերություններից։ ԵԱՏՄ շրջանակում, կարծում եմ, այս հարցը նույնպես կկարգավորվի, որոշակի թույլտվություններ և նոր հնարավորություններ կլինեն նաև տրանսպորտային միջոցների մուտքի-ելքի համար»։

Համաձայնագրի կնքման դեպքում ավելի արդյունավետ կօգտագործվեն իրանական նավահանգստային հանգույցները՝ որպես  բեռնափոխադրումների այլընտրանքային ուղիներ։

Հայաստանի հնարավորություններից մեկն էլ Իրանի արդյունաբերական պոտենցիալի օգտագործումն է՝ կարծում է Գագիկ Մակարյանը։  Մասնավորապես, Հայաստանը կարող է հարթակ դառնալ համատեղ արտադրության կամ վերջնական արտադրանքն այստեղ թողարկելու համար։ Մյուս կողմից՝  ԵԱՏՄ-ի ու Իրանի համագործակցությունը կմեծացնի տնտեսական կառուցի «կշիռն» աշխարհում․եթե հիմա ԵԱՏՄ–ն 200 միլիոնանոց շուկա է, ապա կդառնա 290 մլն–անոց՝ նկատում է Մակարյանը։ Կարևոր են նաև սպասվող օրենսդրական կարգավորումները՝ ասում է։

«Իրանի կողմից մեր այլընտրանքային ճանապարհն անցնում է Սյունիքով , բարդ լեռնային շրջան, և հիմա էլ այդ հատվածում  ադրբեջանական մաքսակետեր են։ ԵԱՏՄ-ի պարագայում այս բոլոր հարցերը կարող են կարգավորվել և ԵԱՏՄ օրենսդրությամբ պաշտպանված լինել։ Այսինքն՝ ոտնձգություններն Ադրբեջանի կողմից կսահմանափակվեն հաշվի առնելով, որ գործ ունի ԵԱՏՄ երկրների ընտանիքի հետ»։

2015 թ․–ից գործող տնտեսական միության անդամ միակ երկիրը, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ, Հայաստանն է։ 2019-ին, երբ  Իրանի նախագահը Երևանում էր, մասնակցեց նաև ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանը կարող է միավորման կետ դառնալ Եվրասիական տնտեսական միության և Իրանի էներգահամակարգերի միջև։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ համաձայնագրի կնքմամբ կշահեն բոլոր կողմերը, սակայն եթե աշնանը Ռուսաստանի նկատմամբ տնտեսական սանկցիաները խստացվեն, չի բացառվում, որ համաձայնագրի ստորագրումը հետաձգվի և Իրանը չցանկանա մտնել այդ դաշտ.

«Շատ մեծ փոփոխություններ ակնկալել պետք չէ, քանի որ Իրանի փոխհարաբերությունները ԵԱՏՄ-ի հետ տնտեսական և քաղաքական առումով միշտ էլ նորմալ են եղել։ Գործընթացը հնարավորություն կտա ամրապնդելու այդ գործակցությունը։ Միանշանակ կողմերը շահելու են, հիմնականում տնտեսական առումով, իսկ քաղաքական առումով  զարգացումները կախված կլինեն աշխարհաքաղաքական ընդհանուր իրավիճակից»։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երեկ նշել էր, որ Իրանը հայկական բեռնատարների համար մաքսատուրքերի փոփոխություն չի իրականացրել։ Նրա խոսքով՝ գոյություն ունեն 2 կողմից սահմանված տուրքեր։ Իրանական բեռնատարների համար մուտք դեպի Հայաստան, և հակառակը՝ հայկական բեռնատարների համար մուտք դեպի Իրան.

«Իրանական կողմը կիրառում է 240 դոլար տուրք։ Հիմա իրենք առաջարկում են այդ 240-ը դարձնել 120 դոլար՝ պայմանով, որ այսօր գոյություն ունեցող չեզոք գոտում 2 բեռնատարներից իրար բեռներ փոխանցելը դադարեցվի, և հայկական բեռնատարներն անցնեն իրականան տարածք։ Մյուս կողմից՝ քննարկվել է նաև 2 երկրների միջև տուրքերը զրոյացնելու և իրար նկատմամբ ֆինանսական միջոցներ չկիրառելու տարբերակը։ Մենք խնդրել ենք իրանական գործընկերներին այժմ գործող կարգավորումներում ոչինչ չփոխել, մինչև մենք հասկանանք, թե որ ուղղությամբ ենք գնում»։

Մակարյանի դիտարկմամբ՝ արդեն իսկ որոշ ապրանքների մաքսատուրքերի իջեցում եղել է, աստիճանաբար նաև զրոյացման ուղղությամբ քայլեր կարվեն.

«Միանգամից չի լինի, Իրանը, բնականաբար, կդիտարկի այն ապրանքները, որոնց պահանջարկը  ԵԱՏՄ-ում կա , բայց դրանք նաև իրեն են հետաքրքիր։  Զգույշ կլինի, բայց կարծում եմ աստիճանաբար դա տեղի կունենա»։

Հայկական բեռնատարների համար Իրանի կողմից մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխության հարցը սկսեց քննարկվել մայիսի սկզբին, երբ Հայաստանում տեղի էին ունենում հայ-իրանական միջկառավարական հանդիպումները։ Փոփոխություններ առայժմ չեն եղել,  իրանական կողմը սպասում է հայկական կողմի առաջարկներին։

Back to top button