Մոռացված ֆիլմերի ստվերները

«Գիշերվա մեջ առկայծող կրակը», որը մարեց էկրաններին. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Անցյալ դարի 80-ականների առաջին կեսին Ռուբեն Գևորգյանցն ու Գեորգի Կևորկովն աշխատում էին «Գիշերվա մեջ առկայծող կրակը» ֆիլմի վրա։ Ամեն ինչ գրեթե պատրաստ էր, երբ լուր եկավ, որ գլխավոր հերոսի՝ Միքայել Նալբանդյանի դերակատարին մոսկովյան պետկինոն չի հասատատում։ Ֆիլմի նկարահանումները հարցականի տակ դրվեցին։

Մոսկվայաբնակ սցենարիստ Առնոլդ Գրիգորյանը 1982 թվականին մոսկովյան պետկինոյի խմբագրական կոլեգիայի դատին հանձնեց Միքայել Նալբանդյանի մասին պատմող կինոսցենար։ 19-րդ դարի հեղափոխական բանաստեղծի ողբերգական ճակատագիրը, երկար տարիներ ուսումնասիրած Առնոլդ Գրիգորյանը, սցենարում ընդգրկել էր բանաստեղծի կյանքի գրեթե բոլոր ժամանակահատվածները։ Ֆիլմի խմբագիր, կինոգետ Դավիթ Մուրադյանը նշում է, որ բացակայում էր միայն հնդկաստանյան հատվածը։

Դավիթ Մուրադյան

«Կալկաթայում անցկացրած վերջին շաբաթների ընթացքում Նալբանդյանն իր միջոցներով մի ռնգեղջյուր է գնում՝ ցանկություն ունենալով այն նվիրել Մոսկվայի նորաբաց կենդանաբանական այգուն։ Նկարահանումների ժամանակ՝ 1982 թվականին, ցավոք, Մոսկվայի կենդանաբանական այգին չուներ ռնգեղջույր: Արտադրական հնարավորություններ չունենալուն գումարվեց նաև այդ հանգամանքը և դա էր պատճառը, որ Նալբանդյանի կյանքի հնդկաստանյան ժամանակահատվածն ամբողջովին դուրս մնաց  ֆիլմից»,- ասում է Դավիթ Մուրադյանը։

Վավերագրական կինոյի առաջանակարգ վարպետ Ռուբեն Գևորգյանցը որոշեց իր ուժերը փորձել խաղարկային կինոյի ժանրում։ Հեղափոխական բանաստեղծ Միքայել Նալբանդյանի կյանքին նվիրված սցենարի հաստատումից հետո նկարահանումները վստահվեցին Ռուբեն Գևորգյանցին։

Նրա հրավերով Մոսկվայից Երևան եկավ Գոռ Վարդանյանը, որը դարձավ ապագա ֆիլմի տնօրենը։ Գոռ Վարդանյանը պատմում է, որ նախքան կինոնկարի նկարահանելն ինքն ու Ռուբեն Գևորգյանցը մի հետաքարքիր փորձ իրականացրեցին։

«Ես ու Ռուբեն Գևորգյանցը որոշեցինք Հրապարակից բարձրանալ դեպի Նալբանդյան փողոց և այդ ընթացքում անցորդներին հարցնել, թե ո՞վ էր Միքայել Նալբանդյանը։ Եվ պատկերացրեք հարցվողների մեծ մասը կցկտուր տեղեկություններ ուներ Միքայել Նալբանդյանի մասին»,- ափսոսանքով նշում է Գոռ Վարդանյանը:

Գոռ Վարդանյան

Այդ հարցումի արդյունքներից դառնացած Ռուբեն Գևորգյանցը եղբոր՝ Գեորգի Կևորկովի հետ լծվեցին «Գիշերվա մեջ առկայծող կրակը» ֆիլմի նկարահանումներին։ Նկարահանող խմբում ընդգրկվեցին կինոօպերատոր Ռուդոլֆ Վաթինյանը, բեմադրող-նկարիչ Ռաֆայել Բաբյանը, իսկ գլխավոր հերոսի՝ Միքայել Նալբանդյանի դերում Ռուբեն Գևորգյանցի առաջարկով «Հայֆիլմ» կինոստուդիայի գեղարվեստական խորհուրդը հաստատեց ճարտարապետ-երաժիշտ, «Առաքյալներ» ռոք խմբի հիմնադիր Արթուր Մեսչյանին։ Դավիթ Մուրադյանն ասում է, որ այդ ընտրությունը պատահական չէր։

«Ռուբեն Գևոգյանցն ու Գեորգի Կևորկովը ցանկանում էին, որ Նալբանդյանի դերը մարմնավորի մի անձ, որի անվան հետ այլ դերեր կապված չեն։ Այսինքն՝ նա լինի անսպասելի դեմք կինոյում, չառաջացնի գեղարվեստական հիշողություն։ Եվ քանի որ Արթուր Մեսչյանը, ինչպես և Միքայել Նալբանդյանն իր էությամբ, հոգեկերտվածքով ըմբոստ մարդ էր, որոշվեց, որ հենց նա պիտի կերտի Նալբանդյանի կերպարը ֆիլմում»,- պատմում է Դավիթ Մուրադյանը։

Շուրջ չորս ամիս տևած նկարահանումներն ավարտելուց հետո Ռուբեն Գևորգյանցը մեկնեց Մոսկվա, որտեղ իրականացրեց ֆիլմի մոնտաժային և ձայնագրման աշխատանքները։ Ավարտելուց հետո կինոնկարը ներկայացվեց մոսկովյան պետկինոյի խմբագրական կոլեգիային։

Կինոնկարի առաջին դիտումին հաջորդած քննարկման ժամանակ պետկինոյի պատասխանատուները որոշակի աննշան փոփոխություններ առաջարկեցին, որոնցից մեկն էլ վերաբերվում էր ֆիլմի անվան փոփոխմանը։

Կոլեգիայի անդամներն իրավացիորեն պնդում էին, որ կինոնկարի նախնական «Միքայել Նալբանդյան» անվանումը, ցավոք, օտարերկրյա դիտողի համար գայթակղիչ չէ։ Իրավիճակը փրկեց Դավիթ Մուրադյանը, որը խմբագրական կոլեգիայի անդամներին ներկայացրեց Միքայել Նալբանդյանի ռուսերեն թարգմանությամբ հատորյակի բանաստեղծությունից մի տող՝ «Огонь мерцающий в ночи»։ Բովանդակային առումով կինոնկարին մոտ «Գիշերվա մեջ առկայծող կրակը» տողն էլ հետագայում դարձավ ֆիլմի վերնագիր։

«Ֆիլմը հանձնելու ժամանակ պարզ դարձավ, որ կինոնկարի ամբողջ դրամատուրգիան կառուցված է ազգային ազատագրական գաղափարախոսության վրա։ Հայաստանի քարտեզագրման թեման էր շոշափվում ֆիլմում։ Գիտենք՝ միայն պետություն վերականգնողներն են պատրաստվում քարտեզագրման։ Եվ այդ փաստը որոշ չափով անհագստություն առաջացրեց մոսկովյան պետկինոյի ղեկավարության մոտ։ Բայց ավելի խիստ միջամտումներ չեղան»,-նշում է Դավիթ Մուրադյանը։

Սեփական անձն ազգի բարօրության պայքարին նվիրած, ազատության ու անկախության արժեքը հասկացող և դրան ձգտող բանաստեղծի մահից ավելի քան մեկ դար անց էկրան բարձրացած կինոնկարն այսօր էլ անծանոթ է մեզ և սպասում է արդար գնահատականին։

Գուցե պատճառներից մեկը մեր հասարակության անտարբերությունն է երկրի, ժողովրդի շահերի համար պայքարող անհատների հանդեպ։ Եվ գուցե դա է Գևորգյանց եղբայրներին մղել հանրությանը ներկայացնելու ազատախոհ Միքայել Նալբանդյանի կերպարը՝ որպես անանձնական նվիրումի օրինակ։

Back to top button