ԿարևորՔաղաքական

Բրյուսելի «շտապողականությունն» ու Մոսկվայի արձագանքը․ առաջին հանդիպումը կայացավ, երկրորդի ու երրորդի վայրերը հայտնի են

Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում մայիսի 24-ին տեղի է ունեցել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների ղեկավարներ, փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը։ ԱԳՆ–ի հաղորդմամբ՝ կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը  սահմանազատման, նաև ՝ սահմանային անվտանգության հարցերի շուրջ։

Քննարկվել են հանձնաժողովների համատեղ գործունեության կազմակերպչական և ընթացակարգային հարցեր։

Ուշագրավ է, որ հանձնաժողովների ձևավորումը, ինչպես նաև առաջին հանդիպումը տեղի է ունեցել բրյուսելյան քննարկումներից հետո։ Նախօրեին հայտնի է դարձել, որ իր հերթին փորձագիտական հանձնաժողով է ձևավորել նաև ՌԴ–ն՝ Հայաստանին և Ադրբեջանին աջակցություն ցուցաբերելու համար։

Երասխի ուղղությամբ սահմանին․ այս հատվածում է տեղի ունեցել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հայ–ադրբեջանական հանձնաժողովների նախագահներ, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի առաջին հանդիպումը։ Գործընթացը հայկական կողմին որոշակի լավատեսություն է ներշնչում։ Սա այսօր փաստել են խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները, իսկ նախօրեին՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։  

Թեև հանձնաժողովները ձևավորվել են բրյուսելյան հանդիպումներից հետո և աշխատանքային քննարկումները երկկողմ ձևաչափով են ընթանում , բայց Ռուսաստանում նույնպես ձևավորվել է փորձագիտական հանձնաժողով՝ աշխատանքների աջակցելու համար։ Այս լուրը հաստատել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Արդյո՞ք Հայաստանը դիմել էր ռուսական կողմին նման աջակցություն ստանալու համար․հարցին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ուղիղ պատասխան չտվեց։

«Գործընթացը սկսվել է առնվազն ակտիվի մակարդակով․կայացվել են համապատասխան ակտեր, ստեղծվել են հանձնաժողովներ, որոնք պետք է սկսեն աշխատանքները, կան ձեռք բերված որոշակի պայմանավորվածություններ։ Կարելի է շատ չափավոր լավատեսություն տեսնել այս գործընթացում, որ հարևան երկրի ներկայացուցիչները հակված են այս գործընթացը չձախողել և գործընթացը սահմանված ընթացակարգով ու ձեռք բերված պայմանավորվածություններով առաջ տանել։ Ինչ վերաբերում է դետալներին, մանրամասներին, դրանք առավել կբյուրեղանան այն ժամանակահատվածում, երբ հանձնաժողովը կսկսի  բուն աշխատանքները։ Ընդհանրապես, դեմարկացիան և դելիմիտացիան բավական երկարատև և տեխնիկապես բարդ գործընթաց են, և այս գործընթացի պարագայում թե  քաղաքական կամքը, թե ներգրավված կողմերի  պրոֆեսիոնալիզմը , թե միջազգային գործընկերների աջակցությունը միայն դրական ազդակ կլինի այս գործընթացը հաջողությամբ ավարտելու համար»։

Իրականում՝ սահմանագծման և սահմանազատման գործընթացներում բախվել են տարածաշրջանում գլխավոր դերակատարների՝ Ռուսաստանի և Արևմուտքի շահերը։ Այս հնարավոր մրցապայքարի տեսական վտանգների մասին Հայաստանի վերլուծական դաշտում վաղուց են խոսում։ Մտահոգությունները նախօրեին հաստատեց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝  ԵՄ-ին ուղիղ մեղադրելով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի  միջև ձեռք բերված եռակողմ համաձայնություններին  միջամտելու փորձերի մեջ.

«Այո, մենք տեսնում ենք ԵՄ-ի կողմից ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի գործընթացին միջամտելու համառ փորձեր, մենք ակնկալում ենք, որ Բրյուսելը կօգնի դրանք իրականացնել, եթե այդքան շատ է ուզում, այլ ոչ թե աշխարհաքաղաքական խաղեր խաղալ, իսկ դա արդեն մենք չենք ուզում»։

Զախարովայի ներկայացմամբ՝ ռուսական կողմի  տրամադրության տակ կան անհրաժեշտ քարտեզագրական նյութեր, Ռուսաստանը յուրահատուկ փորձագիտական ներուժ ունի հետխորհրդային տարածքում սահմանազատման և սահմանային վեճերի կարգավորման ոլորտում։ Ձևավորված փորձագիտական հանձնաժողովի գործունեության շրջանակում ուրախ կլինենք կիսել ունեցած փորձը հայ և ադրբեջանցի ընկերների հետ՝ ասել է Զախարովան։

Սահմանագծման և սահմանազատման գործընթացում որոշակի լավատեսության մասին նախօրեին խոսել է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը.

«Ենթադրում եմ՝ առաջին հանդիպումը որոշակիորեն աշխատանքային հարցերի վերաբերյալ է եղել և մեթոդական հարցերի։ Անշուշտ, որոշակի պատկերացումներ կան։ Կարող եմ վերահաստատել՝ բոլոր բացվելիք ճանապարհները պետք է լինեն այն երկրների սուվերենության ներքո և այն երկրների օրենսդրություններով, որոնցով անցնում են։ Կան էլի համընկնումներ պատկերացումների։ Այս առումով ես լավատես եմ, ավելորդ չեմ համարում նշել, որ «Զանգեզուրի միջանցքը» այն տրամաբանությամբ, որով շրջանառվում էր 1.5–2 տարի կամ ամիսներ շարունակ և որով ադրբեջանական կողմը փորձում է ներկայացնել, մեր համար այդ տրամաբանությունը անընդունելի է և, կարծես թե, կա համընդհանուր ընկալում, որ այդպես չի լինելու։ Բացվելու են տնտեսական ուղիները, բայց այն մեխանիզմներով և այն պարամետրերով, որոնք մեզ համար ընդունելի են»։

«Անկլավների» հարցով հստակություն առայժմ չկա, բայց հայկական կողմը պնդում է՝ քարտեզներով, իրավական փաստաթղթերով առայժմ Հայաստանը ունի ապացույցներ, որ օրինակ՝ Արծվաշենը դե յուրե ՀՀ տարածք է։ Խորհրդարանական ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ մինչ այս պահը որևէ փաստաթղթային ապացույց Ադրբեջանը չի ներկայացրել, որ ՀՀ տարածքում ունի «անկլավներ», թեև այդ հավակնությունները փորձում է բարձրաձայնել բոլոր միջազգային հարթակներում։  

Միջազգային ինչ փաստաթղթերի և գոյություն ունեցող որ քարտեզների վրա են հենվում կողմերը, դեռ հստակ չի հայտարարվում։

Հայաստանի և Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի միջև տարածքային փոխանակումներ խորհրդային տարիներին եղել են բազմիցս, հատկապես 1922-1936 թվականներին, երբ հարևան երեք հանրապետությունները Անդրֆեդերացիա միասնական անվան տակ՝ Թիֆլիս մայրաքաղաքով, ԽՍՀՄ-ի մաս էին:

Մասնագետներն ասում են, այդ քարտեզներում էական տարբերություններ կան։  1991 թվականին Հայաստանն  անկախացավ 29,8 հազար քառակուսի կիլոմետր տարածքով: 1920-30-ական թվականների քարտեզներում․ մինչդեռ,  Խորհրդային Հայաստանի տարածքը գերազանցում էր 30 հազար քառակուսի կիլոմետրը, ինչը նշանակում է, որ Հայաստանը որոշ հողեր է կորցրել՝ զիջելով կամ Վրաստանին, կամ Ադրբեջանին, կամ՝ երկուսին էլ:

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում իրականացնելու համար,  որպես «աշխատանքային» ամենահավանական տարբերակ, նշվում են  1991 թվականի քարտեզները, որոնցով պետությունները հետխորհրդային շրջանում ճանաչել են միմյանց անկախությունը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների առաջին համատեղ նիստի անցկացումը ողջունել է ԱՄՆ–ն։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը.

«ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ԵՄ միջնորդությամբ ընթացող բանակցություններին և խրախուսում է շարունակվող դրական ընթացքը»։

Ամերիկացի պաշտոնյան նաև կոչ է արել շարունակելու հայ-ադրբեջանական երկխոսությունը՝ հանուն տարածաշրջանային խաղաղության։ Ըստ ՌԴ ԱԳՆ–ի օպաշտոնական ներկայացուցիչ Զախարովայի՝ դա նաև իր երկրի կարևորագույն նպատակն է Հարավային Կովկասում։

Սահմանազատման հարցերով հանձնաժողովների հաջորդ նիստը նախատեսված է հաջորդ շաբաթ Մոսկվայում՝ բացահայտել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։ Որոշված է նաև երրորդ հանդիպման վայրը․ այն Բրյուսելն է։    

Հայաստանյան ընդդիմության համար մինչդեռ ընդունելի չէ Ադրբեջանի հետ խնդրահարույց  հարցերի տարանջատումը։ Բոլոր խնդիրները փոխկապակցված են՝ ասում է  Իշխան Սաղաթելյանը.

«Հարցը պետք է լուծվի փաթեթային և պետք է լուծվի ամբողջական։ Որովհետև այդ խնդիրները միմյանցից տարանջատելով, դա ընդամենը փորձ է երկիրը կտոր–կտոր հանձնելու։ Չի կարող տեղի ունենալ սահմանագծում և սահմանազատում, երբ Ադրբեջանի զորքերը գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում։ Չի կարելի խոսել, անթույլատրելի է, հակահայկական է խոսել Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության մասին՝ մոռանալով կարգավիճակը։ Այս բոլոր խնդիրները միմյանց հետ փոխկապակցված են»։   

Բրյուսելում, սակայն, բոլորովին այլ խոսակցություն է ընթացել՝ պատգամավորներին վստահեցրել է վարչապետ Փաշինյանը, նշել, որ այնտեղ պնդել է հայկական կողմի 6 առաջարկները, որոնք, մասնավորապես, ԼՂ հայության անվտանգության, իրավունքների և ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտման մասին են։

Հայկական կողմը նաև բազմիցս համոզմունք է հայտնել, որ սահմանագծման և սահմանազատման աշխատանքներից հետո ադրբեջանական զինուժը ստիպված կլինի դուրս գալ ՀՀ ինքնիշխան տարածքից։

Back to top button