ԿարևորՔաղաքական

ՀՀ-ում ԵՄ դեսպանը Սյունիքում ադրբեջանական ներխուժումից ու ներքաղաքական հարցերից է խոսել

Սյունիքի մարզը վերջին օրերին կրկին օտարերկրյա դիվանագիտների ուշադրության կենտրոնում է։ Իրանի իսլամական հանրապետության դեսպանի այցից հետո Սյունիք եկան ԱՄՆ ու Ռուսաստանի դեսպանները։ Մի քանի օր է՝ Սյունիքում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար,ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։ Բացի մարզում ԵՄ ընթացիկ ծրագերից խոսելուց ու նոր ծրագրի մեկնարկ տալուց՝ Անդրեա Վիկտորինը Գորիսում նաեւ քաղաքական ու սահմանային անվտանգության հարցերից է խոսել՝ նախ շեշտելով՝ ադրբեջանական ուժերը ներխուժել են ՀՀ տարածք, ու իրենք իրենց ներկայությամբ էլ ցույց են տալիս, որ արձանագրում են այս փաստը եւ  փորձում աջակցել անվտանգության հարցերի լուծմանը։  

Հանուն Եվրոպական Միության եւ Սյունիքի՝ գինով կենացը բարձրացնում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար,ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։ Առիթը ԵՄ-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակն է, ընդունելությունը՝ Գորիսում։ Օրվա առիթով Գորիս այցելած հյուրերը՝  դիվանագետներ, միջազգային ու տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ծանոթանում են Գորիսում Եվրոպական միության ծրագրերին, որոնք կարեւորում է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը․

«Երեսուն տարվա  գործակցության հիմնական արժեքներից են եղել մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների պաշտպանումը, իսկ Սյունիքը Հայաստանի այն անկյունն է, որտեղ այդ իրավունքներն ամենաշատն են կարեւորվում այս օրերին։  Եվրամիության կողմից ու աջակցությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացվել Սյունիքում, ու վստահ եմ՝ կլինեն շարունակական, քանի որ մարզն այսօր առավել շատ ունի դրանց կարիքը»։

Ընթացիկի կողքին նոր ծրագրի մեկնարկն էլ է ազդարարվում, եվրոպական միության ամենամեծ ծրագրերից մեկը՝ նկատում է Անդրեա Վիկտորինը։ «Ձգտում» կոչվող ծրագիրը հասարակական ու քաղաքացիական կազմակերպությունների  դիմակայունության բարձրացման ու ավելի նորարար դարձնելու նպատակ ունի։ Դրանք ԵՄ-ից կֆինանսավորվեն՝ աշխատելու տարբեր խնդիրների՝ մարդու իրավունքների, սոցիալական ներառման, «կանաչ» անցման,  համայնքային զարգացմանը խոչընդոտող այլ մարտահրավերների ուղղությամբ՝ ասում է դեսպանը՝ նկատելով՝ Երեւանից դուրս՝ մարզերում, լրիվ այլ իրականություն է։
Վիկտորինը  մեկ այլ հարցի շուրջ էլ է իր դիտարկումը հայտնում՝ Երեւանում «Դիմադրություն» շարժման հավաքների, ու զարմանում՝ ինչպես կարելի է առանց գործողությունների ծրագիր ունենալու պայքարել փոփոխությունների համար․

«Ես տեսնում եմ, որ բավականին մեծ ճեղքվածք կա հայ հասարակության մեջ։ Նկատում եմ ատելության խոսք, ինչը վտանգավոր է մարդկանց համար այս երկրում։ Տեսնում եմ՝ մարդիկ կարգախոսներ են ներկայացնում առանց լուծումներ ունենալու։ Երբեմն այնպիսի տպավորություն է, որ Երեւանում ապրողներն ամեն ինչ գիտեն»։  

Գորիսի կանանց ռեսուրս կենտրոնի ղեկավար Ռուզաննա Տոռոզյանը նկատում է՝ անվտանգային հարցերն ազդել են համայնքի վրա․

 «Վերջին իրադարձությունների հետ կապված Սյունիք այցելողների թիվը պակասել է, ինչն էականորեն ազդում է կազմակերպությունների աշխատանքների վրա, մասնավորապես, զբոսաշրջության ոլորտում։ Հիմա մենք սկսում ենք միջոցառումների շարք, որպեսզի մարդկանց ուշադրությունը հրավիրենք Սյունիքի վրա։ Եւ, իհարկե, ձեր ամեն մի այցը ուղղակի ասում է՝ որ Սյունիքը անվտանգ է եւ դա շատ-շատ կարևոր է մեզ համար»։

Եվրոպական միության դեսպանը վստահ է, որ ոչ միայն իր, այլեւ տարբեր դեսպանների այցը Սյունիքը կնպաստի ապատեղեկատվության դեմ պայքարին ու անվտանգության խնդիրների լուծմանը։ Անդրեա Վիկտորին․

«Բոլորս էլ լավ գիտենք, որ Սյունիքում անվտանգության խնդիր կա, հետեւաբար, ինչքան ակտիվ ցուցաբերենք մեր շահագրգռվածությունը այստեղ գալու, այդքան կնպաստենք անվտանգության խնդիրների լուծմանը։ Շատ լավ գիտեք՝ 2021թվականի մայիսին, երբ ներխուժում տեղի ունեցավ Սեւ լճի տարածքում, մենք բոլորս այցելեցինք՝ եւս մեկ անգամ ցույց տալու, որ մենք այստեղ ենք՝ տեղում ծանոթանալու իրավիճակին։ Կարծում եմ՝ ապատեղեկատվության դեմ պայքարելու լավագույն ձևը՝ փաստերը ցուցադրելն է։ Պարզապես բողոքելը բավարար չէ, անհրաժեշտ է համատեղ մշակել գործողությունների օրակարգ»։

Գորիս համայնքի ավագանու անդամ, Գորիսի նախկին փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը հիշեցրեց դեսպանին, որը հակառակորդը դեռ Հայաստանի տարածքում է։

«Խոսեցիք նաեւ անվտանգության մասին, ցավոք սրտի պիտի ասեմ, որ թշնամին դեռ մեր սուվերեն տարածքում է։ Մենք այս համատեքստում կարևորում ենք միջազգային հանրության օբյեկտիվ արձագանքը, որովհետեւ ինչքան էլ մենք խոսենք անվտանգությունից, եթե մեր սուվերեն տարածքում մենք թշնամի ունենք, չենք կարող այսօր լիակատար անվտանգության մասին խոսել։ Նորից եմ կրկնում՝ այս մասով պետք է լինի միջազգային հանրության օբյեկտիվ գնահատականը»։

Եվրոպայի օրվա շրջանակում ԵՄ դեսպանն այցելեց Գորիսի բժշկական կենտրոն, Գորիսի մամուլի ակումբ, մասնակցեց խոհարարական վարպետության դասի ՝ հակամարտությունից տուժած անձանց հումանիտար աջակցության և ինտեգրման ծրագրի կին շահառուների հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button