Երաժշտական եռանկյունի

«Կամերային երաժշտության կենտրոն»՝ Հայաստանի ազգային կամերային նվագախումբ․ «Երաժշտական եռանկյունի»

Հայաստանի ազգային կամերային նվագախումբը միակն է Հայաստանում, ունի հարուստ պատմություն, հսկայական նվագացանկ և այսօր էլ շարունակում է այն ավանդույթները, որոնք հաստատվել են կոլեկտիվի ստեղծման օրվանից, տասնամյակներ առաջ:

Ֆելիքս Բաբուրյանը «Կամերային երաժշտության կենտրոն» մասնաճյուղի ղեկավարն է և կատարում է նվագախմբի տնօրենի գործառույթները:

«Նվագախումբը հիմնադրվել է 1962 թ.-ին ջութակահար Զարեհ Սահակյանցի կողմից: 1997 թ.-ին այն Երևանի կամերային նվագախմբից վերանվանվել է Հայաստանի ազգային կամերային նվագախմբի: Տարբեր տարիների այն ղեկավարել են անվանի դիրիժորներ Կոստանտին Բաղդասարյանը, Ռուբեն Ահարոնյանը և Զավեն Վարդանյանը: 1997-ին միավորվել է այն շրջանում գործող մի այլ՝ Երևանի կամերային նվագախմբի հետ, և նախարարության հրավերով Արամ Ղարաբեկյանը ստանձնել է գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնները:

Այդ տարիներին նվագախումբը շքեղ հյուրախաղեր է ունեցել Միացյալ Նահանգներում, Կանադայում, Բրիտանիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Հունաստանում, Ռուսաստանում, Լիբանանում և Արաբական Էմիրություններում, կատարել բազմաթիվ տեսա և աուդիո ձայնագրություններ:

2011 թվականից նվագախմբի ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնը ստանձնել է դաշնակահար և դիրիժոր Վահան Մարտիրոսյանը, որն էլ մինչև օրս ղեկավարում է նվագախումբը»,- ասում է Ֆելիքս Բաբուրյանը:

«Նվագախումբը սիրված է հայ հանդիսատեսի կողմից և ներկայացնում է ոչ միայն հայկական, այլև համաշխարհային երաժշտության գոհարներ: Հայտնի է իր համագործակցությամբ ժամանակակից և՛ հայ, և՛ օտարազգի կատարողների հետ, որոնց թվում են Ռիշար Գալիանոն, Մոնդելչին, Կամպաները, Պֆաֆը, Նիկոլայ Մադոյանը, Լևոն Չիլինգիրյանը, Բորտալոն, Ռուդինը և այլք»:

«Նվագախմբի մեծ երկացանկը և գեղարվեստական ղեկավարի հատուկ մշակութային քաղաքականությունը թույլ են տալիս համազոր կերպով ներկայացնել և՛ անցած դարաշրջանների երաժշտությունը, և՛ ժամանակակիցը, ստեղծել ուրույն համերգային ծրագրեր, որոնք իսկապես սիրված են մեր հանդիսատեսի կողմից. և որոնք իսկապես մեծ համաշխարհային ճանաչում են բերում նվագախմբին հյուրախաղերի ժամանակ: Մենք հանդես ենք գալիս և՛ պետական միջոցառումների, և՛ հայկական ռադիոյի և հեռուստատեսութան հարթակներում, մեր մասնակցությունն ենք բերում Յունեսկոյի կազմակերպած միջոցառումներին, և այսօր նվագախումբը լուրջ առաքելություն ունի՝ ներկայացնելու հայկական երաժշտությունը և հանրահռչակելու այն որպես գեղարվեստական արժեք»,- հավելում է Ֆելիքս Բաբուրյանը:

Հաղորդման ընթացքում հնչում են նվագախմբի բազմաթիվ կատարումներ:

Ցուցադրել ավելի
Back to top button