ԿարևորՀասարակություն

60 հեկտար «թոքեր» ու էկոզբոսաշրջության հեռանկարներ՝ Շիրակի մարզում

Շիրակի մարզի Մեծ Սարիարի գյուղական համայնքի հիմնական լեռնային գոտիներում մոտ 60 հա ոչ ծառածածկ տարածք կվերածվի անտառների՝ վայրի և մրգատու ծառերով։ Եվրամիության աջակցությամբ իրականացվող ծրագիրն այս սեզոնին նաև աշխատատեղեր է ստեղծել գյուղացիների համար՝ 15-20 հազար դրամ օրավարձով։ Անտառի հիմնումով շիրակցի պաշոնյաները նաև տարածաշրջանին բնորոշ կենդանիների բնակեցման ու էկոզբոսաշրջության զարգացման նոր հնարավորություններ են տեսնում։

Մեծ Սարիարի բնակիչ Խաչատուր Մաթոսյանը մայիսի առաջին օրերից սարերում է, ասում է՝ մեծ գործ ենք անում․ գյուղի լեռնային տարածքներն արոտավայրերից անտառի են վերածում։ Լեռնային այս տարածքները հարմար չէին ցանքերի համար․ անջրդի էր ու ոչ բերրի։ Այժմ այս տարածքի հետ կապված բնապահպանական նոր ծրագրեր կան։

«Սարիարը չէր օգտագործվում գյուղատնտեսական նպատակով, հիմա մեզ համար շատ լավ է, ծառեր ենք տնկում»։

Խաչատուրը 1 օրում շուրջ 300 ծառ է տնկում՝ վստահությամբ՝ գյուղի տարածքը կանաչ գոտու կվերածվի, բացի այդ՝ սա նաեւ վճարվող աշխատանք է իր համար։ Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղի սարերը՝ մոտ 60 հեկտար, անտառ պետք է դառնան։  

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի անտառվերականգնման ծրագրի ղեկավար Վահե Մացակյանն կարեւորում է այս ծրագրով գյուղական համայնքում նաև նոր աշխատատեղերի ստեղծումը, թեկուզեւ ժամանակավոր․ ծառատունկն այս գարնանից բացի նաեւ աշնանը կշարունակվի։

«1 ծառի արժեքը՝ փոս փորելով և տնկելով, 65 դրամ է՝ առանց հարկերի ու տուրքերի։ Աշխատող մարդն օրական միջինում 250-300 ծառ է տնկում»։

Շիրակի մարզի անտառազուրկ տարածքներից մեկն անտառի վերածելուն աջակցում է «ԵՄ-ն շրջակա միջավայրի համար. կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» ծրագիրը, «Էյ Թի Փի» բարեգործական, «Ջինիշյան» եւ «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամների հետ համատեղ: «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի անտառագետ Մկրտիչ Գեւորգյանի հաշվարկով՝ տարածքում տարբեր տեսակի մոտ 180 հազար ծառ կլինի։ 

«Մեր հիմնական ծառատեսակները սոչին ու կաղնին են, ուղեկցող ծառատեսակները լինելու են վայրի խնձորենի, տանձենի, հացենի, թխկի և կեչի»։

Չոր տարածքից անտառի վերածվող գոտին խստորեն հսկվելու է «Էյ-Թի-Փի» հիմնադրամի աշխատակիցների կողմից։ Որպես բնական պարիսպ՝ անտառի երկայնքով փշատերեւ թփեր՝ վայրի մոշ և ազնվամորի կամրացվեն, այնուհետև նորատունկ անտառը կսահմանազատվի բետոնե սյուներով և փշալարերով։

«Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի անտառագետ Մկրտիչ Գեւորգյան․

«Քանի որ մեզ մոտ անասնապահությունը խիստ չի վերահսկվում սարերում, և հետո էլ՝ մարդիկ պետք է իմանան, որ այս տարածքը ինչ-որ մեկի կողմից խիստ վերահսկվում է»։

Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Արշակյանն անտառի հիմնումով նաև տարածաշրջանին բնորոշ կենդանիների բնակեցման ու էկոզբոսաշրջության զարգացման նոր հնարավորություններ է տեսնում։

«Օրինակ՝ Խոսրովի անտառը հիմնվել է դարեր առաջ և մինչ օրս պահպանում է իր բուսական առանձնահատկությունն ու բնակատեղի է տարածաշրջանին բնորոշ կենդանիների, հովազի ու մյուսների»։

Աշխատանքները միայն այս տարվա ծառատունկով չեն սահմանափակվի։ Մի քանի տարի հիմնադրամը կհոգա, որ չորացած ծառերը փոխարինվեն նորերով։ Բացի այդ՝ ամեն տարի հողի փխրեցման, ծառերի խնամքի, հատումների եւ այլ անհրաժեշտ աշխատանքներ կկատարվեն։ Տարածքի լանդշաֆտն ու ընտրված ծառատեսակներն առանձնապես որոգում չեն պահանջում։

Մոտ քսան տարուց «կայացած» անտառն ամբողջությամբ կտրամադրվի համայնքի խնամքին ու պահպանմանը։

Back to top button