ԿարևորՀասարակություն

135 000 դոլար՝ 27 գիտական միտք արդյունք դարձնելու համար

2000 թվականից հայ գիտնականներին դրամաշնորհ տրամադրող Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամը 22-րդ անգամ է 5000-ական դոլար դրամաշնորհ տրամադրել 27 գիտական խմբերի։ Հաղթող խմբերի ղեկավարներից 12-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են, 19-ի ղեկավարները կանայք են։ 1 տարվա ընթացում իրենց գիտական նորույթը կներկայացնեն կենսաբանությանն, քիմիայի, ֆիզիկայի, աստղագիտության, գյուղատնտեսության, բժշկության և այլ ոլորտներում։

Նարինե Ղազարյանը 5-րդ անգամ Հայ օգնության ֆոնդի Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամից դրամաշնորհ է ստանում։ Առաջին անգամ ուսանողական տարիներին էր, երբ զբաղվում էր օձերի թույնի ուսումնասիրությամբ ու գտել էր հակաուռուցքային ակտիվություն ունեցող պրոտեին։ Հիմա արդեն գիտական հետաքրքրությունը փոքր–ինչ փոխվել է, գաղափարների գիտական արժեքը՝ ոչ։

«Վերջին դրամաշնորհ ստացած գաղափարի  նպատակը սա էխրոնիկ լինֆոլեյկոզ հիվանդություն կա, նպատակն է պարզել շրջակա միջավայրի և գենետիկ գործոնների դերը տվյալ հիվանդությունների պաթոգենեզում»։

Նարինեն մասնագիտությամբ կենսաֆիզիկ է, սովորել է ԵՊՀ-ում, Հարվարդի բժշկական դպրոցում, վերապատրաստվել Գերմանիայում, Պորտուգալիայում, Ճապոնիայում։ ՀՕՖ-ի դրամաշնորհային մրցույթին դիմած 139, շահած՝ 27 գիտական խմբերից մեկի ղեկավարն է։

«Աշխատանքը, իհարկե, թիմային է լինելու․ գիտությունը չի սիրում միայնակ աշխատանք, թիմային աշխատանք է, պետք է համագործակցել դրսի կոլեգաների, տարբեր առաջատար մասնագետների հետ։ Այս աշխատանքն էլ բացառություն չի լինի, մենք աշխատելու ենք պրոֆեսոր Սուդարիկովի հետ, որը Մոսկվայի համալսարանի պրոֆեսորներից է»։

Դրամաշնորհային ծրագիրը 12-ամսյա է, ֆինանսավորումը՝ 5000 դոլար։ Շահած 27 գիտական խմբերի ընտրությունը կատարել են անկախ գիտաշխատողները։ 3 չբացահայտված, իրար և թիմերի մասնակիցներին չճանաչող գիտաշխատողներ քննել են 139 դիմումները, գնահատել դրանք 6 չափորոշիչներով։ ՀՕՖ փոխտնօրեն, կրթական և գիտական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը նշում է՝ հայտերը շատ մրցակցային են եղել։ Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամը՝ Անսեթը, հայ գիտնականներին դրամաշնորհներ տալիս է արդեն 22 տարի։

«Հիմնադրամը հիմնել են Սփյուռքում գործող մեր անվանի գիտնականները և հասարակական գործչները, որոնց նպատակը գիտական մտքի, գիտնականների արտագաղթը կասեցնելն է, ինչպես նաև երիտասարդներին լավ հնարավորություն տալը գիտական աշխատանքները ներկայացնելու, զարգացնելու, ունեցած հնարավորությունները գիտական աշխարհում ընդլայնելու հարցում։ Անսեթի առանձնահատկությունն այն է, որ սա Սփյուռքի եզակի կառույց է, որը հովանավորում է գիտությունը 22 տարի շարունակ, նման այլ կառույց դուք չեք գտնի։ Մյուս առանձնահատկությունն էլ այն է, որ գիտական ոլորտների սահմանափակում չունի և խրախուսում է նաև հայագիտական ծրագրերը»։

ՀՕՖ Հայաստանի մասնաճյուղի փոխտնօրեն Մարգարիտ Փիլիպոսյանի խոսքով, սակայն, հայագիտական ոլորտում գիտական հետաքրքրությունը խիստ զիջում է։ Կարծում է՝ փոփոխություն կլինի ճիշտ այնպես, ինչպես 22 տարում փոխվել է դրամաշնորհ կազմող գիտնականների սեռատարիքային կազմը։

«13 դրամաշնորհ գնում է կենսաբանության ոլորտ, 7 դրամաշնորհ գնում է քիմիայի ոլորտ, 2-ական՝ ֆիզիկա և աստղաֆիզիկա, 1-ական կենսատեխնոլոգիա, կենսաինֆորմատիկա և կենդանաբանություն։ Երբ  նոր էի եկել, կանանց կողմից ղեկավարվող խմբերը շատ քիչ էին՝ 2-3, այսօր 27 խմբերից  19–ը կանայք են ղեկավարում։ Այն ժամանակ, երբ ծրագիրը սկսում էինք, դժվարությամբ էին վստահում երիտասարդ հետազոտողներին, բայց խրախուսում էինք նրանց ներգրավվածությունը հետազոտական խմբերում։ Այսօր հիմնականում երիտասարդներով ղեկավարվող խմբերն են, որոնք արժանացել են դրամաշնորհի։ 12 խմբի ղեկավար մինչև 35 տարեկան են»։

Նրանցից մեկը Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ-ի Մոլեկուլային մակաբուսականության լաբորատորիայի ղեկավար Սարգիս Աղայանն է։ Իր խմբի հետ ուսումնասիրելու է մարդու օրգաններ ախտահարող, առողջապահական և գյուղատնտեսական մեծ վնաս հասցնող  էխինակոկոզ հիվանդության առավել վտանգավոր մանրէները։

«Կատարվելու է նրանց հայտնաբերումը և ուսումնասիրումը ինչպես վայրի բնության մեջ, այնպես էլ տնային կենդանիների շրջանում։ Կատարվելու է նմուշների հավաք, հետո արդեն լաբորատոր հետազոտություն, որտեղ հավաքած նմուշներից անջատվելու են մակաբույծների ձվերը։ Երրորդ փուլը մոլեկուլային լաբորատոր հետազոտությունն է, որտեղ այդ ձվերի՝ արդեն մոլեկուլային գենետիկական հետազոտությունների ընթացքում պարզելու ենք՝ ինչ տեսակ են, ոնց են եկել Հայաստան, մոլեկուլային մակարդակով տարածվածությունը, ինչ տեսակներ են, ինչ վնասներ կարող են հասցնել մարդուն, այսինքն՝ բոլոր տիպի վտանգներն ու ռիսկերը»։

Ասում է՝ աշխատանքի ավարտին կունենան վայրի բնությունում էխինակոկոզ հիվանդության տարածվածության պատկերը և առողջապահության նախարարությանը կտան ամփոփված տեղեկություններ, թե այս առումով որ համայնքում ինչ վտանգ կա, ինչից է պետք զգուշանալ։

Նախորդ տարի հաղթած մասնագետների հոդվածները տպագրվել են 31 միջազգային, 6 հայաստանյան ամսագրերում, 5-ն էլ պատրաստվում են տպագրության։ Ծրագրի կազմակերպիչները վստահ են, որ այս տարի ևս դրամաշնորհ ստացած գիտնականներն արժեքավոր արդյունք կունենան։

22 տարիների ընթացքում ծրագրին ներկայացվել է 3167 դիմում, դրանցից 567-ը ստացել են դրամաշնորհներ։ Ընդհանուր առմամբ՝ գիտության զարգացման այս ճանապարհին տրամադրվել է 2 միլիոն 835 հազար դոլար։ Գիտնականները նշում են՝ գիտական լուրջ նվաճումների համար սա մեծ գումար չէ, բայց, նրանց խոսքով, այն սերմն է, որը բողբոջելու ու աճելու մեծ պոտենցիալ ունի։

Back to top button