ԿարևորՄշակույթ

Համերգ՝ նվիրված Վահագն Պապյանի 65-ամյակին

Մայիսի 27-ին, ժամը՝ 19:00-ին, ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում տեղի կունենա համերգ՝ նվիրված անվանի դաշնակահար և դիրիժոր Վահագն Պապյանի 65-ամյակին: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչի Շոպենի թիվ 1 դաշնամուրի կոնցերտը և Մենդելսոնի թիվ 3 «Շոտլանդական» սիմֆոնիան: Հոբելյարը համերգին հանդես կգա, թե´ որպես դաշնակահար, թե´որպես դիրիժոր, իսկ դաշնամուրի կոնցերտը կղեկավարի Ազգային ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

1990թ.-ից Պապյանն ապրում և ստեղծագործում է Իսրայելում: 2006թ.-ից մինչև այսօր Վահագն Պապյանը Աշդոդի սիմֆոնիկ նվագախմբի (Իսրայել) գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է: Այդ պաշտոնում նա գործունեություն է ծավալել նաև Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբում (1987-1989) և Ղազախստանի ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբում (2008-2013):

Որպես դաշ­նա­կահար Պապյանն ավարտել է Երևանի Չայկովսկու անվ. մասնագիտական երաժշտական դպրոցը (պրոֆ. Վիլլի Սարգսյանի դասարան) և Մոս­կվա­յի կոնսեր­վա­տո­րիան (պրոֆ. Մի­խա­յիլ Վոսկրեսենսկու դասարան):  Նա Վիա­նա դա Մոտայի անվ. դաշ­նակահարների միջազգային մր­ցույ­թի դափնեկիր է (Լիսաբոն, 1979, 2-րդ մրցանակ): Որպես դիրիժոր ավարտել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան (պրոֆ. Իլյա Մուսինի դասարան): Այդ ժամանակից սկսվել են Պապյանի ընդգրկուն ծրագրերով ելույթները միջազգային հայտնի բեմահարթակներում (որպես դիրիժոր, մենակատար դաշնակահար և ան­սամբլիստ 50-ից ավելի հյուրախաղային այցեր Եվրոպա, Անգլիա, ԱՄՆ, Ռուսաստան, Սլովակիա, Ճապոնիա, Կորեա, Չինաստան, Հնդկաստան և այլուր):

Աշխատակցել է հայտնի դիրիժորների (Վալերի Գերգիև, Միխայիլ Պլետնյով և ուրիշներ), երգիչների (Դմիտրի Խվորոստովսկի, Սումի Ջո և այլք), ջութակահարների (Գայ Բրաունշտեյն, Մաքսիմ Վենգերով և ուրիշներ) հետ: Վենգերովի հետ ելույթներ է ունեցել Եվրոպայում, ԱՄՆ-ում, Հեռավոր Արևելքում, ձայնագրություն կատարել EMI Classics ֆիրմայում:

Պապյանը դիրիժորություն և դաշնամուր է դասավանդում Թել Ավիվի Բուշման-Մեհտա երաժշտական դպրոցում և վարպետության դասընթացներ վարում Իտալիայում, Իսպանիայում և ԱՄՆ-ում: Թել Ավիվի Սամուիլ Ռուբինի անվ. երաժշտա­կան ակադեմիայում իրագործել է «Դոն Ժուան», «Կարմեն» և Նիլսենի «Սավուղը և Դավիդը» օպերաների բեմադրությունները:

Back to top button