ԿարևորՔաղաքական

Երկու հայտարարություն. մեկ տեսակետ

Ասպրամ Ավանեսյան
Արցախի հանրային ռադիո

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ապրիլի 14-ի որոշումը արտացոլում է Արցախի բոլոր քաղաքական ուժերի դիրքորոշումը մեր հայրենիքի այս փոքրիկ հատվածի ապագայի մասին: Այս հարցում ոչինչ չի փոխվել: ԱՀ ԱԺ խմբակցությունների վերջին հայտարարությունները բխում են նույն այս հայտարարությունից՝ ի պատասխան բրյուսելյան հանդիպումից հետո ԵԽ ղեկավարի հայտարարության։ «ՀՀ իշխանությունները, Արցախի քաղաքական ուժերի համոզմամբ, պարտավոր են առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ՝ հիմք ընդունելով 1992թ. հուլիսի 8-ի ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը»- նշել են ԱԺ 4 խմբակցությունները համատեղ հայտարարությունում: «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի խոսքով՝ այս հայտարարությունը հստակ հասցեատեր ունի։ 

«Բրյուսելյան հանդիպումից հետո Շառլ Միշելի տարածած հայտարարությունը մտավախության ու մտահոգության տեղիք է տվել։ Այս մտահոգությունը պետք է հասնի իր հասցեատիրոջը և հասցեատերը հրապարակայնորեն պետք է հետ կանգնի այդ դիրքորոշումից»։

Հայաստանի իշխանությունների նման դիրքորոշումը, նշաձողերի իջեցումը անընդունելի է Արցախի իշխանությունների և ժողովրդի համար։ Արցախի բոլոր խորհրդարանականների տեսակետը Արցախի կարգավիճակի հարցում նույնն է. Արցախը որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում լինել չի կարող՝ ասում է «Միասնական Հայրենիք» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցը։ «Միասնական Հայրենիքը» չի միացել ԱԺ մյուս խմբակցությունների հայտարարությանը: Համատեղ հայտարարության շեշտադրումները չեն համապատասխանում հարցի հետ կապված իրենց տեսլականի հետ՝ ասում է Գագիկ Բաղունցն ու ավելացնում. տարբերությունն ավելի շատ հստակության, հասցեականության հարց է։ 

«Ես ոչ մի դեպքում չեմ հավակնում ճշմարտության վերջին աստիճանին։ Այս հայտարարությունները մեր մոտեցումներն են։ Այս պահի դրությամբ մեր դիրքորոշումը մի քիչ այլ էր։ Մենք դեմ ենք քննարկումները տեղափոխել այլ հարթակ, դրանով մենք կհրաժարվենք Ռուսաստանի միջնորդությունից։ Բայց բոլորի կողմից էլ ընդունվում է, որ այս հարցում վճռական դերը Ռուսաստանինն է։ Այս առումով մենք մեր դիրքորոշումը պետք է հստակեցնենք, հատկապես Ռուսաստան-Արևմուտք վերջին զարգացումների ֆոնին»։Արցախում կան հարցեր, որոնց շուրջ երկրորդ կարծիք չկա: Հիմնախնդիրը այդ եզակիներից է՝ թե ԱԺ-ում, թե նրանից դուրս: Խնդիրը պետք է լուծվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Արցախի հարցով միակ միջազգայնորեն ճանաչված մանդատ ունեցող ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է՝ ասում է Դավիթ Գալստյանը։ «Արցախահայությունը Նիկոլ Փաշինյանին Արցախի ճակատագիրը որոշելու մանդատ չի տվել, դա անընդունելի է մեզ համար և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի թույլ չտանք որ բանակցությունները դուրս գան ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից»։Ի՞նչ կարող են անել Արցախի իշխանությունները՝ Արցախի շուրջ տեղի ունեցող քաղաքական գործընթացներին ազդելու, Արցախի սուբյեկտայնությունը վերականգնելու համար: Քաղաքագետ Նելլի Բաղդասարյանը կարծում է, որ իշխանությունները պետք է օգտագործեն բոլոր հնարավոր ռեսուրսները Հայաստանի իշխանություններին կոչ անելու վերադառնալ արցախահայության շահերից բխող ճանապարհին։ Այս բոլոր հայտարարությունները ամբողջացնում են Արցախի քաղաքական օրակարգը՝ կարծում է քաղաքագետը։ 

«Արցախի իշխանությունները որևէ հետքայլ չեն անելու նախընտրած ուղուց։ Դա՝ միջազգային իրավունքի, ազգերի ինքնորոշման իրավունքի իրացմանն ուղղված պայքարն է, որը մենք չենք պատրաստվում թողնել կես ճանապարհին»։ 

Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները որդեգրել են հարաբերությունների կարգավորման ճանապարհը: Սա ենթադրում է նաև փոխզիջումներ: Բայց Արցախն ունի կարմիր գծեր, որոնցից առաջնայինը ազգերի ինքորոշման իրավունքի իրացումն է՝ ասում է Նելլի Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ Արցախի իշխանությունները կարգավիճակի հետ կապված որևէ վատթարագույն սցենար չեն քննարկում։

Back to top button