ԿարևորՀասարակություն

Տուգանք+պատիժ․ չնախատեսված վայրում աղբ թափելուց բարկացած՝ առաջարկում են տասնապատկել հարվածը գրպանին  

Վարչական իրավախախտումների օրենքը փոփոխելու նախագիծն օրերս կներկայացվի կառավարություն։ Երևանի քաղաքապետարանն առաջարկում է չնախատեսված վայրում աղբ թափելու տուգանքը 5-ից դարձնել 50․000 դրամ։ Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչության պատասխանատուն վտահ է՝ տուգանքների մեծացմամբ մեր քաղաքացիները ավելի կարգապահ կդառնան։ Բայց նաեւ առաջարկում են տուգանք+պատիժ մեխանիզմը՝ տուգանելուց բացի   լուսանկարել կարգազանց քաղաքացիներին ու հրապարակել։

Չնախատեսված վայրում աղբ թափելու տուգանքն ավելացնել տասն անգամ՝ Երեւանի քաղաքային իշխանության առաջարկն է։ Եթե կառավարությունը   հավանություն տա, աղբ թափողի գրպանը ներկայիս 5 հազարի փոխարեն կթեթեւանա 50 հազարով։  Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը խնդրի մյուս կողմն էլ է դիտարկում՝ քաղաքում աղբի տեսակավորման կետերը քիչ են,  եղածներն էլ միշտ չէ, որ ըստ նշանակության կիրառվում են։ Պետգնումների մրցույթով նոր աղբամաններ ձեռք կբերեն, պիլոտային նախագծով  ողջ Դավիթաշեն վարչական շրջանում աղբը կտեսակավորվի՝ հայտնում է քաղաքապետը, բայց նաեւ շեշտում՝ մաքրելու իրենց քայլերին զուգահռ պետք է հսկեն, որ մաքուր էլ պահեն։

Պետք է հսկեն նաև քաղաքացիներին, որպեսզի քաղաքը չաղտոտեն։ Քաղաքապետարանը, որքան էլ ցանկանա, իր ողջ ռեսուրսով էլ չի կարողանա բոլոր աղտոտողներին պատասխանատվության ենթարկել։ Այո, մեր քաղաքը միայն մեր շեմի մոտի կաֆելով չի սահմանափոկվում, պետք է պատասխանատվություն վերցնել, որպեսզի կարողանանք համատեղ լուծենք խնդիրները՝ չստեղծելով նոր խնդիրներ մեր սերունդների համար։

Չնախատեսված վայրում աղբ թափելու խնդրից բարկացած՝ ավագանու բհկ-ական անդամ Արմեն Ներսիսյանը հորդորում է անտարբեր չմնալ և նման դեպքում բացի տուգանելուց նաև պատժել՝ այդ պահը լուսանկարել և հրապարակել։

Ինչքան կարելի է ասել՝ աղբ մի թափեք փողոցներ, գետեր։  Սիրելի հայրենակիցներ, տեսնո՞ւմ եք նման մարդկանց, նկարեք, ամոթանք տվեք, խայտառակեք։ Ես չգիտեմ ՝ էլ ինչ կարելի է կիրառել, որ այս մարդիկ հասկանան, որ պետք է սիրել հայրենիքը։

2019-ի օգոստոսից Երեւանում աղբահանության եւ սանիտարական մաքրման պատասխանատվությունը «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի վրա է: Եթե համայնքը տեխնիկապես փոքրիշատե լուծել է աղբահանության հարցը, ապա սանիտարական մաքրման մասով վիճակը գոհացուցիչ չէ: Խնդիրները խոստովանում են նաեւ Երեւանի քաղաքապետարանում։ Կոմունալ տնտեսության վարչության պետ  Արսեն Կարոյան.

Բազում օրինակներ ունենք շինարարական աղբ, կենցաղային աղբի թափելու։ Դեպքեր ունենք, որ մարդիկ իրենց տնից էլ ինչ ասես թափում են։ Վարորդներից էլ կան, որ մեքենայի պատուհանից տարբեր իրեր են նետում դուրս՝ առանց հետևանքների մասին մտածելու։

Տուգանքնների ավելացումը կարգապահությունն էլ կավելացնի՝ վստահ է Երևանի կոմունալ վարչության պատասխանատուն։ Բայց նա էլ է տուգանք+պատիժ ձեւաչափին համաձայն․ կարգազանց քաղաքացուն լուսանկարելն ու հրապարակելը տուգանքի հետ մեկտեղ ավելի գործուն կլինեն՝ ասում է Կարոյանը։  

Պետք է լուսաբանվեն այն մարդիկ, որոնք աղբը թափում են, լրատվության միջոցով խայտառակվեն, որ նոր ազդի։

Իսկ պատժելու նախադեպեր արդեն կան։ Օրերս համացանցում տարածված տեսանյութի «հերոս» ավտոբուսի վարորդը, որը պատուհանից արևածաղիկ է թափում, խիստ նկատողություն է ստացել։ Եւս մեկ դեպք, ու աշխատանքից կազատվի։

Ի դեպ՝  Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքում փոփոխություն, ըստ այդմ նաև մեծ տուգանքներ է առաջարկում նաև ոստիկանությունը։ Խոշոր տուգանքներ են առաջարկվում մարտկոցներ, էլեկտրոնային սարքեր, անվադող թափելու դեպքում։ Մասնավորապես, 5-ից ավելի անվադող թափելու տուգանքը կկազմի 100.000 դրամ:  Մինչև մեկ խորանարդ մետր ծավալով շինարարական աղբ թափելը ֆիզիկական անձի գրպանին կարժենա 20-30 հազար դրամ, իրավաբանական անձին՝ 60-80 հազար: Հաշվի առնելով, որ մայրաքաղաքում շինաղբի  երկու աղբավայր կա, իսկ տարբեր վարչական շրջաններում՝ նաև աղբի տեսակավորման թափոնամաններ, քաղաքապետարանից խորհուրդ են տալիս հետևել աղբից ազատվելու կանոններին՝ խուսափելով ոչ միայն խոշոր տուգանքներից, այլև հանրային պարսավանքից։

Ցուցադրել ավելի
Back to top button