ԿարևորՀասարակություն

Նոր Արտագերսում հողը գյուղացուն չի պահում, փորձում են գյուղացուն հողի վրա պահել

Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղում  գյուղացիների համար սեփական հողը մշակելը եկամտաբեր չէ․ չարչարանքը շատ է, ծախսն՝ ավելի։  Ճանապարհները որոշ հատվածներում անբարեկարգ են, մեքենա են վնասում։ Ջրի մի մասը կորչում է գյուղ չհասած։ Գյուղում կա մի միտում՝ մարդիկ սկսել են վարելահողերը կամ բանջարեղենի մշակությունը փոխարինել պտղատու այգիներով։ Խաղողի այգիներում գինու և կոնյակի  սորտեր են աճեցնում, բայց անցած տարվանից իրացման դժվարություններ ունեն: Շատ ընտանիքներ էլ այլ ելք չունեն, քան մեկնել արտագնա աշխատանքի․ նրանց թիվը փոքր չէ։ Գյուղի խնդիրներով Սաթիկ Իսահակյանն է հետաքրքրվել։

Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղում 450 հա սեփականաշնորհված հողերի մոտ 10 տոկոսն անմշակ է։ Տեղացիները սեփական հողը մշակելու փոխարեն հաճախ գերադասում են մեկնել արտագնա աշխատանքի: 83-ամյա Ռաֆիկ Գրիգորյանի երկու որդիները մեկ ամիս առաջ են մեկնել Ռուսաստան: Երկուսի ընտանիքն էլ ապրում են նույն հարկի տակ.

«Տղաներս այստեղ չեն, Մոսկվայում են, շինարարությունում են աշխատում: Խոպան գնացողներ շատ կան: Եթե իրենք չգնան՝ չենք կարող ապրել, դժվար է,10 հոգի ենք,  քիչ չենք»:

Նորարտագերսցիներին սեփական հողը մշակելը չի ապահովում անհրաժեշտ եկամտով, ասում են՝ չարչարանքը շատ է, եկամուտը՝ քիչ.

«Ես 10 տարի այստեղ չեմ եղել, դրսում ավտոմեքենաներ էի վերանորոգում: Տարվա ընթացքում 10 օրով  եմ տուն եկել ու նորից գնացել, որովհետև իմ ընտանեկան վիճակը շատ ծանր էր»:

Զրուցակիցիցներիցս մեկը հաշմանդամություն ունի, արտագնա աշխատանքից 6 տարի առաջ է վերադարձել: Հիմա հողագործությամբ է զբաղվում՝ տնամերձ հողամասում կեռասի ու սալորի տարբեր սորտերի ծառերով։ Մի քանի տարուց բերք կհավաքի,իսկ խաղողի այգուց դժգոհ է՝ անցած տարի բերքի իրացման խնդիրներ ունեին.

« Սեփականաշնորհված հողում  խաղողի կանգուն,  ցրտադիմացկուն մեղրաբույր սորտերն են: Գործարանները չեն ընդունում, անցած տարի գնի անկում կար՝ 150-160 դրամից իջել էր 120-130 դրամ: Բանվորին օրը 8000 դրամ ենք վարձատրում, տրանսպորտի տեղափոխման  ծախսը շատ է: Անցած տարի 20 տ խաղողի փոխարեն քաղել եմ 7տ, խաղողը ցամաքել էր»:

Տարիներ առաջ Ռաֆիկ Գրիգորյանն էլ էր իր 1 հա-ի վրա բանջարեղեն աճեցնում, բայց օգուտը քիչ էր, ոռոգման ջրի կորուստը՝ շատ։ Հիմա միայն տնամերձ այգու պտղատու ծառերից են եկամուտ ստանում.

«Տնամերձ հողամասում կեռասի, սալորի ծառեր են, բանջարեղեն էլ ենք մշակում: Այս տարի պարարտանյութը շատ թանկ էր, և չենք կարողացել գնել, դարձել է 20 000 դրամ: Պարարտանյութի փոխարեն գոմաղբ կտանք, անասուններ չունենք, բայց գյուղում ֆերմա կա, ֆերմայից բերում ենք»:

Նոր Արտագերսում քչերն են կարողացել կրկնակի թանկացած պարարտանյութ ձեռք բերել, կփորձեն գոմաղբով հարց լուծել։ Բույսերի բուժանյութերն ու թունաքիմիկատներն էլ են թանկացել, բայց առանց դրա բերք չեն ստանա՝ որդը կուտի: Նոր Արտագերսի  վարչական ղեկավար Արման Լաչինյանը մի միտում է նկատում՝ հող մշակելու ծախսը շատ է, գյուղացին հողից եկամուտ չի ստանում, ու վերջին շրջանում բանջարաբոստանային բույսերի մշակությունից շատ են անցնում պտղատու այգիների․ այդպես ծախսը պակասում է, ռիսկերը՝ եւս։ Այգիների դեպքում իրացման խնդիրներն էլ են լուծվել. պտուղը նաեւ արտահանվում է կամ վաճառվում չրանոցներին. 

«Հիմնականում խաղողի այգիներ են, ծառեր, բանջար- բոստանայինը շատ քիչ է, պարզապես խաղողի մթերման խնդիր ունենք, պայմանագրեր կնքել են  Պռոշյանի գինու և կոնյակի գործարանն ու Երևանի կոնյակի գործարանը»:

Գյուղը ջրի խնդիր էլ ունի՝ եւ խմելու, եւ ոռոգման։ Ոռոգման ցանցի 2.5 կմ հատվածի հիմնանորոգման հայտ է ներկայացվել, որպեսզի ջրի կորուստը մինչեւ գյուղացուն հասնելն այդքան մեծ չլինի։ Համայնքի վարչական ղեկավար Արման Լաչինյան.

Ձայն6  «Խմելու ջրի խնդիր էլ կա՝ ուզում ենք  հիմովին փոխել ջրագծերը, որովհետև ցանցը շատ հին է, անընդհատ ջրի վթարներ կան: Ծրագիրը ներկայացրել ենք, խոստացել են մյուս տարվա համար»:

Գյուղում նաեւ մինչև Նալբանդյան գյուղ 500մ ճանապարհի հիմնանորոգմանն են սպասում: Վարորդներն այս հատվածով զգույշ են անցնում, խիստ անբարեկարգ ճանապարհահատվածում մեքենաները հաճախ են վնասվում.

«Շտապօգնության մեքենան չի գալիս, կանչում ես, ասում է՝ ձեր գյուղ չենք գա: Կենտրոնական ճանապարհը մի կողմից է ասֆալտապատվել՝ մինչև գյուղի կենտրոն, իսկ մյուս մասը չեն նորոգել»:

Նոր Արտագերսը Մեծամոր խոշորացված համայնքի կազմում է, որտեղ միավորվել է 31 համայնք: Սուբվենցիոն հայտերը դեռ հաստատված չեն, ընթացքի մեջ են: Մինչ հերթը ասֆալտապատմանը կհասցնի, տեղական բյուջեով փոխելու են  խմելու ջրի խողովակները:

Ցուցադրել ավելի
Back to top button