ԿարևորՀասարակություն

Ինչո՞ւ դավաճանել պետությանը, երբ պաշտպանելով հնարավոր է ավելին վաստակել

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո բազմաթիվ դեպքեր բացահայտվեցին, երբ որոշ քաղաքացիներ դեռևս նախապատերազմյան շրջանում  սոցցանցերի միջոցով գումարի դիմաց ադրբեջանական հատուկ ծառայություններին փոխանցել են տվյալներ՝ զորամասերի տեղակայման վայրերի, անձնակազմի, զենք-զինամթերքի, ինժեներական կառույցների, սարքերի վերաբերյալ։ Այսօր ԱԱԾ–ն ևս մեկ նման  բացահայտման մասին է հայտնել, այս անգամ արդեն դավաճանությունը կատարվել է պատերազմից հետո՝ այս տարվա հունվարին։ 200 դոլարի դիմաց անձը WhatsApp և Messenger հավելվածների միջոցով տեղեկատվություն է փոխանցել սահմանագծի երկայնքով տեղակայված մարտական դիրքերի կոորդինատների, կահավորվածության, սպառազինության, հերթափոխում ընդգրկված զինծառայողների քանակի և մարտական հերթապահության իրականացման մասին։ Պատերազմից հետո դավաճանության հիմքով քանի՞ քրեական գործ է հարուցվել, ի՞նչ մեխանիզմով է հնարավոր «որսալ» քաղաքացիներին և արդյո՞ք կանխարգելման որևէ հնարավորություն կա։

Ազգային անվտանգության ծառայությունը փետրվարի 10-ին, այնուհետև մարտի 7-ին հայտարարել էր, որ օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները Հայաստանում և Արցախում գործակալական ցանց են ստեղծել՝ դրա կազմում ներգրավելով զինված ուժերում ծառայող անձանց: Այսօր ԱԱԾ–ն դարձյալ նման մեկ բացահայտման մասին է հայտնել։ Պետական դավաճանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ձերբակալված անձը տվել է խոստովանական ցուցմունք և գործում ներգրավվել որպես մեղադրյալ։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի խոսքով՝  առաջին եռամսյակի տվյալներով՝ 44–օրյա պատերազմից հետո մինչ օրս պատերազմի հանգամանքներով, պատերազմին վերաբերող դրվագներով պայմանավորված  4 քրեական գործ է հարուցվել․

«Պատերազմից հետո պատերազմի հանգամանքներով, պատերազմին վերաբերող դրվագներով պայմանավորված  հարուցվել է 4 քրեական գործ, որոնցից 2-ը մեղադրական եզրակացությամբ 4 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան։ Այս պահին տվյալ երկու գործերով երկուական անձանց վերաբերյալ դատարաններում ընթանում են դատական քննություններ։ Երկու մյուս գործերով, որոնք համեմատաբար վերջերս են հարուցվել, դեռևս նախաքննությունը շարունակվում է, խոսքը գործակալական մեծ ցանցերի բացահայտման մասին է»:

Զինծառայողը 2022 թ հունվարին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչի հետ և հավաքագրվել նրա կողմից, որից հետո հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում, հավաքել և բջջային հեռախոսի «Վոթսափ»  հավելվածի, ինչպես նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Մեսինջեր» հավելվածի միջոցով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին է փոխանցել պետական և ծառայողական գաղտնիք կազմող` իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող մարտական դիրքի տեղակայման վայրի, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի թվաքանակի և մարտական հերթապահություն իրականացնելու հետ կապված այլ տվյալներ։ Դրա դիմաց բանկային փոխանցման միջոցով ստացել է օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից ուղարկված 200 ԱՄՆ դոլար գումար վարձատրություն:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ այս դեպքերը վկայում են, որ փաստաթղթերի և պաշտոնական տեղեկությունների հետ աշխատանքի հարցում լրջագույն  խնդիրներ կան,  նաև փաստում , որ երկրում խնդրահարույց է բարոյահոգեբանական և ֆինանսական վիճակը։ Ինչ վերաբերում է հավելվածների միջոցով գաղտնի տեղեկատվության վերահսկման հնարավորությանը, ապա Մարտիրոսյանը նշում է․

«Այսօր մեսինջերների մեծամասնությունները՝ «Վոթսափ»–ը, «Վայբեր»–ը, «Տելեգրամ»–ի գաղտնի չատերը աշխատում են այսպես կոչված սարքից–սարք գաղտնագրման մեթոդով։ Դա նշանակում է, որ նույնիսկ այդ մեսինջերի ադմինիստրացիան չի կարող կարդալ նամակները։ Միակ բանը, որ իրենք կարող են անել, դա տեսնել, թե ով, ում, երբ գրեց, բայց, թե ինչ է գրել չեն տեսնում։ Հնարավոր է լրտեսական գործողությունները բացահայտել, եթե օրինակ երևա, որ այստեղից Ադրբեջան կամ Թուրքիա մեսինջերով ինչ–որ բան է գնում։ Բայց դա էլ այնքան պարզ չէ, քանի որ նույն «Վոթսափ»–ը հենց այնպես տվյալներ չի տալիս, պետք է դատարանի որոշում լինի»։

Հոգեբան Արկադի Մեհրաբյանի դիտարկմամբ՝ չի բացառվում, որ լրտեսական գործակալական ցանցերը շանտաժի միջոցով են գործում , բայց կատարած գործողությունների դիմաց  գումար վերցնելը վկայում է պարզապես արժեհամակարգի բացակայության մասին։

«Որքան էլ արժեհամակարգ չունենա, եթե մարդը գիտակցի, որ ինքն իսկապես դավաճանական քայլ է անում՝ 200 դոլարի դիմաց չի անի հաստատ։ Կամ լուրջ հոգեկան խնդիրներ ունի կամ էլ այնպիսի ձևերով են վրան ազդել, որ չեմ կարող ասել՝ ինչ մեթոդ են կիրառել»։

Խոսելով գումար վաստակելու հնարավորությամբ մոտիվացնելու և, ըստ էության, դավաճանության դրդելու մասին՝  հոգեբանը նկատում  է՝ գումարը չի կարող դրդապատճառ լինել։ Այդ դեպքում ի՞նչն է դրդում դավաճանել պետությանը, երբ այն պաշտպանելով ավելի մեծ  գումար է հնարավոր վաստակել։

«Արժեհամակարգ և սրբություն չունեցող մարդ է, իր համար էական չի՝ ինչ է հայտնում ։ Կարող է նաև հիմար մտածողության արդյունք լինի, ասենք, մտածի՝ մեկ է արբանյակով ինչ ուզեն կտեսնեն, իմ տված տեղեկատվությունը ոչ մի բան է։ Էլի աննորմալ մտածելակերպ է, բայց հնարավոր է այդպես մտածեն, որ իրենք առանձնակի ոչ մի բան չեն անում, իրենց տված ինֆորմացիան էական նշանակություն չի ունենալու»։

Ըստ գլխավոր դատախազի խորհրդականի` լրտեսական գործակալական ցանցի ներկայացուցիչների փոխանցած տեղեկություններն են շատ դեպքերում հնարավոր դարձրել թիրախավորված հարվածները կարևոր նշանակություն ունեցող օբյեկտներին։

Ցուցադրել ավելի
Back to top button