ԿարևորՔաղաքական

Բրյուսելի «գաղտնիքները»՝ ըստ ընդդիմության և ըստ վարչապետի

Խորհրդարանում  հարց ու պատասխանը պատգամավորների և կառավարության անդամների միջև տեղի է ունեցել առանց ընդդիմության․ փողոցային պայքարի անցած խորհրդարանական ընդդիմությունը որոշել է չմասնակցել ։ Նախորդ անգամ նրանք գնացել էին խորհրդարան՝ վարչապետի հրաժարականի պահանջը ներկայացնելու և պատասխանը լսելու համար։

Ընդդիմադիրները որոշել են խորհրդարան վերադառնալ հաջորդ շաբաթ և ձևավորել են իրենց օրակարգը։ Իր հերթին վարչապետը նույնպես ձևակերպել է կառավարության մոտեցումը ընդդիմադիրների փողոցային պայքարի առնչությամբ։

Սակայն նախ պարզաբանել է Բրյուսելից հետո հայտարարություններն ու դրանց տարընթերցումները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր արել է նաեւ խոստացած բացահայտումը, որը պետք է աներ դեռ նախորդ շաբաթ Ազգային ժողովի հետ հարցուպատասխանի ժամանակ։

«Ոչ, մենք չենք եկել ու պատերազմ բերել, դուք պատերազմի անոնս եք արել ու գնացել, այդ պատերազմը կանխելու մի ձև կար՝ ընդունել Ադրբեջանի բոլոր  ոչ ընդունելի պայմաններն ու պահանջները։ Պատերազմը սկսվել էր 2016 թվականի ապրիլից ու Սերժ Սարգսյանն է այս ամբիոնից հայտարարել, որ այլևս պատերազմ չլինելու հույս չունենաք, սա է  ամբողջ ճշմարտությունն ու մենք հիմա, այո, ամեն հնարավորն անում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները, անվտանգությունն  ու կարգավիճակի հարցը լուծվի, բայց մենք ասում ենք, որ մեր  օրակարգի վերևում խաղաղությունն  է, մենք մեր առաջ խնդիր ենք դրել հաստատել խաղաղություն», — նշել է Նիկոլ Փաշինյանը։ Լենա Բադեյանն է պատմում։

Ի՞նչ է եղել Բրյուսելում, և ինչ հետևանքներ կարող է դա ունենալ Հայաստանի համար․ վարչապետ Փաշինյանը խորհրդարանական ամբիոնից պարզաբանում է տեքստերը տարընթերցումներից խուսափելու համար։ Դիվանագիտական լեզուն բարդ է, առանց այն էլ բարդ իրավիճակը դրամատիզացնելու կարիք չկա՝ ասում է և հավաստիացնում․

«Որևէ մեկը չի կարող և չի պատրաստվում ժողովրդի թիկունքում ինչ–որ բան անել, Արցախի ժողովրդի թիկունքում՝ առավել ևս ինչ–որ բան անել։ Եթե կունենանք կոնկրետ առաջարկ կոնկրետ լուծումների մասին, հանրությունը դրա մասին տեղեկացված կլինի պատշաճ ձևով։ Առանց այն էլ դրամատիկ վիճակը կրկնակի, եռակի, հնգակի դրամատիզացնելը քաղաքական նպատակներով լավ պրակտիկա չէ։ Եկեք ուղղակի ուղիղ այդ իրավիճակի հետ առնչվենք, մենք պետք է իրականության աչքերին ուղիղ նայենք։ Ոչ ավել, ոչ պակաս»։

Իսկ իրականությունն, ըստ Փաշինյանի, այն է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձը Բրյուսելում քննարկված կարևոր հարցերից մեկն է եղել, որը տեղավորվում է «հումանիտար հարցեր» ձևակերպման մեջ, բայց որևէ նոր պայմանավորություն և նոր տեղաշարժ չի եղել։ Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանն անընդհատ փորձում է լրացուցիչ պայմաններ դնել գերիների վերադարձի համար, բայց Հայաստանը համաձայն չէ այդ դիրքորոշման հետ։ Նոյեմբերի 9–ի եռակողմ փաստաթղթով սահմանված՝ բոլոր գերիների և պահվող անձանց վերադարձը ապահովելու լավագույնը միջոցը միջազգային հանրության ճնշման ապահովումն է՝ ասում է Փաշինյանը։ Այս պահին Ադրբեջանը հաստատում է 39 գերի ունենալու փաստը։
Խորհրդարանական մեծամասնությունն աշխատում է նաև այլ ուղղությամբ՝ հավելում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Սոնա Ղազարյանը․

«Տարբեր միջազգային հարթակներում բարձրաձայնում ենք այս հարցը, ինչպես նաև բռնի անհետացման այն 30 դեպքերը, որոնք ԵԽԽՎ բանաձևերից մեկում արձանագրվեցին, և այս ուղղությամբ փորձում ենք առաջխաղացում ունենալ և խնդրին շուտափույթ լուծում տալ»։  

Համաձայնություն ձեռք չի բերվել նաեւ ձևակերպումների շուրջ․ սա արդեն Փաշինյանն ասում է բրյուսելյան քննարկումների քաղաքական կողմի, ավելի կոնկրետ՝ԼՂ հակամարտության մասով։ Ադրբեջանը շարունակել է պնդել, թե հակամարտությունը լուծված է, հայկական կողմը, Փաշինյանի ներկայացմամբ, պնդել է առաջարկված 6 կետերը․

«Մեր առաջադրած սկզբունքներում արձանագրված են ԼՂ հայության անվտանգությունը, իրավունքները և ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումը։ Քանի որ քննարկումների ընթացքում կողմերի միջև համաձայնություն ձեռք չի բերվել ձևակերպումներում, ԵԽ նախագահը որոշել է իր կողմից անել քոմենտներ, որը, իր կարծիքով, հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեր երկու կողմերի դիրքորոշումներից։ Թե որքանով դա ստացվեց՝ այլ հարց է։ Այլ բան, որ մենք մեր դիրքորոշումները արտահայտել ենք, և այդ դիրքորոշումների մեջ որևէ փոփոխություն չկա»։  

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ձեւակերպումները Հայաստանում մեծ արձագանք գտան ու մտահոգություններ առաջացրին, քանի որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» ձևակերպման փոխարեն նա օգտագործել է «Ղարաբաղի էթնիկ բնակչության իրավունքներ և անվտանգություն» ձևակերպումը։ Հայաստանում ընդդիմադիրները հատկապես սա դիտարկեցին որպես բանակցություններում հերթական նահանջ։

«Անկլավների» հարցը նույնպես շրջանառվեց Բրյուսելից հետո, մինչդեռ Փաշինյանը հավաստիացնում է՝ առանձին հարց, որպես այդպիսին, գոյություն չունի։

«Բայց պետք է իմանանք նաև, որ Ադրբեջանն այդ հարցը ակնարկով կամ ուղիղ տարբեր ձևաչափերով բարձրացնում է։ Մեր դիրքորոշումն էլ այդտեղ թափանցիկ է և հրապարակային։ Նախ՝ մենք ասել ենք, որ այդ բոլոր պրոցեսներում պետք է խորամուխ լինենք իրավական հիմնավորումների մեջ։ Եվ մենք ասել ենք, որ մինչև այս պահը մեր ուսումնասիրություններով չենք արձանագրել, որ դե յուրե ՀՀ տարածքում գոյություն ունեն ադրբեջանական «անկլավներ»։ Հակառակը՝ մենք արձանագրել ենք, որ Արծվաշենը դե յուրե ՀՀ տարածք է»։

Մնացած խնդիրներն ու ճշգրտումներն արդեն սահմանագծման ու սահմանազատման ընթացքում պետք է արվեն՝ ասում է Փաշինյանը։ Իսկ սահմանային հարցերով հանձնաժողովների հանդիպումների մեկնարկն արդեն տրված է։

Որպես կառվարության ղեկավար նա, ի դեպ, սուր չարձագանքեց ընդդիմադիրների՝ արդեն մեկ ամիս տևող բողոքի ակցիաներին, երթերին և հանրահավաքներին։ Ընդդիմության գործողություններում քաղաքական իմաստ այլևս չի տեսնում, գործողությունները գնահատում է լոգիստիկ տեսանկյունից, և ընդդիմության ստեղծած խցանումները համեմատում է, օրինակ, Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզման հետևանքով առաջացած խցանումների հետ կամ դրանից փոքր-ինչ ավելիի։

«Եթե հիշում եք՝ այդ ուժը նախընտրական շրջանում կարգախոս էր ընտրել, որ իշխանությանը մինչև քոք մաշեցնելու է։ Հիմա մենք տեսնում ենք, որ, չկարողանալով դա անել, այդ ուժն ինքն իր նկատմամբ է իրականացնում այդ կարգախոսը։ Կարծում եմ՝ պետք է նրանց առանձնապես չխանգարել, որ մինչև քոք մաշեն»։

Ընդդիմությունը հարց ու պատասխանի ժամին Ֆրանսիայի հրապարակում առանձին հարց ու պատասխան էր նախաձեռնել՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին։ Ընդդիմադիր պատգամավորները դեռ պատրաստվում են վերադառնալ խորհրդարան։ Հաջորդ շաբաթ նախաձեռնում են արտահերթ նիստ՝ իրենց օրակարգով և առաջարկում են խորհրդարանական մեծամասնությանը՝ անպայման մասնակցել այդ աշխատանքներին։

Եթե խորհրդարանական մեծամասնությունը չմասնակցի ընդդիմադիրների նախաձեռնած արտահերթ նիստին, ապա այն պարզապես կտապալվի քվորում չլինելու պատճառով։

Ցուցադրել ավելի
Back to top button