ԿարևորՀասարակություն

Հայաստանի միջազգային պահուստները մոտ են պատմական առավելագույնին․ փորձագետ

2021 թվականին Հայաստանի միջազգային պահուստներն աճել են շուրջ 614 մլն դոլարով կամ 23.5%-ով՝ տարեվերջին կազմելով շուրջ 3,2 մլրդ դոլար՝ ԿԲ հաշվետվությունն է։ Սա 2010 թվականից սկսած՝ միջազգային պահուստների ամենաբարձր մակարդակն է, ամենացածր մակարդակը գրանցվել էր 2014-ին։  Անցյալ տարի միջազգային պահուստների փոփոխության վրա հիմնականում ազդել են պետական պարտքի ներգրավումը, պարտքի գծով սպասարկումները և ներքին շուկայում արտարժույթի վաճառքը։ Պետական պարտքի՝ արտաքին վարկերի ու փոխառությունների գծով ստացվել է շուրջ 1 մլրդ դոլար։

Այս ապրիլի դրությամբ Հայաստանի միջազգային պահուստները 3 մլրդ 68 մլն դոլար են՝ տարեվերջի համեմատ 161 մլն դոլարով պակաս, փետրվարի համեմատ՝ 58 մլն դոլարով ավելի։ Միլիոնների շարժի գնահատականը ԿԲ-ին է։ Տնտեսագետ Մերի Հովսեփյանի հաշվարկով՝ վերջին տասը տարում Հայաստանի միջազգային պահուստները միայն աճել են բացի 2015-ից, որն ուղեկցվել է 2014 թվականի տնտեսական շոկերով։

«Եվ դրանից հետո նորից կայուն աճ է արձանագրվել  մինչև  2020 թվականը, երբ արդեն լոքդաունի հետևանքով տարեվերջին ունեցանք  միջազգային  պահուստների  որոշակի անկում, իսկ  արդեն 2021-ի տարեվերջի դրությամբ արձանագրվեց միջազգային պահուստների ամենաբարձր  մակարդակը։ Կարող ենք արձանագրել, որ միջազգային պահուստները հիմա գտնվում են բավականին բարձր  մակարդակի վրա։  Կարելի է ասել՝ մոտ են պատմական առավելագույ ն մակարդակին»։  

Միջազգային պահուստների  այսօրվա արձր մակարդակը ներկայիս տնտեսական անորոշությունների շրջանում, ըստ տնտեսագետի, դրական ազդակ է։ Պահուստների աճին նպաստել է նաև վերջին շրջանում արտարժույթի ներհոսքը։ Փոխարժեքի տատանումները ևս կարող են փոփոխել միջազգային պահուստները։ Քանի որ դրանք հաշվարկվում են դոլարով, իսկ դոլարի նկատմամբ մյուս արժույթների արժևորումը կամ արժեզրկումը բերում է դոլարային պահուստների փոփոխության։  Իսկ փոխարժեքի վրա ազդել է նաև արտասահմանցիների ներհոսքը, որոնք իրենց արտարժութային գումարների որոշակի մասը Հայաստանում դրամի են վերածել։ Դրամն արժևորվում է նաև ԿԲ քաղաքականության հետևանքով՝ ասում են մասնագետները՝  հիշեցնելով՝ գնաճը փորձ է արվում զսպել վրաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմամբ։ Վերջին մեկ տարում մոտ 10 անգամ վերանայված ու բարձրացված վերաֆինանսավորման տոկոսադրույքը հիմա 9․75 է։  

Գլխավոր դրամատունը ևս հետևում է միջազգային այցելուների վարքագծին ու դրա պայմանավորած տնտեսական հետևանքներին՝ ավելի վաղ ասել էր ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը.

 «Եթե մենք հասկանանք այն գործոնների ամբողջականությունը, որոնք բերում են փոխարժեքի որոշակի դրսևորումների, մեզ ավելի հեշտ կլինի հասկանալ նաև հետագիծը։ Այն բնականաբար իր մեջ անորոշություններ է ներառում։ Մենք տեսնում ենք մի իրավիճակ, երբ ՀՀ–ում միջազգային այցելուների մեծ հոսք կա։ Մենք նրանց չենք դասակարգում որպես զբոսաշրջիկ կամ որպես այլ խումբ,  քանի որ այս պահին մեր ինֆորմացիան բավարար չէ»։

Վերադառնալով միջազգային պահուստներին․ 2021 թվականին դրանց շուրջ 614 մլն դոլարով կամ 23.5%-ով աճի վրա ազդել է մի քանի գործոն՝ պետական պարտքի ներգրավում, պարտքերի գծով սպասարկումներ ու  ներքին շուկայում  արտարժույթի  ակտիվացած առուվաճառք։ Սրանք են փոփոխել պահուստների դինամիկան՝ ասում է տնտեսագետ Մերի Հովսեփյանը։

«Նախորդ տարի պետական պարտքի  մեջ արտաքին վարկերի փոխառությունները  շուրջ մեկ միլիարդ դոլարով ավելացել են՝ մեծապես պայմանավորված կառավարության կողմից եվրոպարտատոմսերի թողարկմամբ։ Նախորդ տարի 750 մլն դոլարի եվրոպարտատոմս է տեղաբաշխվել միջազգային շուկայում։  Սա 750 մլն դոլարի նոր պետական պարտք է ներգրավել, որը  տեղ է գտել մեր միջազգային պահուստներում»։

Հայաստանը 2021-ի բյուջեի դեֆիցիտը լրացնելու համար հունվարին 750 մլն դոլարի եվրապարտատոմս է տեղաբաշխել միջազգային շուկայում: Ավելի պարզ՝ արտաքին աշխարհից 750 մլն դոլարի նոր պետական պարտք է ներգրավել, որը «տեղ է գտել» միջազգային պահուստներում՝ ասում է Մերի Հովսեփյանը։ Ըստ նրա՝ պահուստների փոփոխություններ կարելի է ակնկալել նաև այն դեպքում, երբ ՌԴ-ից գազ գնելու ողջ գործընթացն իրականացվի ռուբլով։

Back to top button