Բնական ընտրություն

Լենինգրադի շրջափակումը, պինգվիններն ու ձնագնացները․ «Բնական ընտրություն»

Գլուխ 1

«Լենինգրադի շրջափակումից՝ պինգվինների ուսումնասիրություն ու ձնագնացների ստեղծում»

Ռուսաստանի Դաշնության արևելաեվրոպական հարթավայրի կենտրոնում՝ Օկա և Վոլգա գետերի միախառնման վայրում գտնվող այժմյան Նիժնի Նովգորոդ քաղաքը մինչև 1990 թվականի օգոստոսի 22-ը կոչվում էր Գորկի։ Քաղաքում գործող պոլիտեխնիկական ինստիտուտը ժամանակի մեքենաշինական լավագույն ինստիտուտներից մեկն է համարվել․ 1970 թվականին ինստիտուտն ուներ 14 հզ․ ուսանող, 900 դասավանդող, որոնցից 32-ը պրոֆեսոր, 260-ը՝ գիտությունների թեկնածուներ։

Մեքենաներն ու մեխանիզմները, որոնք ստեղծվեցին այդ համալսարանում, դասվեցին աշխարհի լավագույն տեխնիկական ձեռքբերումների շարքին։ Դրանցից էին ձնագնացները․ լսենք իմ զրուցակից ֆիզիկոս Լիլիթ Եգանյանին․

«Խնդիր կար տարին 12 ամիս ձյան պայմաններում, այդպիսի միջավայրում ապրող մարդկանց պարեն փոխանցելու, և ինժեներները շատ ճիշտ նկատեցին, թե ում անալոգիան կարելի է վերցնել կենդանական աշխարհից։ Սկսվեց պինգվինների ուսումնասիրությունը։


Պինգվինները պառկում են փորի վրա և օգտվելով լաստերի տեսք ունեցող իրենց ոտքերից կարողանում են շարժվել մինչև 30 կմ/ժամ արագությամբ։ Անալոգիան պինգվինի շարժման և ձնագնացների շարժման ամբողջովին նույնն է, հետագայում կատարելագործվող տեսակներն էլ հիմնվեցին հենց այդ մեխանիզմի վրա»,-ասում է Լիլիթ Եգանյանը։

Ձնագնաց Պինգվին

Անտարկտիդայում ապրող ջրլող, չթռչող թռչունների դասին պատկանող պինգվինների շարժման անալոգիան կրկնօրինակեցին Գորկիի պոլիտեխնիկական ինստիտուտի ինժեներները։ Ձնագնացի ստեղծման նախագիծը գլխավորում էր տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ինժեներ Արկադի Ֆեոդորովիչ Նիկոլաևը, 1974 թվականին նրա գլխավորած ինժեներների խումբը ստեղծեց «Պինգվին» ձնագնացը, որն ինչպես կենդանին, շարժվում էր հատուկ լաստերի վրա՝ կարողանալով շարժվել մինչև 50 կմ/ժամ արագությամբ և տանել 1300 կգ բեռ։ Ձնագնացներ ստեղծելու գաղափարը սակայն միանգամից չի իրականացվել, կան բազմաթիվ ձախողված օրինակներ դեռևս երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

Ներկայումս Սանկտ Պետերբուրգ, ժամանակին Լենինգրադ կոչվող քաղաքը Նացիստական Գերմանիայի Հյուսիսային բանակային խմբի, ֆիննական և իսպանական Կապույտ դիվիզիայի զինված ուժերի կողմից գտնվում էր շրջափակման մեջ, իսկ ռուսական սաստիկ ձմեռների մասին հաստատ լսել ենք, հարկավոր էր պարեն տեղափոխել շրջափակման մեջ գտնվող բնակչությանը՝ կտրելով սառցապատ ու ձյունապատ ճանապարհներ։ Իմ հաջորդ զրուցակիցը բիոինժեներ, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բջջի կենսաբանության և վիրուսաբանության լաբորատորիայի ավագ լաբորանտ Բագրատ Բաղդասարյանն է․

«Ձնագնացներ ստեղծելու գաղափարն ի հայտ է եկել որպես խիստ անհրաժեշտություն։ Հատկապես օրինակները շատ կարելի է բերել երկրորդ համաշխարհայինի ժամանակ Լենինգրադայի բլոկադայի պատմությունից, երբ բլոկադայի մեջ մնացած մարդկանց ժամանակի խիզախները ստիպված էին պարեն հասցնել մեքենաներով՝ սառած գետերի, ձյան ու սառույցի վրայով։ Բեռնված մեքենաների հնարավոր արագությունը, եթե չեմ սխալվում, 63 կմ/ժամը չէր գերազանցում, բայց խնդիրն այստեղ ծանրության բաշխվածությունն ու ձայնային ռեզոնանսների արձակումն էր, ինչի պատճառով սառույցը կոտրվում էր, ձյան վրայով շարժվել չէր լինում, մարդկային կյանքեր էր արժենում պարեն տեղափոխելը, մարդիկ հասկացան, որ նոր ձնագնացներ ստեղծելու անհրաժշետություն կա»,-ասում է Բագրատ Բաղդասարյանը։

872 օր՝ 1941 թվականի սեպտեմբերի 8-ից մինչև 1944 թ. հունվարի 27-ը շրջափակման մեջ գտնվելուց հետո Լենինգրադը վերջապես «ազատվեց», իսկ ինժեներներին հաջողվեց ստեղծել ձնագնացի առաջին օրինակը, որն ի դեպ, էլի կոչվում էր «Պինգվին»․ Բագրատ Բաղդասարյան․

ԽՍՀՄ ստեղծված առաջին Պինգվին ձնագնացը

«Ձյան վրա տեղափոխվող միջոցների կատարելագործման ժամանակ ինժեներները սկսեցին կատարելագործել PM47 տանկը, դրա հիման վրա ստեղծել փոխադրամիջոց և ոտք մեկնել մարդու համար անհասանելի բևեռներ, ձնագնացը ստացած «Պինգվին» անունը, չնայած որ դա ժողովրդական անվանումն էր, ոչ թե ինժեներների կողմից տրված, հիմնական գաղափարը ցեպավոր մեխանիզմն էր, որը շարժման և ձայնի ռեզոնանսի էֆֆեկտիվ հնարավորություն տվեց զերծ մնալու սառույցի կոտրվելուց, ձյան վրա հնարավորինս անվտանգ շարժ ապահովելու»,-ասում է Բագրատ Բաղդասարյանը։

Պինգվինների կրծքային մկանները շատ լավ են զարգացած, նրանց արագ շարժը պայմանավորված էր ոչ միայն լաստի տեսք ունեցող թաթերով, այլև թիալողակներով, որոնք նրան օգնում են նաև ջրում արագ շարժվել։ Եվ եթե անդրադառնանք պինգվին բառի ծագումնաբանությանը, կարող ենք նկատել, որ լատիներեն pinguis բառը նշանակում է «գեր»․ չթռնող գիրուկ կենդանիներին քաշը, սակայն, չի խանգարում լինել արագ և ունենալ շարժման անվտանգ մեխանիզմ։ Կրկնօրինակելով պինգվիններին` մարդկությանը հաջողվեց ունենալ ևս մեկ կարևոր տեխնիկական ձեռքբերում։ Կարելի է բազմաթիվ անգամ համոզվել՝ յուրաքանչյուր տեխնիկական ձեռքբերման հիմքում բնության նախատիպերն են։

Back to top button