Երաժշտական եռանկյունի

Արթուր Ալեք՝ դասականից փոփ երաժշտություն․ «Երաժշտական եռանկյունի»

Արթուր Ալեք Քոսբեկյանը դեռևս վաղ տարիքում է ընտանիքի հետ Բեյրութից տեղափոխվել Հայաստան: Թվում էր` ավանդական երաժշտական կրթության ճանապարհով պետք է ընթանա, վաղ հասակից նվագում էր ջութակ, բայց ստեղծագործական ուղիները երբեմն անսպասելի բեկումներ են ունենում:

«Անկեղծորեն չէի սիրում ջութակը և մեծ հաղթահարումների հետ էր կապված դպրոցական տարիներին իմ ուսումնառությունը: Կզարմանաք, բայց այդ տարիների իներցիան ինձ տարավ կոնսերվատորիա՝ նույն ջութակի բաժինը», – ասում է Արթուր Ալեքը։

«Ստեղծագործական դրսևորումները շատ տարբեր են եղել իմ կյանքում, և դա վերաբերվում է ոչ միայն երգ հորինելուն, տեքստ գրելուն, այլև կատարողական արվեստին, ներկայումս ես երգում եմ «Հովեր» երգչախմբում»,– նշում է երաժիշտը։

Արթուր Ալեքի մոտեցումները շատ են տարբերվում այն դրսևորումներից, որոնց մենք սովոր ենք փոփ երաժշտության ոլորտում: Նախ և առաջ ուշագրավ է այն հանգամանքը, որ նա դիմում է հայ դասականներին՝ գրական հիմքը գտնելով հայկական պոեզիայի մեջ:

«Իսկապես, իմ ստեղծագործությունը իր էությամբ փոփ երաժշտություն եմ համարում, չնայած ինքս էլ տեսնում եմ տարբերությունները։ Հասկանում եմ, որ մեծամասնության ընկալմամբ այն համարվում է առաջին հերթին ժամանցային երևույթ, այնինչ ես փորձում եմ գտնել այլ խորություններ, և իհարկե, օրինակ, Վահան Տերյանի «Ես եմ, դու ես» բանաստեղծությունը տալիս է այդ հնարավորությունը: Այդ ժանրը թույլ է տալիս նաև համագործակցել երաժիշտների հետ, նման համագործակցության արդյունք է գործիքավորող և պրոդյուսեր Հողի հետ Կոմիտասի երկու բանաստեղծության հիման վրա երգը»,- ասում է երգահանը:

Հայկական փոփ երաժշտությունն իր արմատներով գնում է դեպի խորհրդային էստրադա։ Արթուր Ալեքըն ասում է․ «Անշուշտ, այն ավանդույթները, որ ձևավորվել էին խորհրդային շրջանում և բազմաշնորհ կոմպոզիտորների ու կատարողների շնորհիվ զարգացել, այն նյութը, որ ստեղծվել է այդ տարիներին, ոգեշնչում է ինձ: Կոնստանտին Օրբելյանի «Գարուն» երգը իմ մեկնաբանմամբ և մշակմամբ նույնպես ներկայացրել եմ հանդիսատեսի դատին: Նաև երգերի տեքստերի հեղինակ եմ, փորձում եմ գրել նույնիսկ անգլերեն»:

Արթուր Ալեքը յուրօրինակ արտահայտչամիջոցներ ընտրող հեղինակ է: Նա փորձում է կապեր ստեղծել գրականության, նախորդ տարիներին ստեղծված պոպուլյար երգերի, նաև՝ սեփական տեքստերի միջև և երաժշտության միջոցով ներկայացնել սեփական աշխարհը, տեսլականը:

Հաղորդման ընթացքում հնչում են Արթուր Ալեքի հեղինակային երգերը, ինչպես նաև նրա մեկնաբանությամբ և կատարմամբ այլ ստեղծագործություններ:

Back to top button