ԿարևորՏնտեսական

Նոր որակի ներդրումներ՝ տնտեսությունում․ ինչո՞ւ  ստեղծվեց ԱՆԻՖ-ը

Աշխատանքային գործունեության երեք տարի, ավելի քան 214 մլն դոլար ներդրում տնտեսության տարբեր ոլորտներում։  Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը ներկայացրել է կազմակերպության 2019- 2021 թթ. զեկույցը։ Այն ամփոփում է ԱՆԻՖ-ի՝ հաշվետու ժամանակահատվածում իրականացրած բոլոր ծրագրերը։ 214 մլն դոլարի 91 տոկոսը գործընկերների, 9 տոկոսը հիմնադրամի ներդրումներն են։ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի ջանքերով իրականացվում է երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկու խոշոր ծրագիր՝ «Այգ 1» արևային կայանի կառուցումն ու Էյր Արաբիա ընկերության հետ «Ֆլայ Արնա» հայկական ազգային ավիաուղիներ» ավիաընկերության գործարկումը։

Գնալ համարձակ քայլերի՝ տնտեսությունում իներցիոն զարգացումները կանխելու և նոր որակի ներդրումներ ներգրավելու  ակնկալիքով։ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ԱՆԻՖ-ի ստեղծման հիմքում հենց այս տրամաբանությունն էր։  Հիմնադրամի շնորհիվ  կյանքի է կոչվել Հայաստանի համար ռազմավարական նշանակություն  ունեցող երկու խոշոր ներդրումային ծրագիր։

«Մասդար»  ընկերության հետ համատեղ գործարկվել է  «Այգ-1» արևային կայանի  կառուցման ծրագիրը  Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքների տարածքում: Առաջին արևային կայանի կառուցումը 174 մլն դոլար ներդրումային ծրագիր է, Հայաստանում էլեկտրաէներգիայի մատակարարման շուրջ  7 տոկոսը կապահովվի հենց այս ծրագրի միջոցով։ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ԱՆԻՖ-ի բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Թադևոսյանն արձանագրում է՝  ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի թե ներդրումային,  թե վերականգնվող էներգիայի մասնաբաժնի ավելացման, էներգետիկ անվտանգության տեսանկյունից․

«Այս ծրագրով ՀՀ կառավարությունը վերահաստատում է իր հանձնառությունը՝ ընդլայնել վերականգնվող էներգետիկայի ոլորտը Հայաստանում, որի համաձայն՝ նախատեսվում է կառուցել մինչեւ 1000 մեգավատ հզորության արեւային կայաններ՝ նպատակ ունենալով մինչեւ 2030 թվականը արեւային էլեկտրակայանների արտադրած էներգիայի տեսակարար կշիռը ընդհանուրի մեջ հասցնել առնվազն 15 տոկոսի»։

«Այգ-1» կայանը  շահագործման կհանձնվի 2025 -ին։ «Մասդար» ընկերությունը ցանկանում է  եւս  մեկ համանման հզորության էլեկտրական կայան  հիմնել Հայաստանում։ Նախնական պայմանավորվածություններն արդեն կան։   Հավանաբար արդեն հաջորդ ամիս կսկսվի ազգային ավիափոխադրողի՝ «Ֆլայ Արնա հայկական ազգային ավիաուղիներ»-ի տոմսերի վաճառքը, իսկ հուլիսից առաջին թռիչքները կիրականացվեն դեպի ՌԴ ու Միջին Արևելք։ Ուղղությունները պատահական չեն ընտրվել՝ ասում է Հայկ Թադևոսյանը

«Կարծում եմ, որ ՌԴ ուղղությունը բոլորիս համար ամենածանրաբեռնված ուղղություններից մեկն է»։

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ԱՆԻՖ-ի  խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանն ընդգծում է՝   բոլոր ծրագրերի հիմքում Հայաստանի համար դժվարին ժամանակահատվածում իրականացված աշխատանքն է։

«Ծրագրերի հետևում բանակցություններ  են, հոռետեսություն, խոչընդոտներ, բայց ամենօրյա աշխատանքի  շնորհիվ այդ բոլոր խոչընդոտները պատվով հաղթահարվել են ԱՆԻՖ-ի թիմի կողմից»։

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը՝ ԱՆԻՖ-ն իր տեսակով եզակի կառույց է՝ ստեղծված իներցիան հաղթահարելու համար։  Եվ պետական կառավարման, և տնտեսության մեջ իներցիաները հաղթահարելու վճռականությունն է կարևորում Հայաստանի վարչապետը։

«Եթե մենք այդ վճռականությունը և քաղաքական կամքը չցուցաբերենք, մեզ ընդամենը կմնա դիտորդի նման հետևել, թե ինչ է կատարվում մեր տնտեսության հետ, ինչ ազդեցություններ կան,  և դրանով ընդամենը վիճակագրություն վարել։ Բայց ԱՆԻՖ-ը ստեղծվել է հենց այդ նպատակով, որ հաղթահարի իներցիան և փորձի նոր ընթացք  ապահովել մեր տնտեսության համար, նոր տրամաբանություն բերել»։

Հենց այդ տրամաբանությամբ էլ  2020 թվականի համաճարակի հետևանքները մեղմելու նպատակով ԱՆԻՖ-ի դուստր ընկերությունը ստեղծում է ֆոնդ՝ կառավարության նախատեսած մինչև 80 մլրդ դրամ հանրագումարով ներդրումներ անելու նպատակով։ Ֆոնդի առաքելությունն է բաժնեմասային մասնակցությամբ ներդրումները խրախուսելը։  Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը հստակեցնում է՝ ներդրողներին հատկացվելու է մինչև 50 մլրդ դրամ՝ սեփական կապիտալի մեջ ներդրում  անելու համար։

«Դա վերաբերում է ձեռնարկատիրության վտանգավոր, ամենառիսկային ու ամենակարևոր կապիտալի շերտին․  խոսքը ձեռնարկության սեփական փողի մասին է։ Գաղափարն այն է,որ ձեռնարկատերը պետք է պատրաստ լինի պետության հետ կիսել ռիսկը և պետությունն  էլ՝  իր կողմից  բնականաբար նմանապես։ Բոլոր տեսակի ռիսկերի մասին է  խոսքը։ Կես մլն դոլարից մինչև 4 մլն դոլար մեկ ձեռնարկության մեջ ներդնելով՝  դրա դիմաց վերցնում ենք 25-49 տոկոս փայաբաժին; Մինչ օրս նմանատիպ 7 գործարք է հայտարարվել։ Եվս երկուսը կհայտարարվեն առաջիկայում»։

Ոլորտները տարբեր են՝ տուրիզմից մինչև գյուղատնտեսություն։ 2022-ին կաշխատեն արդեն մեկնարկած ծրագրերն իրականացնելու  ուղղությամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button