ԿարևորՀասարակություն

Նախատեսվում է Հայաստան-Չինաստան ուղիղ չվերթեր գործարկել

Հայաստանում Չինաստանի դեսպանատունը մեկնարկում է մարզերի զարգացմանը, կրթության, զբոսաշրջության, առևտրաշրջանառության և բիզնեսի ոլորտներում առաջընթացին միտված նոր ծրագիր, որն սկսվելու է Արագածոտնից: Ճանաչողական այցով  այսօր մարզում է եղել արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը, հայտնում են Արագածոտնի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։

Արագածոտնի մարզպետարանում դեսպանին հյուրընկալել է մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։  Գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանի, խորհրդական Արմեն Գրիգորյանի, զարգացման ծրագրերի, վերլուծության և զբոսաշրջության բաժնի պետ Գագիկ Պողոսյանի և Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանի մասնակցությամբ մարզպետը չինական պատվիրակությանը ներկայացրել է մարզի տնտեսական, զբոսաշրջային, կրթական, մշակութային ներուժը և պատրաստակամություն հայտնել բազմակողմ համագործակցության, համատեղ զարգացման ծրագրերի մշակման և իրագործման։

Չինաստանի դեսպանն իր հերթին շահագրգռվածություն է հայտնել հայ-չինական հարաբերությունների խորացման առումով և ընդգծել, որ Չինաստան-Հայաստան կապը դարերի պատմություն ունի, որի արմատները ձգվում են մինչև «Մետաքսի ճանապարհ»։

«Շուրջ 2000 տարի է՝ Չինաստանն ու Հայաստանը պահպանում են բարեկամական հարաբերություններ, և երկու ժողովուրդների միջև երբևէ թշնամություն կամ ընդվզում չի եղել։ Մենք հակված ենք ընդլայնելու մեր համագործակցությունը մի շարք ոլորտներում»,- իր խոսքում ընդգծել է Ֆան Յոնգը՝ հավելելով, որ Չինաստանի պատմության և մշակույթի մասին հայ ժողովրդի իրազեկությունը բարձրացնելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում, նախատեսվում է նաև Հայաստան-Չինաստան ուղիղ չվերթներ գործարկել։

Դեսպանն առանձնահատուկ հետաքրքրություն է հայտնել հայկական որոշ ապրանքատեսակների արտահանման շուրջ։ Այդ ապրանքատեսակներից մեկը, օրինակ, գինին է, որի արտադրությամբ Արագածոտնը Հայաստանում աչքի ընկնող մարզերից է։

Հանդիպման երկրորդ հատվածը կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ է ընթացել Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 դպրոցում։ Դպրոցի տնօրենության և ուսուցչակազմի հետ հանդիպմանը դեսպանը նշել է կրթական և մշակութային ոլորտներում հայ-չինական հարաբերությունների սերտացմանն ուղղված միջոցառումների կազմակերպման կարևորության մասին, հույս հայտնել, որ առաջիկայում դրանք տեղի կունենան և դեսպանատան կողմից մեկնարկող նոր ծրագրի մաս կկազմեն։ Դեսպանը պատասխանել է նաև ուսուցիչների հարցերին։

Չինական պատվիրակության և Արագածոտնի մարզի ղեկավարության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կրկին հանդիպելու՝ համագործակցության կոնկրետ առաջարկները քննարկելու նպատակով։

Դեսպանի հրավերով հաջորդ հանդիպումը նախատեսվում է Հայաստանում Չինաստանի դեսպանատանը։

Ցուցադրել ավելի
Back to top button