ԿարևորՀասարակություն

Պոլիկլինիկաները  չեն փակվի, կվերակազմավորվեն․ ավագանին ընդունեց որոշումը

Մայրաքաղաքի ավագանու հերթական նիստն այսօր անցել է թեժ մթնոլորտում ։ Օրակարգի 25 հարցերից ամենաբուռնը քննարկվել է բուժհաստատություններում կառուցվածքային փոփոխությունների հարցը։ Ավագանու անդամների մի մասը մտահոգված է պոլիկլինիկաների փակման, հետևաբար նաև կադրերի կրճատման կապակցությամբ։ Նախագծի հեղինակները, մինչդեռ, վստահեցնում են՝ կրճատումներ չեն լինի, իսկ օպտիմալացման առաջարկը  հիմնավորում են շենքային անբարենպաստ պայմաններով, տեխնիկական թերի հագեցվածությամբ, նեղ մասնագետների պակասով։

Երևանյան պոլիկլինիկաներում նախատեսվող կառուցվածքային փոփոխությունների հարցը  ավագանու օրակարգում է։ Թեև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հավաստիացնում է, որ օպտիմալացումը բացառապես արդյունավետ կառավարում ապահովելու, ինչպես նաև բնակիչներին մատուցվող ծառայություններն ու շենքային պայմանները բարելավելու նպատակ ունի, ավագանու անդամների մի մասը ոչ միայն  դեմ է օպտիմալացմանը, այլև պնդում է, որ հարցը պետք է դուրս գա օրակարգից։ «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյան։

«Ես առաջարկում եմ առհասարակ հանել օրակարգից։ Մենք Երևանի քաղաքացիների խնդիրները լուծելու համար ենք, ոչ թե խնդիրներ առաջացնելու։ Մենք իրավունք չունենք Երևանի ենթակայության տակ մանկապարտեզներ, դպրոցներ, պոլիկլինիկաներ փակելու»։

Օրակարգից հարցը չհանվեց։ Դրան չնպաստեց նաև Երեւանի քաղաքապետարանի դիմաց հավաքված քաղաքացիների  բողոքն ընդդեմ Երևանի մի շարք բուժհաստատություններում կառուցվածքային փոփոխությունների։ Դրանցով մի շարք պոլիկլինիկաների վերակազմակերպում է նախատեսվում ։ Հեղինակների հիմնավորմամբ ՝ պատճառները բազմաթիվ են՝ շենքային անբարենպատ պայմաններ, տեխնիկական թերի հագեցվածություն, նեղ մասնագետների պակաս։ Պարզաբանում է փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը։

«Օրինակ «Նուբարաշեն» պոլիկլինիկայում չեն գործում դիսպանսեր ուռուցքաբանական, մաշկավեներաբանական, ինֆեկցիոն կաբինետները, մանկական նեղ մասնագիտական ակնաբուժական, սրտաբանական, նյարդաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական և վիրաբուժական կաբինետները։ Այսինքն՝ մի ամբողջ վարչական շրջան զրկված է մի շարք բժշկական ծառայություններից։ Մենք պոլիկլինիկաներ չենք փակում, մենք վերակազմավորում ենք»։

Ավագանու անդամներից Տիգրան Գալստյանը հետաքրքրվեց, թե օպտիմալացման հետևանքով քանի հաստիք կկրճատվի և աշխատող կտուժի։  Բարեփոխման հիմքում կադրային կրճատումներ չկան՝ հավաստիացրեց քաղաքապետի տեղակալը։ Աշխատակիցները չեն տուժի, առայժմ։

«Հետագայում ինչպես բոլոր կոլեկտիվներում որակյալ և արդյունավետ աշխատանքը կգնահատվի, ոչ արդյունավետը չի գնահատվի»։

Ավագանու նիստին կադրեր ցուցադրվեցին՝ ապացուցելու, որ ներկայացված պոլիկլինիկանը արդարացիորեն են փակվելու՝ ելնելով նաև սպասարկվող քաղաքացիների շահերից։ Միայն թե ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովին ոչ այնքան օպտիմալացման առավելություններն են հետաքրքրում, որքան նշված բուժհաստատությունների անմխիթար վիճակն ու դրան հասնելու պատճառները։

«Այս ընթացքում ինչ ենք արել Ինչ է արել վարչությունը։ Գումարներ է հատկացվել, ուր են գնացել այդ գումարները, որ մինչև հիմա սովետի նշանն է այնտեղ խփած և այս վիճակն է։ Իհարկե ահավոր է, բայց նաև շատ հարցեր են առաջանում»։

Բազմաթիվ հարցերին մեկ պատասխան. ենթակառուցվածքն արդյունավետ  չի գործում, ինքնապահպանման խնդիր է լուծում։ Առաջարկվող փոփոխությամբ ավելի քիչ ռեսուրսով ավելի մեծ արդյունք է ակնկալվում՝ ասաց Գևորգ Սիմոնյանը։ Նաև հավաստիացրեց, որ այս փոփոխությունից բնակիչները ևս չեն տուժի՝ բացառությամբ թիվ 1 պոլիկլինիկայում սպասարկվողների։

«Այս փոփոխության արդյունքում այն բնակիչները, ովքեր պայմանական 5 րոպեում էին հասնում պոլիկլինիկա 8 րոպեում կհասնեն։ Բայց 2-3 րոպե ավելի քայլելու դիմաց անհամեմատ ավելի շատ օգուտ են ստանալու»։ 

Չնայած մտահոգություններին և կարծիքների տարբերությանը՝ նախագիծն ընդունվեց 37 կողմ ձայնով։ Դեմ քվեարկեց ավագանու  2 անդամ։

Կարդացեք նաև
Close
Back to top button