Մասնագիտություն

Կրակոտ երկրի տաք լեզուն՝ իսպաներենը․ «Մասնագիտություն»

Թեժ ցլամարտ, կրակոտ ֆլամենկո, անմահական սանգրիա, անմոռանալի տեսարժան վայրեր, բարձրաճաշակ մշակույթ, հնագույն պատմություն, շքեղ ճարտարապետություն, աշխարհահռչակ թանգարաններ, համաշխարհային ճանաչում ունեցող ստեղծագործություններ, ամենաճանաչված ֆուտբոլային ակումբներ, ցնցող բնություն, թափանցիկ երկնագույն ծով, հրաշալի լողափեր, կղզիներ, բոցավառ երաժշտություն, հարուստ խոհանոց և վերջապես բազմաթիվ հանճարների՝ Սերվանտեսի, Գարսիա Լորկայի, Լոպե դե Վեգայի, Գոյայի, Վելասկեսի, Էլ Գրեկոյի, Սալվադոր Դալիի, Պաբլո Պիկասոյի հայրենիքը:

Ահա Իսպանիան և այդ կենսունակ երկրի վառ նկարազարդումը: Այն մի հսկայական պատմական թանգարան է բաց երկնքի տակ: Զարմանահրաշ երկիր, որն իր խորհրդավոր գեղեցկությամբ ոգեշնչում և թողնում է անմոռանալի տպավորություն, երկիր, որին անկարելի է չսիրահարվել առաջին հայացքից:

Այս յուրահատուկ երկրի իրական ոգին և խառնվածքն ամբողջովին փոխանցում է նաև լեզուն՝ գունագեղ և կենսունակ իսպաներենը, որն անչափ հետաքրքիր է ուսումնասիրել։ Իսպաներենն աշխարհում ամենատարածված լեզուներից մեկն է, այս լեզվով խոսում են աշխարհի գրեթե բոլոր ծայրերում: Այն համարվում է պետական լեզու ոչ միայն Իսպանիայում, այլ նաև մի շարք այլ երկրներում: Իսպանիայում և իսպանախոս աշխարհի տարբեր հատվածներում իսպաներենը կոչվում է նաև կաստիլերեն:

Միավորված ազգերի կազմակերպության պաշտոնական լեզուներից մեկն է իսպաներենը, և կիրառվում է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների կողմից։ Զրույց Երևանի պետական համալսարանի եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ռոմանական բանասիրության ամբիոնի դոցենտ Աննա Կուբանյանի հետ:

Back to top button