ԿարևորՔաղաքական

Բրյուսելյան հանդիպումների ռեզոնանսը․ ի՞նչ նոր գծեր են նշմարվում սահմանին ու քաղաքականության մեջ

Երկու օր առաջ Բրյուսելից տեղեկացվեց՝ առաջիկայում հայ-ադրբեջանական սահմանին կհանդիպեն սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները՝ առաջին նիստով։ Շատ փակագծեր չբացվեցին, որոշ մանրամասներ փոխանցեց Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելը, բայց դրանցից հարցերը միայն ավելացան։ Բրյուսելյան պայմանավորվածություններն ու հայտարարությունը տարբեր կերպ են ընկալվում Հայաստանի ներսում: Մինչ ընդդիմության անհանգստությունը խորանում է, իշխանությունը վստահեցնում է՝ ՀՀ դիրքորոշումներում ոչինչ չի փոխվել և պարզաբանում է բրյուսելից եկած տեղեկություններն ու ենթատեքստերը։

Հայաստանում միջանցքային տրամաբանությամբ ճանապարհ չի կարող գործել․ պաշտոնական Երևանի արձագանքն է Բաքվից հոսող հայտարարություններին: Բրյուսելյան վերջին պայմանավորվածությունների մասով Ալիևը կրկին օգտագործել է «միջանցք» ձևակերպումը, ինչին հակադրվում են Հայաստանից։  ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ներկայացմամբ՝ ճանապարհը միջանցք ներկայացնելը մատուցման խնդիր է:

«Հայտարարության այդ նախադասության մեջ դուք նկատած կլինեք, ասում է ՝ Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև, ինչպես նաև՝ Հայաստանի տարբեր շրջանների միջև: Պարզ է, չէ՞՝ ինչ նկատի ունի՝ Երասխ-Մեղրի: Այսինքն՝ այն ճանապարհը, որ մենք իմացել ենք սովետական տարիներին, որ գալիս էր Արաքսի ափով, մտնում էր Մեղրի, Մեղրիից Նախիջևան, Նախիջևանից Երասխ, Երասխից Երևան ու այդպես շարունակ: Պարզ բան է, որ Երասխից Մեղրի գնալու համար էլ մենք պետք է օգտագործենք: Եթե շատ եք ուզում, դուք էլ կարող եք ասել «Նախիջևանի միջանցք», օրինակ: Դա էլ մեզ համար է ստացվում այսպես կոչված միջանցք»:

Իր հերթին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն «Արմենպրեսին» պարզաբանել է՝ Հայաստանի դիրքորոշումները որևէ կերպ չեն փոփվել։ Բրյուսելի բոլոր պայմանավորվածությունները կոմունիկացիաների բացման մասին են: Իսկ Հայաստանի մի տարածքից մյուսը տեղափոխվելու համար ինչու՞ պետք է  օգտագործվի Նախիջևանի տարածքը՝ պատասխանել է՝  քանի որ Հայաստանի հյուսիսը հարավին կապող երկաթուղին անցնում է Նախիջևանով:

Ի վերջո, խոսքը տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաների բացման մասին է, ու, ըստ Գրիգորյանի, քննարկումները  հենց այդ տրամաբանությամբ են: Թերևս նույն տրամաբանությամբ էլ երկու կողմն էլ  սահմանային հարցերով հանձնաժողովների ղեկավար են նշանակել ապաշրջափակման հանձնաժողովների ղեկավարներին՝ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյան և Շահին Մուստաֆաև։ Նախօրեին Երևանն ու Բաքուն գրեթե միաժամանակ հրապարակեցին այդ հանձնաժողովների կազմերը։

Հայկական հանձնաժողովում 11 պաշտոնյա է՝ արտաքին գործերի, պաշտպանության, արդարադատության ու տարածքային կառավարման նախարարների, Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալները, Ազգային անվտանգությունից սահմանապահ զորքերի հրամանատարն ու Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը։ Հանձնաժողովներն առաջին անգամ կհանդիպեն առաջիկա օրերին՝ հենց սահմանին։

Բանակցությունների ներկա ընթացքն ու բրյուսելյան պայմանավորվածությունները խորացրել են հայաստանյան ընդդիմության մտահոգությունն ու դժգոհությունը: Անհնազանդության ակցիան հասավ արտգործնախարարություն, մի քանի պատգամավոր մտան փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանի հետ հանդիպման. 

Դուք այս ճգնաժամը մեկ նախադասությամբ կարող եք հաղթահարել, միայն պետք է մեկ պարզ նախադասություն ասեք, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Մեկը կա՞ այս շենքում, որ կարող է այս պարզ նախադասությունը ասի:

Ես ձեզ լսեցի:

«Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ՀՀ-ում որևէ մեկը մանդատ չունի Արցախը զիջելու, հայկական շահերի նշաձողը իջեցնելու, որևէ մեկը իրավունք չունի մեր կենսական շահերից հետքայլ կատարելու»:

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունից պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այս ամենին հավելում է.

«Այն հայտարարությունները, որ հնչեցին Բրյուսելում, ըստ էության, ամրապնդեցին այն մտահոգությունները, որոնք վերջին ամիսներին հանրության մոտ առկա էին: Ադրբեջանի սկզբունքների մասով  Հայաստանի առաջարկները ցույց են տալիս, որ բառիս բուն իմաստով Արցախը դրվելու է ադրբեջանական վերահսկողության ներքո»:

Տարբեր ձևաչափերով ընթացող բանակցություններում ԱՀ իշխանությունների վերաբերմունքը միանշանակ է՝ հայտարարությունն Արցախից է,  նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը 3 կետ է առանձնացնում։  

  • Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման և զիջման ենթակա չէ։ Այդ հարցի բացառիկ տերը Արցախի ժողովուրդն է։
  • Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը իշխանությունների ուղենիշն է մնում։ Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի է։
  • Ոչ միայն կարգավիճակի, այլև ժողովրդագրական առումով վերադարձն անցյալին անընդունելի է։ Արցախի Հանրապետությունն ունի իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու խնդիր։

Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունից պատգամավոր Արման Եղոյանը պարզաբանում է՝ տարբեր ձևաչափի բանակցություններում ԵՄ-ն առանձին խաղացող է՝ իր շահերով: Դրանով է բացատրում, որ Շառլ Միշելը «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը» փոխարինել է «Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքներ և անվտանգություն» ձևակերպմամբ։ Ըստ Եղոյանի՝ չի զբաղվում ԼՂ խնդրով, պարզապես փորձել է բալանսավորել իր ասածը: Իրականում, ըստ իշխանական պատգամավորի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը որևէ կերպ չի փոխվել․լուծման հարթակն անփոփոխ է՝ ԵԱՀԿ ՄԽ. 

«Կարգավիճակի հարցը մնում է նույն մակարդակի վրա, ինչ 2016-ի հունվարին էր և դրանից հետո բոլոր տարիներին ու ամիսներին: Չի փոխվել: Այսինքն՝ թողնվում է անորոշ ապագայի: Մինչ այդ՝ լուծվում են Արցախի համար շատ ավելի կարևոր հարցեր՝ հումանիտասր, անվտանգային և այլ, և այլ : Ես էլ ո՞ւմ հղում անեմ, բացի ՄԽ-ից»:

Եղոյանը նաԲրյուսելյան հանդիպումների ռեզոնանսը․ ի՞նչ նոր գծեր են նշմարվում սահմանին ու քաղաքականության մեջ հերքում է՝ «անկլավների» հարց չեն քննարկել։ Նման հասկացություն էլ չկա՝ ասում է։

«Կա սահմանազատման և սահմանագծման հարց: Սահմանազատման և սահմանագծման ընթացքումարդեն կողմերը, բազմաթիվ հանգամանքներ հաշվի առնելով՝ աշխարհագրական, ռեսուրսների, բնական ռեսուրսների, քարտեզների և այլնի, բնակչության դեմոգրաֆիայի, գյուղական կամ քաղաքային կարիքների և այլ, և այլ, որոշում են ամենահարմար սահմանը երկու կողմերի համար: Այդտեղ չկա անկլավների հարց, նման հարց որպես այդպիսին օրակարգում չկա»:

Բրյուսելյան հանդիպման արձագանքները իրարամերժ են ոչ միայն քաղաքական, այլև քաղաքագիտական դաշտերում։ Իսկ այս ընթացքում արդեն Հայաստանն ու Ադրբեջանն առանձին հեռախոսազրույցներ են ունեցել Ռուսաստանի արտգործնախարարների հետ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին, Ալիևը խոսել է Թուրքիայի նախագահի հետ, իսկ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը ողջունել է բրյուսելյան հանդիպումը՝ հույսով՝ տեսնել խաղաղության տանող կոնկրետ քայլեր ու պատրաստ՝ աջակցել։

Back to top button