ԿարևորՀասարակություն

15 րոպեից մինչև 1 ժամ․ շտապ օգնությունը գիտի՝ որքան շտապի

Շտապօգնության ծառայությունը հիվանդի մոտ շտապելու հիմնական գործառույթին զուգահեռ հիմա փորձում է հնարավորինս շտապ էլ հետ զանգել, եթե նրա զանգը բաց է թողնվել։  Օրական 650-700 կանչ ստացող ծառայությանը հիմնականում դիմում են սիրտ-անոթային հիվանդություններով։ Քովիդի նահանջով պայմանավորված՝ շտապ օգնություն կանչող զանգերը զգալի նվազել են։ Մինչև վերջերս դրանց օրական թիվը հասնում էր 1000-ի։ ՇԲՕ կանչերին զուգահեռ՝ քաղաքացիների մտահոգ զանգեր ստանում են նաև առողջխանում և սննդի անվտանգության տեսչական մարմնում։

Արդեն 2 ամիս «Շտապբուժօգնություն» ընկերության զանգերի կենտրոնն ունի հետադարձ զանգի հնարավորություն: Նոր համակարգի շնորհիվ 1-03 հեռախոսահամարի մուտքային բոլոր զանգերը գրանցվում են և անպատասխան չեն մնա՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում հավաստիացնում է «Շտապ օգնության» ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը։ Թեև ինչպես նկատում է, զանգերն արդեն առաջվա պես շատ չեն, օպերատորները հասցնում են պատասխանել բոլորին։

«Կանչերի թիվը նախկինի պես մեծ չէ, երբ 1000-ի սահմանը անցնում էին օրական կանչերը։ Մնացած օպերատորները հիմնականում հասցնում են կանչերն ընդունել։ Բայց եթե չեն հասցնում, զանգերն ընդունում ենք և հետադարձ կապ հաստատում»։

Շտապ օգնության ծառայությունն այժմ օրական միջինում 650-700 կանչ է ստանում: Կանչը գրանցվելուց հետո անհրաժեշտ է սպասել  15 րոպեից մինչև մեկ ժամ, և խումբն անհրաժեշտ հասցեում կլինի։  Թագուհի Ստեփանյանը պարզաբանում է նաև, թե ինչով է պայմանավորված ժամանակի նման տարբերությունը։

«Քանի որ մեր բոլոր կանչերը բաժանվում են կատեգորիաների, առաջնային այն կանչերն են, որոնք մարդկանց կյանքի համար վտանգ են ներկայացնում։ Մնացած կանչերը կարող են սպասարկվել մինչև 40 րոպեից մեկ ժամ ժամանակահատվածում»։

Ստեփանյանը մարդկանց ընկալումից էլ է խոսում։ Ասում է՝ հիվանդը պետք է հասկանա, որ շտապ օգնությունը չի կարող երկար մնալ իր մոտ։ Բժշկի պարտականությունն է հիվանդին առաջին օգնություն ցույց տալը և հարկ եղած դեպքում հիվանդանոց տեղափոխելը:  Առհասարակ, զանգերի մեջ գերակշռողը սիրտ-անոթային հիվանդություններն են, ապա՝ սուր շնչառականը և վնասվածքները։ Վերջին մեկ շաբաթում ծառայությունն ընդունել է մոտ 5000 կանչ, հիվանդանոց է տեղափոխվել մոտ հազարը՝ կանչելի 1/5-րդը։ Մանկական կանչերի դեպքում հոսպիտալացումն ավելի շատ է՝ 450-ից 180-ը։ Թունավորման դեպքերով ահազանգեր ծառայությունը շատ քիչ է ստանում։ Նման դեպքերը ցածր տոկոս են կազմում նաև առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ստացած ահազանգերում։ Այստեղ զանգերը հիմնականում այլ բնույթի են՝ նկատում է ՀՎԿԱԿ հանրային առողջապահության արտակարգ գործառնական կենտրոնի պատասխանատու Մարինե Քոթանյան։

«Անցած շաբաթ սննդային թունավորման դեպքեր չեն արձանագրվել։ Աղիքային վարակի 60 դեպք, օդակաթիլային վարակի 642 դեպք, մանկական վնասվածքի 96, մակաբուծային հիվանդությունների 4 դեպք»։

Ջրից թունավորում ևս մայրաքաղաքում չեն արձանագրում․ վերջին օրերին նման որևէ ահազանգ չի եղել։ Փոխարենը սննդի անվտանգության ահազանգեր կան․ ՍԱՏՄ թեժ գծին գրանցված 5 ահազանգերը վերաբերել են սննդամթերքի պահման պայմաններին, մակնշմանը, մեկն էլ ժամկետանց սննդամթերքին։ Վերջինի մասով տեսչական մարմինը շտապել է դիտարկման։ Նշված ապրանքները վաճառքից հանվել և ոչնչացվել են։

Ցուցադրել ավելի
Back to top button