ԿարևորՀասարակություն

«Ֆլայ Արնա»-ն կանի գին-որակ հարաբերակցության ամենալավ առաջարկը

Հաջորդ ամսվանից «Ֆլայ Արնա»-ն կսկսի տոմսերի վաճառքը, հուլիսից արդեն՝ թռիչքները, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է  Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ԱՆԻՖ-ի բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Թադևոսյանը։ Առաջին թռիչքները  կկազմակերպվեն դեպի ՌԴ ու Միջին Արևելք՝ առայժմ մեկ օդանավով։  Ընկերությունն այս պահին 2 օդանավ ունի։ Դեպի Եվրոպա նույնպես թռիչքներ կիրականցվեն, բայց ավելի ուշ՝ թերևս հաջորդ տարեսկզբին։  Կլինեն առաջարկներ և ավանդական, և նոր   ուղղություններով։

Հայկ Թադևոսյանը  չի կիսում փորձագիտական այն կարծիքը, թե ազգային ավիափոխադրողը չի կարող  օտարերկրյա ներդրողի  մասնակցությամբ գործել։ «Էյր Արաբիա» ընկերությանը պատկանում է բաժնետոմսերի 49 տոկոսը՝ ասում է Հայկ Թադևոսյանը  և մանրամասնում․ «Սա հնարավորություն է  տալիս ունենալ ձայնի հավասար իրավունք և ձևավորել լավ նախադեպ։ Ավելին՝ ազգային ավիափոխադրողի կառուցման գործընթացում բավականին հաջողված փորձ ունեցող   ընկերություն է ներգրավված»։

Ֆոնդի պորտֆելում որպես ենթակառուցվածքային ծրագիր «Ֆլայ Արնա»-ն հատուկ տեղ է գրավում, և  ջանք չի խնայվելու, որ ավիաընկերությունն առաջատար լինի  թե Հայաստանում, թե տարածաշրջանում։

Ինչո՞ւ «Ֆլայ Արնա»

«Ֆլայ Արնա»-ն  ազգային բյուջետային ավիափոխադրող  ընկերություն է, որի բազան Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն է։ Ավիաընկերության անվանումը բաց մրցույթով որոշել են ՀՀ քաղաքացիները: Համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդը մրցույթի արդյունքում ընտրել է «Fly Arna» («Ֆլայ Արնա») անվանումը։ «Արնա» բառը ստացվել է «Հայկական ազգային ավիաուղիներ» (Armenian National Airlines) անվանումից՝ համադրելով «Armenian» բառի առաջին երկու, «National» և «Airline» բառերի առաջին տառերը: ԱՆԻՖ-ի բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Թադևոսյանն ասում է, որ առաջին թռիչքները  կկազմակերպվեն  դեպի ՌԴ ու Միջին արևելք՝ առայժմ մեկ օդանավով։ Ընկերությունը երեք տարվա ընթացքում նախատեսում է թռիչքներ ունենալ  ռուսաստանյան   ութ տարածաշրջանային կետեր՝ ներառյալ Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը, Երևանը կապել  Վրաստանի, Ուկրաինայի և Իրանի մայրաքաղաքներին, դուրս գալ եվրոպական շուկա և համապարփակ առաջարկներ անել Պարսից ծոցի երկրների  վերաբերյալ։

 Ինչո՞ւ  հենց  ՌԴ , ինչպե ՞ս են ընտրվում ուղղությունները

ՌԴ-ն  Հայաստանի համար ամենածանրաբեռնված ու պահանջարկ ունեցող  ուղղություններից է։ Լրացուցիչ գործոն է նաև ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված իրավիճակը․ ռուսական  ընկերություններն ավիապարկերի հետ կապված խնդիրներ ունեն, ավելի քիչ թռիչքներ են իրականացնում։  «Fly Arna»-ն փորձելու է լրացնել նաև այդ բացը։

Ի՞նչ կփոխի ազգային ավիափոխադրողի մուտքը հայկական ավիաշուկայում, երբ սպասել ավիատոմսերի գների նվազման ։

ԱՆԻՖ-ում հույս ունեն, որ ավիատոմսերի գների նվազման  ակնկալիքն իրատեսական է, քանի որ  գործընկերոջ՝ «Էյր Արաբիա»-ի բիզնես մոդելը մոտ է բյուջետային ավիաընկերությունների մոդելին։ «Կարծում եմ, որ գնային սեգմենտում մենք կլինենք   գին-որակ հարաբերակցության ամենալավ առաջարկ անողը»,-ասում է  ԱՆԻՖ-ի բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Թադևոսյանը։   Դեպի Եվրոպա նույնպես թռիչքներ կիրականցվեն, բայց ավելի ուշ՝ թերևս հաջորդ տարեսկզբին։  Կլինեն առաջարկներ և ավանդական, և նոր   ուղղություններով։

Ի՞նչ անել, եթե Թուրքիան թույլ չտա թռիչքներ իրականացնել իր օդային տարածքով

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ԱՆԻՖ-ի բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Թադևոսյանի խոսքով՝ Այնպես չէ, որ Թուրքիայի օդային տարածքը մինչև  «Ֆլայ Արնա»-ն բաց է եղել հայկական կոմերցիոն օդանավերի համար՝ նկատում է Հայկ Թադևոսյանը ։ Այդ հարցում ապավինելու են գործընկերոջ՝«Էյր Արաբիա»-ի լավ կապերին, եթե, իհարկե,  Թուրքիան ամբողջությամբ չքաղաքականացնի հարցը։  Ամբողջությամբ փակելը, ԱՆԻֆ-ի ներկայացուցչի խոսքով, այն օպերացիոն ռիսկն է, որի մասին ֆոնդում տեղյակ են, և որը պետք է կառավարել։ «Բացի դրանից՝  Թուրքիայի օդային տարածքը միակը չէ, որով կարող ենք դուրս գալ այլ տարածքներ։ Նույն հաջողությամբ մեր գործընկերոջ գործոնը կարող է  մեզ թույլ տալ Երևանը կապել աշխարհի այլ քաղաքների հետ՝ հենց իրենց բազային օդանավակայանում, որը գտնվում է Շարժայում»,-նկատում է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ԱՆԻՖ-ի բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Թադևոսյանը։

Back to top button