ԿարևորՀասարակություն

Կապիկի ծաղիկի դեմ նոր պատվաստում կլինի՞

Հայաստանում դեռ չի արձանագրվել աշխարհում արդեն տարածվող կապիկի ծաղիկ հիվանդությունը։  Բայց  հայաստանյան հիվանդանոցներում պատրաստվում են դրա ախտորոշամնն ու կանխարգելմանը։ Հսկիչ սահմանային կետերում խիստ հսկողություն է սահմանված էկզոտիկ կենդանիների ներմուծման հարցում։ Քաղաքացիներին դեռևս կապիկի ծաղիկի դեմ չեն զննում։  Ախտանշաններ լինելու դեպքում դեպքերով կզբաղվեն հիվանդանոցները։   

Աշխարհում կապիկի ծաղկի դեպքերն ավելանում են։ ԱՀԿ տվյալներով՝ արդեն 95 դեպք՝ 13  երկրում՝ եվրոպական, ԱՄՆ և Կանադա։ Հայաստանում որևէ դեպք չի գրանցվել՝ հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարդու  և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը։

«Մենք շրջաբերական ենք իջեցրել Հայաստանի բժշկական հաստատություններին, որպեսզի A տիպիկ ցանավորում ունեցող անձանց նկատմամբ  ուշադիր լինեն։ Եվ որևէ կասկածելի դեպք առայժմ չունենք։ Ախտորոշման համար  աշխատանքներ են իրականանում»։

Հիվանդության ախտորոշվում է թեստերով և արյան միջոցով։  Առողջապահության նախարարությունն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ փորձում է կանխել վարակի ներթափանցումը սահմանային անցման կետերում՝ դեռ էկզոտիկ կրծողների ներմուծումն արգելելով։

Լուսինե Պարոնյան․ «Քաղաքացիների համար դեռևս վերահսկողություն սահմանային անցման կետերում չկան, որովհետև պետք է ախտանշաններ լինեն, որ մարդը վարակիչ է։ Եթե լինի, արդեն հիվանդանոցները պետք է այն հայտնաբերեն»։

Կապիկի ծաղիկ  վարակի դեպքերն արձանագրվել են 1970-ականից՝ աֆրիկյան երկրներում։  Աշխարհը փորձում է քայլեր ձեռնարկել դրա նոր տարածման դեմ։

«Մի շարք երկրներում ուժեղացվել է հսկողությունը նոր դեպքերի հայտնաբերման, վաղ ախտորոշման ու մեկուսացման համար։  Դեպքերը թեթև են ընթանում, որովհետև  ապացուցվել է, որ այս դեպքերը կապված են արևմտյան աֆրիկյան շճախմբի հետ, որն ավելի թեթև է ընթանում։  Ավելի արագ է տարածվում, սակայն թեթև են տանում»։

Դեպքերը հիմնականում երիտասարդների շրջանում են, առավելապես՝ տղամարդկանց։ Համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանի խոսքով՝ վիրուսն օդակաթիլային փոխանցվելու ռիսկ չունի, մարդկանց շրջանում փոխանցվում է սերտ շփմամբ։  

«Մարդկանց շրջանում փոխանցվում է  երկարատև սերտ շփման միջոցով։ Եվ առավելապես այստեղ  միասեռ շփումներն են։ Համասեռամոլների շրջանում են առավել շատ դեպքեր արձանագրվել, բայց սա դեռևս վերջնական չի, որ դա փոխանցվում է միայն այս խմբի շրջանում, հավանական է նաև համատեղ իրերի օգտագործման միջոցով, միաժամանակ երկարատև վարակի հետ նույն տարածքում գտնվելու միրջձոցով։ Առկա դեպքերի փոխանցման մեխանիզմը դեռևս վերջնական պարզաբանված չէ»։

Գլխացավեր, հոգնածություն, մկանացավեր, ջերմություն՝ այս ախտանշաններից  մեկից երեք օր անց ցանի առաջացում, որը նման է բնական ծաղկի ցանին՝ ասում է Լուսինե Պարոնյանը։  Այդ բշտերից ևս հնարավոր է վարակի փոխանցումը՝ ուշադրություն հրավիրում նա։

«Բշտիկներ են առաջանում։ Եվ դրանց հեղուկներով շփման դեպքում արդեն հնարավոր է վարակի փոխանցումը»։  

Վիրուսից մահաբերությունը 1.6-ից 10 տոկոս է՝ ասում է համաճարակաբանը։ Ինչպես վիրուսային մյուս վարակները՝ բուժումն ախտանշանային է։ Առանձնահատուկ բուժում չկա։

«Վիրուսի դեմ սպեցիֆիկ բուժում չկա։ Զուտ ախտանշանային, այսինքն՝ կլինիկական ախտանշանները մեղմելուն են ուղղված։ Բուժման միջոցառումները ոչ վիրուսի դեմ»։

Վարակի դեմ պատվաստանյութ ևս չկա։ Բնական ծաղիկն ու կապկի ծաղիկը նույն խմբի վիրուս են, իսկ բնական ծաղկի պատվաստանյութերը մոտ 85 արդյունավետ են կապիկի ծաղկի կանխարգելման համար։ Իսկ բնական ծաղկի մասսայական պատվաստումներ 80 թվականից այս կողմ չեն իրականացվել, ասում է  ՀՎԿԱԿ  իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության  բաժնի պետ Սվետլաննա Գրիգորյանը։

«Այս պատվաստանյութերը կենդանի պատվաստանյութեր են։ Նախատեսված են 18 և բարձր տարիքի անձանց համար։ Հաստատվել են ԱՄՆ  դեղերի և պարենի գործակալության, ինչպես նաև եվրոպական դեղերի գործակալության կողմից»։ 

Ովքեր 1980-ականներին պատվաստվել են բնական ծաղկի դեմ, որոշակիորեն  պաշտպանված են  կապիկի ծաղկով վարակվելուց։ Պատվաստանյութն արտադրվում է, մշակվում է, սակայն այն նախատեսված է խիստ սահմանափակ  կիրառման համար։ Հիմնականում այն անձանց համար է, ովքեր աշխատում են հենց այդ հարուցիչների հետ։  Հայաստանում այդ պատվաստանյութը չկա։

Back to top button