Վերնատուն

«Երևա, երևա, Երևան» հուշագրությունը՝ քաղաքի հանդեպ խանդաղատանքը վերադարձնելու փորձ․ «Վերնատուն»

«Երևա, երևա, Երևան» ինքնակենսագրական գիրքը Երևան քաղաքի խորհրդային անցյալի ու հետխորհրդային ներկայի վավերագրումն է․ մշակութային միջավայրը, առօրյան, մարդիկ ու նրանց փոխհարաբերությունները։

Գրքի հեղինակը՝ հրապարակախոս Լուսինե Հովհաննիսյանն ասում է՝ գիրքը գրելու շարժառիթը ափսոսանքն է․

«Զգում էի, որ մոռացվում են ոչ հանրահայտ, բայց արժեքավոր մարդիկ, որոնք շատ կոլորիտային կերպարներ էին իրեց միջավայրում։ Ես ափսոսում էի, որ դա կկորչի․ կմոռացվեն մարդիկ, շենքերը, այնտեղ կատարվող իրադարձությունները, մթնոլորտը»։

Լուսինե Հովհաննիսյանը նշում է, որ Երևանը մարդիկ են, բայց նաև շենքերն են, որոնք արհեստականորեն վերացրինք, որ նրանց մասին հուշը չլինի։ Ասում է՝ փորձում է հուշը փրկել ժամանակների ճիրաններից։

«Ես հիմա չեմ զգում ինձ Երևանում, ամեն կերպ փորձում եմ․ եթե չկա այն մանկապարտեզն ու դպրոցը, տունը, ծնողներիդ աշխատավայրը, հացի խանութը։ Եվրոպական քաղաքները իրենց հին միջավայրը պահում են, նորոգում են, մենք միանգամից ավերում ենք այն», – ասում է նա։ Ասում է՝ բազմաթիվ պատճառներ կարելի է թվարկել, թե ինչպես և որ պահին կորավ քաղաքը։

«Քաղաքը կորավ, երբ այն սկսեցին ղեկավարել մարդիկ, որոնք չէին ըմբռնել քաղաքի հանրային շահի առանձնահատկությունը և իրենց հետ բերել էին «գյուղի տնամերձի» շահը։ Քաղաքում տնամերձով չի կարող մթնոլորտ ստեղծվել, քաղաքը այլ շահ ունի, դա հանրային շահն է։ Խորհրդային միությունը բռնապետական էր, բայց ուներ քաղաքի մասին պատկերացում և կար քաղաքի մշակույթ, որտեղ կար «կարելիի» ու «չիկարելիի» սահման»։

Լուսինե Հովհաննիսյանն նշում է, որ գիրքը գրելով հավակնություն չի ունեցել գրող լինել կամ որևէ բաց լրացնել․ սա «հուզական էգոիզմի» դրսևորում է, տուրք՝ անձնական հուշերին ու կարոտին։ Ասում է՝ կուզեի 10 օրով հայտնվել հին Երևանում և անցյալից քաղաքի հանդեպ խանդաղատանքը վերադարձնել։

Back to top button