ԿարևորՔաղաքական

Արդյունավե՞տ, թե՞ ռիսկային․ Բաքու-Երևան դիվանագիտական «կշեռքի» նժարներն ինչպես են տատանվել բրյուսելյան երրորդ հանդիպումից

Առաջիկա օրերին տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանի անվտանգության հարցերով համատեղ հանձնաժողովի առաջին նիստը հենց սահմանին՝ նախօրեին Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնություններից ոոշ մանրամասներ է հայտնել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։ Թե կոնկրետ երբ և սահմանի որ հատվածում է լինելու հանդիպումը` եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան չի հստակեցրել: Միշելը որպես արդյունք է արձանագրել հետևյալը՝  «Սահմանների հարցով  հանձնաժողովների առաջին հանդիպմանը կքննարկվեն սահմանագծման և սահմանային անվտանգությունը լավագույնս ապահովելու  բոլոր հարցերը»։ Մինչ պաշտոնական աղբյուրները և միջազգային հայտարարությունները խոսում են որոշ արդյունքների մասին, հայաստանյան ընդդիմությունը լուրջ ռիսկեր է տեսնում։  

Հանդիպումն արդյունավետ էր․ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի գնահատումն է Փաշինյանի ու Ալիևի հետ իր կիրակնօրյա հանդիպման վերաբերյալ։ Պաշտոնական Երևանի հաղորդագրության մեջ  եռակողմ հանդիպման մասին շատ մանրամասներ չեն հաղորդվում։ Տեղեկացվում է՝ մինչ հանդիպումը Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահն առանձնազրույցներ են ունեցել Եվրոպական խորհրդի ղեկավարի հետ։

Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակ, հումանիտար խնդիրներ՝ Հայաստանի վարչապետի շեշտադրումներն են Միշել-Փաշինյան-Ալիև ձևաչափով արդեն երրորդ հանդիպմանը Բրյուսելում, որը մեկնարկեց մայիսի 22-ի երեկոյան և ավարտվեց կեսգիշերն անց:

Հանդիպումից հետո ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի առաջնորդները լրագրողների հարցերին չեն պատասխանել: Որոշ մանրամասներ հայտնել է Եվրոպական խորհրդի ղեկավարը՝ առանձնացնելով մի քանի կետ։

  • Սահմանային հարցեր

«Առաջիկա օրերին միջպետական սահմանին կկայանա սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը՝ սահմանազատման և կայուն իրավիճակի լավագույնս ապահովման հարցերով»։

  • Հաղորդակցություններ

«Ղեկավարները համաձայնության եկան տարանցման կարգավորման սկզբունքների վերաբերյալ՝ Ադրբեջանի և Նախիջևանի, Ադրբեջանի տարածքով՝ Հայաստանի տարբեր մասերի, ինչպես նաև երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային բեռնափոխադրումների շուրջ: Սահմանների կառավարում, անվտանգություն, հողի վճարներ, մաքսային սկզբունքներ՝ միջազգային բեռնափոխադրումների համատեքստում՝ փոխվարչապետներն այս աշխատանքն առաջ կտանեն առաջիկա օրերին»։

  • Խաղաղության պայմանագիր

«Ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներն առաջիկա շաբաթներին  ԱԳ նախարարների գլխավորած թիմերը առաջ կտանեն։ Շեշտել եմ Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման հարցը»:

  • Սոցիալ-տնտեսական զարգացում

«ԵՄ-ն կշարունակի Տնտեսական խորհրդատվությունը տնտեսական զարգացման ապահովման նպատակով»,– ասել է Շառլ Միշելը եռակողմ հանդիպումից հետո։  

Մինչ Եվրոպական խորհրդի ղեկավարը որոշ փակագծեր է բացում որպես արդյունք, հայաստանյան ընդդիմադիր ու քաղաքագիտական դաշտում լուրջ վերապահումներով են արձագանքում բանակցությունների ընթացքին՝ Արցախի հետագա կարգավիճակի ռիսկեր տեսնելով։

Քաղաքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյբուքյան գրառմամբ նկատում է՝ բանակցություններում չկա Արցախի կարգավիճակի մասին ոչ մի խոսք, ոչ մի խոսք՝ ազգերի ինքնորոշման իրավունքի մասին։

Միջազգային իրավունքի մասնագետ Սոսի Թաթիկյանը Ադրբեջանի տարածքով Հայաստանի տարբեր մասերի միմյանց հետ կապվելու մասով ենթադրում է, որ դա կարող է միտված լինել Գորիս-Կապան ճանապարհի, նրա ձևակերպմամբ, ոխերիմ հարևանի մասնակի վերահսկողության առաջացրած դժվարությունների հաղթահարմանը։ Դա կարող է նշանակել նաև Նախիջևանով Հայաստանի տարբեր մասերի՝ միմյանց հետ կապը, որն ավելի արագ կլինի, քան ներկայում Հայաստանի միջով է։

«Եթե այդ երկու կետից մեկը կամ երկուսը լինի, դա ճանապարհների ապաշրջափակումն է՝ առանց Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման վտանգի, ինչը բացասական չէ։ Տեսականորեն դա կարող է հասկացվել նաև որպես անկլավներին կամ միջանցքին առնչվող և նոր ռիսկեր պարունակող համաձայնություններ, սակայն ես չեմ կարծում, որ այդ է։ Վերջին էտապում զարգացումներին ու հայտարարություններին հետևելով՝ այդ ռիսկերը հիմա նվազեցված եմ համարում»,– ասված է Սոսի Թաթիկյանի գրառման մեջ։

Ընդդիմությունը շարունակում է իր փողոցային պայքարը՝ առաջ տանելով  գաղափարը, որ  Փաշինյանը չունի միջազգային հարթակներում Հայաստանի անունից բանակցություններ վարելու մանդատ։

«Հարաբերությունների կարգավորման և խաղաղության հաստատման հիմնարար մոտեցումներն ու սկզբունքները  պետք է լինեն կողմերի հավատարմությունը միջազգային հիմնարար սկզբունքներին, այդ թվում՝ տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման իրավունքի և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման հանդեպ»,– մեջբերում ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանի գրառումից։

Քաղաքական դաշտում համադրում են Բաքվի 5 ու Երևանի հավելած 6 կետերը, դեռ փորձում հասկանալ՝ դիվանագիտական կշեռքի նժարը ում օգտին ինչպես է տատանվել։ Իսկ բրյուսելյան հանդիպումների արանքում քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն Արցախյան խնդրի վերաբերյալ միջազգային բառաֆոնդում տեսանելի փոփոխություններ է նկատում․

«Բլինքենն Ալիևին հիշեցրել էր ռազմագերիներին վերադարձնելու մասին, որ ԱՄՆ-ը պատրաստ է որպես ՄԽ համանախագահ շարունակել միջնորդել Արցախյան խնդրով, Մոսկվան ևս հիշեցնում է Մինսկի խմբի մասին։ Իսկ Ալիևը հետքայլ է կատարել բրյուսելյան առաջին պայմանավորվածություններից»,– գրել է Ստյոպա Սաֆարյանը։

Ի հակառակ Ալիևի պնդումների՝ միջազգային հանրությունը խոսում է հակամարտության՝ դեռ լուծված չլինելու մասին։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայկական կողմի առաջարկներին Բաքվի արձագանքի մասով նախորդիվ նկատել էր․

«Ադրբեջանն այս հարցում իրոք հայտնվել է դիվանագիտական մեկուսացման մեջ, որովհետև մեր միջազգային գործընկերները՝ թե անհատ պետություններ թե միջազգային կառույցներ, ըմբռնելով և կիսելով մեր տեսակետերը և քայլերը մեզ ազդակներ են ուղարկում, որ այն ինչ անում է Ադրբեջանը ոչ մի կերպ հասկանալի և ընդունելի չէ և սա չի կարող իր ազդեցությունը չունենալ հետագա գործընթացի վրա»,– ասում է Էդուարդ Աղաջանյանը։

Շառլ Միշելը միայն իր սեփական տեսակետն է հայտնել․

«Ես ընդգծեցի երկու կողմի համար, որ իմ համոզմամբ՝ անհրաժեշտ է, որ Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներին ու անվտանգությանը ևս անդրադարձ կատարվի»,– ասել է Շառլ Միշելը:

Եվրոպական խորհրդի ղեկավարը նաև ընդգծել է, որ կարևոր է ժողովուրդներին նախապատրաստել կայուն խաղաղության, շեշտելով` Եվրամիությունը պատրաստ է ակտիվացնել աջակցությունն այս ուղղությամբ: Ըստ Միշելի, Փաշինյանն ու Ալիևը խոստացել են պահպանել սերտ շփումներն ու նույն` եռակողմ ձևաչափով ևս մեկ հանդիպում էլ անցկացնել հուլիսին կամ օգոստոսին:

Back to top button