«Ֆլայ Արնա»-ն կանի գին-որակ հարաբերակցության ամենալավ առաջարկը


Հաջորդ ամսվանից «Ֆլայ Արնա»-ն կսկսի տոմսերի վաճառքը, հուլիսից արդեն՝ թռիչքները, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ԱՆԻՖ-ի բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Թադևոսյանը։ Առաջին թռիչքները կկազմակերպվեն դեպի ՌԴ ու Միջին Արևելք՝ առայժմ մեկ օդանավով։ Ընկերությունն այս պահին 2 օդանավ ունի։ Դեպի Եվրոպա նույնպես թռիչքներ կիրականցվեն, բայց ավելի ուշ՝ թերևս հաջորդ տարեսկզբին։ Կլինեն առաջարկներ և ավանդական, և նոր ուղղություններով։
Հայկ Թադևոսյանը չի կիսում փորձագիտական այն կարծիքը, թե ազգային ավիափոխադրողը չի կարող օտարերկրյա ներդրողի մասնակցությամբ գործել։ «Էյր Արաբիա» ընկերությանը պատկանում է բաժնետոմսերի 49 տոկոսը՝ ասում է Հայկ Թադևոսյանը և մանրամասնում․ «Սա հնարավորություն է տալիս ունենալ ձայնի հավասար իրավունք և ձևավորել լավ նախադեպ։ Ավելին՝ ազգային ավիափոխադրողի կառուցման գործընթացում բավականին հաջողված փորձ ունեցող ընկերություն է ներգրավված»։
Ֆոնդի պորտֆելում որպես ենթակառուցվածքային ծրագիր «Ֆլայ Արնա»-ն հատուկ տեղ է գրավում, և ջանք չի խնայվելու, որ ավիաընկերությունն առաջատար լինի թե Հայաստանում, թե տարածաշրջանում։
Ինչո՞ւ «Ֆլայ Արնա»
«Ֆլայ Արնա»-ն ազգային բյուջետային ավիափոխադրող ընկերություն է, որի բազան Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն է։ Ավիաընկերության անվանումը բաց մրցույթով որոշել են ՀՀ քաղաքացիները: Համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդը մրցույթի արդյունքում ընտրել է «Fly Arna» («Ֆլայ Արնա») անվանումը։ «Արնա» բառը ստացվել է «Հայկական ազգային ավիաուղիներ» (Armenian National Airlines) անվանումից՝ համադրելով «Armenian» բառի առաջին երկու, «National» և «Airline» բառերի առաջին տառերը: ԱՆԻՖ-ի բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Թադևոսյանն ասում է, որ առաջին թռիչքները կկազմակերպվեն դեպի ՌԴ ու Միջին արևելք՝ առայժմ մեկ օդանավով։ Ընկերությունը երեք տարվա ընթացքում նախատեսում է թռիչքներ ունենալ ռուսաստանյան ութ տարածաշրջանային կետեր՝ ներառյալ Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը, Երևանը կապել Վրաստանի, Ուկրաինայի և Իրանի մայրաքաղաքներին, դուրս գալ եվրոպական շուկա և համապարփակ առաջարկներ անել Պարսից ծոցի երկրների վերաբերյալ։


Ինչո՞ւ հենց ՌԴ , ինչպե ՞ս են ընտրվում ուղղությունները
ՌԴ-ն Հայաստանի համար ամենածանրաբեռնված ու պահանջարկ ունեցող ուղղություններից է։ Լրացուցիչ գործոն է նաև ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված իրավիճակը․ ռուսական ընկերություններն ավիապարկերի հետ կապված խնդիրներ ունեն, ավելի քիչ թռիչքներ են իրականացնում։ «Fly Arna»-ն փորձելու է լրացնել նաև այդ բացը։
Ի՞նչ կփոխի ազգային ավիափոխադրողի մուտքը հայկական ավիաշուկայում, երբ սպասել ավիատոմսերի գների նվազման ։
ԱՆԻՖ-ում հույս ունեն, որ ավիատոմսերի գների նվազման ակնկալիքն իրատեսական է, քանի որ գործընկերոջ՝ «Էյր Արաբիա»-ի բիզնես մոդելը մոտ է բյուջետային ավիաընկերությունների մոդելին։ «Կարծում եմ, որ գնային սեգմենտում մենք կլինենք գին-որակ հարաբերակցության ամենալավ առաջարկ անողը»,-ասում է ԱՆԻՖ-ի բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Թադևոսյանը։ Դեպի Եվրոպա նույնպես թռիչքներ կիրականցվեն, բայց ավելի ուշ՝ թերևս հաջորդ տարեսկզբին։ Կլինեն առաջարկներ և ավանդական, և նոր ուղղություններով։
Ի՞նչ անել, եթե Թուրքիան թույլ չտա թռիչքներ իրականացնել իր օդային տարածքով
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ԱՆԻՖ-ի բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Թադևոսյանի խոսքով՝ Այնպես չէ, որ Թուրքիայի օդային տարածքը մինչև «Ֆլայ Արնա»-ն բաց է եղել հայկական կոմերցիոն օդանավերի համար՝ նկատում է Հայկ Թադևոսյանը ։ Այդ հարցում ապավինելու են գործընկերոջ՝«Էյր Արաբիա»-ի լավ կապերին, եթե, իհարկե, Թուրքիան ամբողջությամբ չքաղաքականացնի հարցը։ Ամբողջությամբ փակելը, ԱՆԻֆ-ի ներկայացուցչի խոսքով, այն օպերացիոն ռիսկն է, որի մասին ֆոնդում տեղյակ են, և որը պետք է կառավարել։ «Բացի դրանից՝ Թուրքիայի օդային տարածքը միակը չէ, որով կարող ենք դուրս գալ այլ տարածքներ։ Նույն հաջողությամբ մեր գործընկերոջ գործոնը կարող է մեզ թույլ տալ Երևանը կապել աշխարհի այլ քաղաքների հետ՝ հենց իրենց բազային օդանավակայանում, որը գտնվում է Շարժայում»,-նկատում է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ԱՆԻՖ-ի բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Թադևոսյանը։