ԿարևորՀասարակություն

Վանաձորցիները փակել են Աղայան փողոցն ու կաթվածահար արել քաղաքային տրանսպորտը

Վաղ առավոտից Վանաձորում փակ է քաղաքի ամենաբանուկ փողոցներից մեկը՝ Աղայանը: Թաղամասի բնակիչները պահանջում են սեղմ ժամկետում ավարտին հասցնել 8 ամսիցավելի ձգվող ասֆալտապատումը: Փողոցը  մի քանի անգամփակելն օգուտ չիտվել․ բնակիչների պահանջը չի լսվել: Այս անգամ էլ անտեսված մնալու դեպքում պատրաստ են փակել Վանաձորի ելքերն ու մուտքերնու միջպետականմայրուղին:  

Աղայան փողոցը կբացենք, երբ փողոցը կասֆալտապատեն՝ ասում են Վանաձորի Դիմաց թաղամասի բնակիչները: Նրանք փակել են Աղայան բարձրացող ճանապարհները՝ խափանելով տրանսպորտի աշխատանքը:

«Ասում են հոկտեմբերին պիտի սարքեն, տենց ո՞նց կլնի»:

«Պալիտիկայի հետ մենք ընդհանրապես կապ չունենք, մեր ասելունը, որ էս 1 տարի ա ճանապարհը սարքեն: Երեխաները չեն կարողանում դրսում խաղան, լիքը մարդիկ կան ասթմայով հիվանդ, էս թոզը 1 տարի ա շնչում են: Մենք ճանապարհները փակել ենք, որ մեզ լսեն, մենք էլ ուրիշ ձև չունենք»:

«3 անգամ փակել ենք, ոչ մի պատասխան չեն տալիս մեզ»:

«Որ հստակ պատասխան չեղավ, պտի սաղ փակվի, որ Վանաձոր ոչ մի մեքենա  չմտնի»:

«Տեխզննումն անցնում ենք, բարձրանում Բազում թաղամաս, գնում նորից տեխզննման, որ 60.000 դրամ ծախսել ենք տեխզննում արել ավտոն»:

«Մարդիկ չեն ֆինանսավորվում, չեն անում: Փողի խնդիր ա»:

«Նիստ պիտի լինի ավագանու իբր, որ էդ գումարները փոխանցեն»:

«Մինչև հոկտեմբեր փակ ենք պահելու»:

Քսղաքացիների խոսքով՝ տեղում եղել է նաև Վանաձորի համայնքապետի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանը: Վերջինս զանգերին չի պատասխանում: Վանաձորի համայնքապետարանից էլ «Ռադիոլուր»-ին պարզաբանում չտվեցին: Բողոքի քայլին են միացել նաև Փելեշյանին պատկանող Վանաձորի ներքաղաքային երթուղիներն սպասարկող մի քանի գծերի միկրոավտոբուսներ: Հարց է ծագում`« ՏԻ՞Մ-ն է իշխանություններին սաբոտաժ անում, թե՞ իշխանությունները ՏԻՄ-ին»,- ասում է «Ուղղակի Ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Գևորգ Քոթանջյանը: Էականն այն է, որ հարկատուները պահանջում են իրենց վերադարձնել հարկերը՝ ասֆալտապատ ճանապարհի տեսքով.

Գևորգ Քոթանջյան․ «Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը եղել է Դիմաց թաղամասում ու ինքն էր ասում, որ կա գումար, բայց օրենքը թույլ չի տալիս փոխանցել: Շատ տարօրինակ ու կասկածելի է այդ ամենը, որովհետև եթե կա գումար, ո՞ր օրենքն ու օրենքի ո՞ր կետն է արգելում: Միգուցե՞ իր լիազորությունները համարվում են ոչ լեգիտիմ և ինքն իրավասու չէ վճարել գումար, բայց նման խնդիր կարծես չկա: Տարօրինակ է և այն, որ ժամանակավոր պաշտոնակատարին տրանսպորտային գծերի մի մեծ ցանկ է պատկանում ու այդ գծերի մարշուտկաներն էլ են միացել փողոց փակողներին: Հիմա ո՞վ է ո՞ւմ սաբոտաժ անում»:

Կաթվածահար տրանսպորտային ցանցը դժվարություններ է առաջացրել: Անգամ տաքսու վարորդներն են  մերժում Աղայան փողոց գնալ: Տաքսիստներից  մեկն անկեղծանում է՝ լարված օրվանից հետո մի բաժակ օղին է օգնում։

«Ահավոր է, Աղայանից ուղևորներ էինք տեղափոխում, մարդիկ մղկտում են, ասում են, ո՛չ կարում ենք պատուհան բացենք, ո՛չ լվացք փռենք, ո՛չ բակ իջնենք, բա սա անելու բան է, երթերն ենք ուշացնում»։

Աղայան փողոցը ներառվել էր 2021թ.-ի սուբվենցիոն ծրագրերի ցանկում,- ասում է է Լոռու մարզպետարանի սուբվենցիոն ծրագրերի համակարգող Ռուբեն Մարգարյանը: 3 ծրագիր, այդ թվում՝ Աղայանի նորոգումը, տեղափոխվել են 2022 թվական՝ ելնելով մի շարք գործոններից: Ըստ ծրագրածի՝ աշխատանքը պիտի ավարտված լիներ 2021-ին։ 8 ամսից ավելի է՝ ձգձգվում է: Բնակիչները նաև քաղաքական խնդիր են տեսնում. ՏԻՄ նախընտրական շրջանում խոստացան ասֆալտել, արդյունքում բնակիչը մնաց փոշոտ ու քարուքանդ ճանապարհի հույսին: Եթե իրենց պահանջն այս անգամ էլ անտեսվի, խոստանում են կաթվածահար անել ողջ Վանաձորը՝ ասում է բնակիչներից մեկը:

«Պարալիզացված պետք ա մնա: Մեր ծնողներն էլ չեն գնում, մեր երեխեքն էլ սաղ ոտով են գնում: Քաղաքի տրանսպորտը կանգնած ա, միացել ա մեզ»:

Աղայան փողոցի ասֆալտապատման իրավունքը մրցույթով շահած «Լեոպոլդ և ընկերներ» ընկերության հետ կապվել  չհաջողվեց: Լոռու մարզպետարանի սուբվենցիոն ծրագրերի համակարգող Ռուբեն Մարգարյանը «Ռադիոլուր»-ին փոխանցեց, որ 331մլն դրամ արժեքով սուբվենցիոն ծրագրի 60/40 տոկոս համամասնությամբ համայնքի մասնաբաժինը 198 մլն. դրամ է, պետության ներդրումն էլ՝ 132.4 մլն., ասֆալտապատման ենթակա հատվածը՝ 1151 մետր:

Հավելենք,  որ դեռ այս ապրիլին Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանն էր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել, որ մարզպետի միջնորդությամբ տևական բանակցություններից հետո համաձայնություն է ձեռքբերվել «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-֊ի հետ՝ մայիսից վերսկսել Աղայան փողոցի ասֆալտապատումը: Մայիսն արդեն վերջանում է, իսկ մարդիկ շարունակում են փոշի  շնչել ու մեքենաներ վնասել անբարեկարգ ճանապարհի պատճառով։

Back to top button