ԿարևորՀասարակություն

ՌԴ-ից Հայաստան սահմանահատումների թիվն աճել է 8 անգամ

Նյու Յորքում տեղի է ունեցել առաջին Միգրացիայի դիտարկման միջազգային ֆորումը, որին մասնակցել է նաեւ Հայատանի միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը: Նա ելույթում նշել է, որ Հայաստանը կարեւորում է  միգրացիայի կառավարման  ու տեղահանված անձանց պաշտպանության հարցերը։

Հայաստանն առաջին անգամ 2020 թ-ին և երկրորդ անգամ այս տարի է հաստատել իր ազգային կամավոր զեկույցը՝ անվտանգ, կանոնավոր և ապահով միգրացիայի գլոբալ դաշնագրի կատարման վերաբերյալ։ 

Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ դրսևորված ագրեսիայի և ուժի կիրառման հետևանքով  Հայաստանը բախվել է տեղահանության ալիքի՝ Նյու Յորքում  Միգրացիայի դիտարկման միջազգային ֆորումի ժամանակ  ասել է Հայատանի միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը: Նա նշել է, որ Արցախից տեղահանվածներից շատերը նույնիսկ հրադադարի հաստատումից հետո ապահով վերադարձի հնարավորություն չունեն։  Ադրբեջանի պատվիարկը նյույորքյան  հարթակն օգտագործել է ադրբեջանական  տեսակետը միջազգային հանրության շրջանում տարածելու, վերաշարադրելու համար։ Ադրբեջանական խեղաթյուրված տեղեկությունները  հերքվել են՝ «Ռադիոլուր»-ին պատմել է Հայատանի միգրացիոն ծառայության մամուլի քարտուղար Նելլի Դավթյանը։

«Միգրացիոն ծառայության պետը նշել է, որ ֆորումը միգրացիայի մասին է, եւ սա կոնֆլիկտի նարատիվները կրկնելու,  քարոզչություն տարածելու հարթակ չէ, առավել եւս, որ ներկայացվածը միգրացիայի հետ կապ չունի։ Նաև նշել է , որ կսանհամափակվի՝ ադրբեջանական ապատեղեկատվությունը հերքելով»։

Ռեադմիսիոն գործընթացներից մինչեւ ապաստան հայցողների համար Հայաստանում  նոր, հատուկ կացարանի շինարարություն․ Նյու Յորքում  միջազգային հանրությանը Հայատանի միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկայացրել է նաեւ միգրացիայի կառավարման  ու տեղահանված անձանց պաշտպանության հարցերը։  Գործընկերները դիտարկել են Հայաստանում գործունեության շրջանակն ընդլայնելու հնարավորությունը:

 «Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը բազմակողմանի ջանքերի եւ մարդու իրավունքների վրա հիմնված լուծումների ուղղությամբ՝ միգրացիայի ու շարժունության ոլորտում ի հայտ եկող մարտահրավերներին դիմակայելու առումով»:

Միգրանտների համար Աբովյանում կառուցվող  նոր, հատուկ կացարանի շինարարությունը նախատեսվում  է ավարտին հասցնել այս տարվա հոկտեմբերին, սակայն աջակցության անհրաժեշտություն է առաջացել, բանակցությունները գուցե արդյունք տան՝ ասում է Նելլի Դավթյանը։

«Գնաճի պայմաններում որոշակի բյուջետային սղություն ենք արձանագրել, այդ ուղղությամբ բանակցություններ են վարվել տարբեր գործնկերների՝ Դանիայի, Ավստրիայի, Շվեդիայի պատվիարակությունների հետ եւ հուսանք, որ առաջիկայում դրանք արդյունք կտան։  Ընդհանուր առմամբ՝ 1.4 մլն դոլարի շինարարություն է ընթացքի մեջ»։

Ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր ապաստան հայցող Ուկրաինայի քաղաքացիների թիվը շուրջ 200 է, նրանց մեծ մասը հայեր են ու հիմնականում կացարանի կարիք չունեն՝ ասում է Միգրացիոն ծառայության մամուլի քարտուղարը։

142 հազարից անցնում է առաջին եռամսյակում ՌԴ-ից Հայաստան սահմանահատումների թիվը։ Ավելի քան 138 հազար էլ հակառակ ուղղությամբ տեղաշարժվածների թիվն է։ Տարբերությունը 4006 է։

«Անցյալ տարվա առաջին եռամսյակի ընթացքում մուտքերի և ելքերի տարբերությունը 501 էր, ինչը նշանակում է, որ ՌԴ քաղաքացիների մասով պատկերն աճել է մոտ 8 անգամ։ Ինչ վերաբերում է Ուկրաինայի քաղաքացիների սահմանահատումներին, ապա մուտքերն առաջին եռամսյակում եղել են 5900, ելքերը՝ 5600։ Տարբերությունը մոտ 300 է»։

ՀՀ քանի՞ քաղաքացի է անօրինական կերպով  գտնվում այս կամ այն երկրում։ Այս տարվա առաջին եռամսյակի ռեադմիսիոն վիճակագրության համաձայն՝  ստացվել է 130 հայտ 308 անձի վերաբերյալ, նրանցից 236-ի  քաղաքացիությունը հաստատվել է Հայաստանի կողմից։ Հայտերը հիմնականում  եվրոպական երկրներից են։ Առաջին հորիզոնականում Գերմանիան է՝ 214 անձանց վերաբերյալ հայցերով։ Երկորդ հորիզոնականում Շվեդիան է, հաջորդում են Ֆրանսիան, Ավստրիան ու Նիդեռլանդները։ Ճնշող մեծամասնությունը  հետընդունման ենթակա անձինք են։

Back to top button