ԿարևորՀասարակություն

Պետք է ցույց տալ Ադրբեջանի գործողությունների դիտավորությունը. Արցախի ՄԻՊ

Պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ֆիզուլում և Շուշիում այսօր լայն թափով շինանարական աշխատանքներ են ընթանում: Դեպի Ստեփանակերտ գնացող ճանապարհից շատ հստակ երևում է:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյան ասաց, որ այդ շինարարությունը վտանգ է ներկայացնում: «Առաջին հերթին վտանգավոր է, քանի որ իրենք օկուպացրել են մեր տարածքները, ու այնտեղ ապօրինի շինարարություն է ընթանում», — լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի ՄԻՊ-ը:

Խոսելով մեկ այլ կառուցվող ճանապարհի մասին` Գեղամ Ստեփանյանը նկատեց. «Այս պահին իմ ունեցած ինֆորմացիայի համաձայն, ճանապարհը պետք է շրջացնի Բերձորը և Աղավնո համայնքը, բայց դեռևս հստակեցված չէ Բերձորում և Աղավնոյում հայկական բնակչություն լինելու հարցը։ Մենք շարունակում ենք պնդել, որ հնարավորությունները այնուամենայնիվ պահպանվեն»:

ՄԻՊ-ը խոսեց նաև օրեր առաջ տեղի ունեցած դեպքի մասին, երբ Դրմբոն-Մարտակերտ ճանապարհին ադրբեջանական շարասյան մեջ մտնող քարշակող բեռնատարը հրել ու ձորակն էր գցել հայկական ավտոմեքենան:

Գեղամ Ստեփանյանը նշեց, որ քրեական գործ է հարուցվել ու հորդորեց թերահավատորեն չվերաբերվել այդ հանգամանքին, քանի որ պետք է ցույց տալ, որ Ադրբեջանը ուղիղ դիտավորությամբ է նման գործողության դիմել:

«ՄԻՊ-ի կողմից փաստերը հավաքագրվել են ու ցույց են տալիս,որ ուղիղ դիտավորություն կար` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեքենան հրելուց հետո ադրբեջանական բեռնատարը չի կանգնել, ինչը քրեորեն պատժելի արարք է: Այդ ամենը պետք է ցույց տալ: Նախորդ 1,5 տարվա զեկույցներում 100 ֊ից ավելի քրեական գործեր են հարուցվել՝ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտման մասին: Եթե անգամ չի հաջողվում մեղավորներին պատասխանտվության ենթարկել, մենք պետք է ցույց տանք Ադրբեջանի կողմից հայատյաց քաղաքականության շարունակականությունը: Դա է պատճառը, որ Ալիևը տարբեր հարթակներում զրույցների ժամանակ ասում է, որ դրանք հազվադեպ դեպքեր են, այսինքն` ուզում է այնպես անել, որ միջազգային հանրության աչքի առաջ այդ դեպքերը համակարգային չերևան: Մեր խնդիրը հակառակն է` ներկայացնել, որ դրանք համակարգային են, որ ուղորդվում են մեկ կենտրոնից, ու հատուկ է արվում Ադրբեջանի իշխանությունների կողմից»,֊ ասաց Գեղամ Ստեփանյանը:

Back to top button