ԿարևորՀասարակություն

Մեր նոր հաղթանակների շարքը սկսվելու է Արցախից․ «Ապագա Հայկական»-ի ֆորումը՝ Ստեփանակերտում

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկել  է «Ապագա Հայկականը»  նախաձեռնության ֆորումը։ Նպատակը հանրային քննարկումների միջոցով այն առաջնահերթություններն առանձնացնելն է, որոնք անհրաժեշտ են հայկական պետությունների զարգացումն ապահովելու համար: Համաժողովը  կազմակերպել է The Future Armenian հիմնադրամը, այն անցկացվել է հանրային քննարկումների ձեւաչափով՝ քաղաքացիական հասարակութան եւ պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։

«Ապագա Հայկականը» հիմնադրամը, որն աջակիցներ ունի 108 երկրներում ապրող  մեր հայրենակիցների շրջանում, հայ ժողովրդի համար 15 առանցքային հարց է առաջադրել՝ ժողովրդագրությունից  մինչև Արցախի անվտանգություն ու տնտեսություն։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանի խոսքով՝ համաժողովով  տրվում է կարևոագույն հարցերի շուրջ  հանրային լայն քննարկումների մեկնարկը։

«Քննարկումների նպատակն է ունենալ համահայկական ըմբռնում, ծրագրավորում բոլոր նպատակների և դրանց հասնելու քայլերի շուրջ, որոնք նպաստելու են Հայաստանի, Արցախի և Սփյուռքում հայության կայուն զարգացմանը, անվտանգության ապահովմանը, տնտեսական զարգացմանը և սոցիա-տնտեսական զարգացմանը: Աշխատանքների այս փուլի մեկնարկն Արցախից պատահական չէ: Մեր նոր հաղթանակների շարքն էլ սկսվելու է Արցախից»,-վստահ է Արտակ Ապիտոնյանը:

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը համամիտ է՝ շատ խնդիրների լուծումներ կարող են տրվել Արցախից կամ Արցախին վերաբերող հարցերից, ուստի առաջիկայում պատրաստվում է ավելի մանրամասն հոդվածով ներկայացնել իր պատկերացումները ներկայի և ապագայի շուրջ: Մինչ այդ ներկայացնում է առանձնացրած հիմնական ուղղությունները։

«Պատերազմից հետո որոշակի լուծումներ Արցախի կառավարության կողմից տրվել են, բայց դրանք եղել են կարճաժամկետ, ավելի շատ օպերատիվ խնդիրներ լուծելուն միտված: Վերջին ամիսներին սկսել ենք որոշակի աշխատանք ժողովրդագրության ռազմավարության մշակման ուղղությամբ։ Եվ կարող եմ ասել, որ այս ֆորումը ճիշտ ժամանակին և ճիշտ ձևաչափով է, որպեսզի լրացուցիչ ներգրավվածություն ունենանք բոլոր կարող ուժերի, բոլոր շահագրգիռ և սրտացավ անձանց ու փորձենք համատեղ մշակել ու իրականացնելայդ ռազմավարությունը »։

Արցախյան համաժողովին նախորդել էր փորձագետների խմբի աշխատանքը, որի արդյունքում քննարկման մի քանի սցենարներ են մշակվել և ներկայացվել հանդիպման մասնակիցներին։ «Անվտանգություն, տնտեսություն, ժողովրդագրություն. ահա Արցախի հիմնական խնդիրները»,- շեշտում է   Արցախի  նախագահ Արայիկ Հարությունյանը։  Նա առանձնացնում է  բնակարանաշինության ծրագրերը Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով բնակարան կորցրածների համար։ Ասում է՝ կառավարությունն առաջնորդվում է «յուրաքանչյուր ընտանիքին՝ բնակարան» կարգախոսով։

«Արցախն ապրում է։ Այն, որ մենք քննարկում ենք նման հարցեր, նշանակում է, որ հավատում ենք ապագային»,- ասել է Արցախի նախագահը։

Հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն ընդգծում է, որ Արցախը չի պարտվել, եւ ոչինչ ավարտված չէ. «Հայաստանի և հայկական աշխարհի ապագայի շուրջ քննարկումները հնարավոր չեն առանց Արցախի ապագայի շուրջ քննարկման: Մենք այսօր քննարկեցինք այն քայլերը, որոնք հնարավորություն կտան դադարեցնել Արցախից բնակչության հոսքը, հակառակ ուղղությամբ այն շրջելով՝ վերածել ներգաղթի, խթանել բնակչության աճը: Ողջունելի է, որ այս քննարկումների արդյունքում մշակվել է ժողովրդագրական խնդիրների լուծմանն ուղղված կոնկրետ գործողությունների ծրագիր: Հայ ժողովրդի պատմության մեջ  այլ տխուր էջեր էլ են եղել։ Գլխավորը, որ արցախցիներն իրենց ապագան տեսնում են Արցախում»։ 

2022 թվականի աշնանը տեղի է ունենալու «Ապագա Հայկականը» նախաձեռնության համաժողովը, որն իր շուրջն է համախմբելու  շուրջ 200 մասնակիցների և առաջատար փորձագետների Հայաստանի Հանրապետությունից, Արցախից և Սփյուռքից։ Համաժողովի մասնակիցները բաց քննարկում են ծավալելու «Ապագա Հայկականը» նախաձեռնության 15 նպատակների կյանքի կոչման ծրագրերի շուրջ և ներկայացնելու են  առաջարկություններ իշխանություններին։

Ցուցադրել ավելի
Back to top button