ԿարևորՀասարակություն

Երբ ուսադիրն ապագա է․ 13 գեղեցկուհի լեյտենանտ՝ ՇՊՀ ռազմական ամբիոնից

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Շիրակի պետական համալսարանի ռազմական ամբիոնի 13 աղջիկ-շրջանավարտի շնորհվել է պահեստազորի առաջին սպայական «‎լեյտենանտ» զինվորական կոչում՝ փոխադրելով նրանց ՀՀ զինված ուժերի սպայական կազմ։ Պաշտոնական արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարության, ռազմական ոստիկանության, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ։

Շիրակի պետական համալսարանի Ռազմական ամբիոնի բակում օրհներգի  ներքո մեր դրոշը բարձրանում է 13 շրջանավարտ գեղեցկուհիների պատվին։ Գերազանց առաջադիմություն համար ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նրանք արդեն պահեստազորի առաջին սպայական ‎լեյտենանտ են։ Մինչ գեղեցկուհի սպաներին զինվորական կոչում տալը՝ նախ հարգանքի տուրք 44-օրյայում իրենց կյանքը տված՝ Շիրակի մայր բուհի 32 սաների հիշատակին։

Ապա՝ հանդիսավոր երթ ու կոչումների հանձնման պաշտոնական արարողություն։

Արդեն լեյտենանտ Լիլիթ Ավետիսյանն ասում է՝ կոչումին հասնելու ճանապարհը դժվար էր, արժանանալը՝ պատիվ։  

«Ոչինչ այս կյանքում հեշտ չի տրվում, այդ թվում՝ մեր այսօրվա ուսադիրները, քրտնաջան աշխատանք, անքուն գիշերներ, բայց, երբ արդեն տեսանելի է արդյունքը, բոլոր տանջանքները և մանր-մունր փորձությունները դառնում են անցողիկ և ոչ առաջնային։ Մեծ պատվով ենք այդ ուսադիրները կրելու։ Կարող է ձեր մոտ մի փոքր զարմանք առաջանալ, բայց այսօր բոլոր կոչում ստացողներն աղջիկներ են, քանի որ հայ կնոջ համար, հայ սպայի համար այսօր մեծ պատասխանատվություն է գտնվել զինվորի կողքին»։

Լիլիթի ծնողները երազում էին, որ իրենց դուստրը բժիշկ կամ իրավաբան դառնար, սակայն երիտասարդ գեղեցկուհուն համազգեստն էր ձգում, ոգեշնչում իրենց  զինղեկի կերպարը, ով նույնպես կին է։

«Իր օրինակն ավելի է ներշնչել ինձ մասնագիտության ընտրության հարցում»։

Օրվա հերոսներից լեյտենանտ Սվետլանա Սարգսյանի դեպքում էլ ընտանիքը, ավելի ճիշտ՝ Արցախյան ազատամարտի մասնակից հայրն է ոգեշնչել ու հորդորել դստերը՝ ընտրել զինվորականի մասնագիտությունը։

«Այսօր ինձ համար ամենաերջանիկ օրերից մեկն է, որ այսպես շքերթով ու հանդիսավոր կերպով են շնորհելու ինձ լեյտենանտի կոչում։ Ուզում եմ, որ իմ կոչումները լինեն շարունակական, և դրա համար ես պայքարելու եմ, մինչև, տա Աստված, հասնեմ Գեներալի կոչման»։

Սվետլանա Սարգսյանը նաև Շիրակի պատանի երկրապահների նախագահն է, մեր հերոս տղաների գործը շարունակող սաներ է պատրաստում։

Մինչ բակում զինվորական նվագախմբի ուղեկցությամբ հանդիսավոր միջոցառում է, ՇՊՀ ռազմական ամբիոնում պետական քննություններ ու մագիստրոսական թեզերի պաշտպանություն է։ Ավարտող գեղեցկուհիներն էլ են պատրաստվում պայքարել սպայական կոչում ստանալու համար։ Նրանցից շատերը նոր սերնդին կծանոթացնեն զինվորական գործի նրբություններին՝ զինղեկի դերում։ Շատերն են իրենց ապագան տեսնում միայն ՀՀ զինված ուժերում։  

Ցուցադրել ավելի
Back to top button