ԿարևորՔաղաքական

Առաջիկա օրերին միջպետական սահմանին կկայանա Սահմանային հարցերով հանձնաժողովների առաջին հանդիպումը. Շառլ Միշել

Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երրորդ հանդիպումը։

«Մենք կենտրոնացել ենք Հարավային Կովկասում իրադրության և երկու երկրների, ինչպես նաև ընդհանուր տարածաշրջանի հետ Եվրամիության հարաբերությունների զարգացման վրա»,- նշված է հայտարարության մեջ։

Վերանայվել է հարցերի ամբողջ փաթեթը: Մանրամասն քննարկում են ունեցել հումանիտար հարցերի, այդ թվում՝ ականազերծման և անհայտ կորածների ճակատագրի լուծմանն ուղղված ջանքերի վերաբերյալ:

ԵՄ խորհրդի նախագահը մանրամասներ է ներկայացրել արդյունքների վերաբերյալ:

Սահմանային հարցեր

Առաջիկա օրերին միջպետական սահմանին կկայանա Սահմանային հարցերով հանձնաժողովների առաջին հանդիպումը։ Դրա շրջանակում կքննարկվեն հարցեր` սահմանի սահմանազատման և կայունության պահպանման վերաբերյալ։

Հաղորդակցությունների ապաշրջափակում

Ղեկավարները պայմանավորվել են տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման անհրաժեշտության մասին։ Նրանք համաձայնեցրել են սկզբունքներ, որոնք կարգավորում են տարանցումը Ադրբեջանի արևմտյան մասից դեպի Նախիջևան և Հայաստանի տարբեր մասերի միջև` Ադրբեջանի տարածքով, ինչպես նաև միջազգային փոխադրումները` երկու երկրների հաղորդակցային ենթակառուցվածքներով։

Նրանք, մասնավորապես, պայմանավորվել են սահմանների կառավարման, անվտանգության, տարածքային տուրքերի, ինչպես նաև միջազգային փոխադրումների մաքսատուրքերի սկզբունքերի մասին։ Առաջիկա օրերին փոխվարչապետները կշարունակեն այդ աշխատանքը։

Խաղաղության պայմանագիր

Ղեկավարները պայմանավորվել են շարունակել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները կարգավորող ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները։ Առաջիկա շաբաթների ընթացքում ԱԳ նախարարների գլխավորած թիմերն առաջ կմղեն այդ գործընթացը։ «Ի հավելումն դրա` ես երկու ղեկավարների համար ընդգծել եմ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցերի լուծման անհրաժեշտությունը»,- նշել է Միշելը։

Սոցիալ-տնտեսական զարգացում

Եվրամիությունը երկու կողմերի հետ առաջ կտանի Տնտեսական խորհրդատվական խմբի աշխատանքը, որը ձգտում է նպաստել տնտեսական զարգացումը` ի բարօրություն երկու երկրների և նրանց բնակչության։ «Ես նաև ընդգծել եմ բնակչությանը երկարաժամկետ և կայուն խաղաղության նախապատրաստելու կարևորությունը։ Եվրամիությունը պատրաստ է ուժեղացնել իր աջակցությունը։ Մենք պայմանավորվել ենք շարունակել սերտ շփումները և նույն ձևաչափով կհանդիպենք հուլիսին կամ օգոստոսին»,- նշված է հայտարարության մեջ։

Back to top button