Ծովահայեր

Ստորջրյա լուսանկարչություն՝ օվկիանոսներից մինչև Գյումրի. «Ծովահայեր»

Ստորջրյա լուսանկարչություն, անցած դարի կեսերից մինչև մեր օրեր

Եվրոպայի, Ամերիկայի ափերն հարող ծովերից, օվկիանոսներից մինչև Գյումրիի լողավազան և Սինայի թերակղզի-Կարմիր ծով։

Ինչպիսի՞ պատկերներ են երևակայության ու իրականության խաչմերուկում…

Սկսենք՝ Եվրոպայից։

20-րդ դարի կեսին ֆրանսիացի օվկիանոսագետ, ճանապարհորդ Ժակ իվ Կուստոն ակվալանգի կատարելագործման գյուտից բացի նախագծեց «Սուզվող սկավառակ» տեսախցիկը։ Կուստոյի անունն աշխարհում առավել հայտնի դարձավ նաև իր ֆիլմերի շնորհիվ։ Ավագ և միջին սերնդի ներկայացուցիչներից շատերն են ոգեշնչվել Կուստոյի՝ «Կալիպսո» նավով կատարած արկածային ու հետազոտական արշավներով Ատլանտյան ու Հնդկական օվկիանոսներում, Կարմիր, Սև, Արաբական ծովերում ու Պարսից ծոցում։ Ստորջրյա տեսախցիկով ծովի խորքերի նկարահանումները տեղ գտան Կուստոյի ֆիլմերում ու գրքերում, գրքերից մեկի վերնագիրն էր՝ «Որպեսզի ծովում չլինեն գաղտնիքներ»։

Ժակ Իվ Կուստո

Այդ նույն ժամանակահատվածում՝ Ամերիկայում, լուսանկարիչ Բրյուս Մոցերտը, ով համարվում է ամերիկյան ստորջրյա լուսանկարչության առաջամարտիկը, չէր ձգտում բացահայտել օվկիանոսների ու ծովերի գաղտնիքները։ Նա կատարելագործում էր լուսանկարչական նորաստեղծ ուղղությունը, ստորջրյա լուսանկարչությունը, ջրի հատակին ստեղծելով կենցաղային ու առօրյա ամենատարբեր տեսարաններ։ Մոզերտը ստեղծեց տեսախցիկների անջրանցիկ խցիկներ ու կատարելագործեց լուսավորման տեխնիկան։ Մոցերտի՝ այսպես ասած աշխատավայրը Ֆլորիդայի «Սիլվեր Սպրինգս» պետական պարկի զուլալ ջրերն էին։ Նրա ստորջրյա լուսանկարների շնորհիվ «Սիլվեր Սփրինգս»ը դարձավ Ֆլորիդայի գլխավոր զբոսաշրջային ուղղությունը։

Ահա թե ինչպիսին էին այդ ստորջրյա տեսարանները։

1940 ականներից մինչև 1970 թվականը Մոցերտի լուսանկարները ամերիկյան գովազդային արշավների առաջին հորիզոնականներում էին։ Այնուհետև, մի ընթացք կարծես մոռացության մատնվեցին։ Նա կյանքից հեռացավ 2015-ին՝ 98 տարեկանում։  2018-ին Մոցերտի արխիվները հանձնվեցին Ֆլորիդայի պետական արխիվին, սկսեցին թվայնացվել ու նոր շնչով տարածվել համացանցում։ Բրյուս Մոցերտի հավաքածուն պարունակում էր 25 000 նեգատիվ, հազարավոր տպագիր տարբերակներ և հարյուրավոր տեսաֆիլմեր։

Բրյուս Մոցերտ

Ամերիկայի «Սիլվեր Սփրինգս»-ից մինչև Գյոմրիի լողավազան, տարօրինակ համեմատություն է, բայց՝ փաստ։

2022-ի ամանորյա շնորհավորանքները ստորջրյա նկարահանումներով զբաղվող «Լայթ» ընկերությունը որոշեց կատարել ջրում, ավելի ստույգ՝ Գյումրու լողավազանում։ Մասնագիտությամբ պատմաբան Մարտին Գևորգյանը, ով ունի ավելի քան 10 տարվա հեռուստաօպերատորական ու լուսանկարչական փորձ՝ լողալ չիմանալով հանդերձ իր տաղանդը փորձեց դրսևորել ջրում։

Մարտին Գևորգյան

«Ամանորյա սենյակն իր տոնածառով, զարդարանքներով, խաղալիքներով ամբողջովին տեղափոխել էինք ջրի հատակ, մեր իրականության մեջ ստեղծել էինք մեկ այլ իրականություն։ Հետո՝ նկարահանեցինք ու տեսագրեցինք ամանորյա շնորհավորական բացիկներ՝ մեր մտերիմների համար։ Տեսագրելուց բացի ես նույնպես հայտնվեցի խցիկի հակառակ կողմում, որդուս՝ Էդուարդի երկրորդ ամանորը շնորհավորեցի այսպես ասած՝ ջրային տեսաբացիկով»։

Մարտին Գրորգյանը Հանրային հեռուստաընկերության օպերատորներից է, մի քանի տարի առաջ մասնակցել է հանրայինով հեռարձակվող «Սևանի գաղտնիքները» շարքի նկարահանումներին։ Այդ տարիներին կատարել է վերջրյա նկարահանումներ ու որոշել իր հնարավորություններն ու տաղանդը փորձել նաև ջրի հատակին։

Պատմաբան-օպերատորը ստորջրյա լուսանկարչության ու տեսագրության մեծ հեռանկարներ է տեսնում Հայաստանում, հատկապես՝ մեր երկրի ջրային ավազաններում։

Բաց ջրերում՝ ծովերում, լճերում նկարահանումներ կատարելիս կան նրբություններ, որոնց պետք է տիրապետել նաև կենդանական աշխարհի հետ ներդաշնակվելու և համապատասխան տեսագրություններ կատարելու համար։ Ամերիկյան աշխարհառչակ PADI սուզորդական կազմակերպությունը հատուկ ուղղություն ունի՝ վերապատրաստում է սուզորդ օպերատորներ։ PADI-ի ստորջրյա օպերատորի վերապատրաստման փորձին ծանոթանալու ամենամոտ և մատչելի հասցեն Եգիպտոսին պատկանող Սինայի թերակղզին է։ Այնտեղ մի փոքրիկ գյուղաքաղաք կա, Դահաբ է կոչվում, թարգմանաբար՝ ոսկի քաղաք։

Այստեղ ժամանակին Կարմիր ծովի ափամերձ հատվածներում ոսկի են փնտրել, այսօր դա խստիվ արգելվում է։ Կարմիր ծովի ստորջրյա հրաշալի տեսարանների ու քարանձավային իջվածքների շնորհիվ Դահաբն այսօր սուզորդների համար ամենապահանջված հասցեներից մեկն է։

Այստեղ հանդիպում են աշխարհի տարբեր կողմերից ժամանած սուզորդները։ Փոքրիկ գյուղաքաղաք Դահաբում 5 տասնյակից ավելի միջազգային սուզորդական կենտրոն է գործում։

Մոհսեն Էլսական սուզորդական բժիշկ է, արդեն 2 տասնամյակ սուզվում է, առաջին օգնություն ցուցաբերում կանոնները չպահելու հետևանքով առողջական խնդիրներ ունեցող սուզորդներին։

Մոհսեն Էլսակա

Թե քանի անգամ է սուզվել՝ չի հիշում, դադարել է հաշվել առաջին 1000 սուզումից հետո։

«Բայց մինչ օրս իմ լոգբուքում գրանցում եմ իմ ամենատպավորիչ սուզումները, ամենատպավորիչ վերապատրաստումներն ու զգացողույթյունները»։

Մոհսենի կատարած ստորջրյա ֆոտոշարքերն ու տեսագրությունները տարբերվում են․ լողալու տեխնիկա, տեսագրման ճիշտ անկյուն և ծովային կենդանիների հետ ներդաշնակվելու նրբություն։

«Յուրաքանչյուրը կարող է վերցնել ջրային տեսախցիկ, սուզվել և տեսագրել, բայց այստեղ շատ նրբություններ կան, որ անպայման պետք է հաշվի առնել։ Ծովի խորքային հատվածում՝ սուզորդը պետք է հմտորեն կարգավորի իր լողայնությունը, սուզորդական բաճկոնի կարգավորիչի օգնությամբ և ընտրի ճիշտ անկյուն։ Իմ բոլոր ընկերներին և ծանոթներին խորհուրդ եմ տալիս, թե ծովի խորությունից կախված ինչ օբյեկտիվի ինչպիսի ֆիլտրներ վերցնել։ Շատ կարևոր է նաև օրվա ժամանակահատվածը, արևի դիրքը»։

Պարզվում է՝ ստորջրյա լուսանկարիչ դառնալուց բացի շատ կարևոր է նաև ստորջրյա մոդելի պատրաստվածությունը։ Մոհսենի լուսանկարներում շատ են այն պատկերները, որտեղ ասես զրուցում է ձկների, կրիաների և ծովային այլ կենդանիների հետ։ Մոհսենը լավ է տիրապետում նաև ստորջրյա բնության այբուբենին։

Երազում էի շնաձկների հետ լողալ, տեսագրել ու լուսանկարվել, պարզվեց`դա էլ ունի իր ժամանակը և հատուկ կանոնները և ես դեռ անպատրաստ էի այդ փորձության համար։ Մոհսեն ասում է, դրա համար էլ պետք է հատուկ պատրաստություն անցնել։

«Կյանքում ամեն ինչ ունի իր կանոններն ու օրինաչափությունները։ Համացանցում և սուզորդական գրականության մեջ հսկայածավալ տեղեկություն կա թե ինչպես պետք է վարվել, եթե շնաձկներ կան: Դա էլ միանշանակ չէ, որովհետև կան տարբեր տեսակի շնաձկներ և դրանցից յուրաքանչյուրն ունի իր հետ վարվելու կանոնները։ Մենք մտնում ենք իրենց բնական միջավայր, խաթարում անդորրը և պետք է բարի գտնվենք պահպանել կանոնները, որպեսզի չվնասենք ծովային միջավայրը և չվնասենք ինքներս մեզ»։

Ձկներից բացի Դահաբի Լայթ Հաուզ կոչվող հատվածում ծովի հատակին ոչ միայն բնության, նաև մարդկանց կողմից կերտված տեսարանների պակաս չկա։ Ամենահայտնին՝ երկաթյա կոնստրուկցիաներով հավաքած փիղն է՝ 25-27 մետր խորությամբ:

Ծովի խորքում ևս մեկ ֆոտոշարք էինք նախատեսել, այս անգամ՝ ֆրիդայվինգի: Նկարահանման նշանակետը 7 մետր խորությամբ օղակներն էին, մեկ շնչով իջնելու էի, մի քանի վայրկյան լուսանկարվելու համար և բարձրանայի: Տեսա-լուսանկարականումները կատարելու էր Մոհսեն Էլսական, ով սկուբայով (ակվալանգով) սպասում էր ծովի հատակին: Եթե ֆրիդայվինգի ժամանակ կարող էս մի քանի անգամ 10 մետր սուզվել ու բարձրանալ, ապա՝ սկուբադայվինգի ժամանակ չի թուլատրվում և լուսանկարիչն իր շնչասարքով սպասելու է ջրի հատակին:  

«Երբ ֆրիդայվինգի ֆոտոշարքն էինք անում, սուզումներից մեկի ժամանակ, երբ մեկ շնչով սուզվեցիր, ուզեցիր վերցնել իմ երկրորդ շնչասարքն ու թթվածին շնչել, բայց ես չթողեցի, հիշո՞ւմ ես, դա շատ վտանգավոր է 7-10 մետր խորության վրա, որտեղ մենք էինք: Դու սուզվել էիր ծովի մակերևույթին մեկ շունչ վերցնելով, հատակին, եթե օգտվեիր իմ բալոնի թթվածնից, այն սեղմված էր և ջրից դուրս գալիս կարող էր թոքերդ վնասել, այդ իսկ պատճառով արգելեցի, ավելի լավ է թթվածնի պակասի անհարմարություն զգայիր քան սեղմված թթվածնի ծավալի մեծացումից՝ թոքերի վնասվածք»:

Մոհսենը նաև բժիշկ է և նրանից շատ նրբություններ կարելի է սովորել։

Ստորջրյա լուսանկարչական աշխատանքներին ևս մեկ օր հատկացնել հնարավոր չէր, հաջորդ օրը վերադառնալու էի Հայաստան։ Վերջին սուզումից հետո առնվազը 20 ժամ չի թուլատրվում ինքնաթիռ բարձրանալ, որպեսզի չվնասվի օրգանիզմը ջրի ճնշման, ապա՝ օդի ճնշման տատանումների հետևանքով։

Մեր երկիրը, չունենալով ծով, հարուստ է ջրային ավազանններով, հարկավոր է ցանկություն,  երևակայություն և աշխատանք, որպեսզի Հայաստանում կատարած ստորջրյա լուսանկարները մեր երկիրը ներկայացնեն նոր լույսի ներքո։

Ցուցադրել ավելի
Back to top button