ԿարևորՀասարակություն

Տեսնել աշխարհը երգով․ «Երազանքից՝ իրականություն» տանող ուղի

«Երազանքից՝ իրականություն»․ սա ոչ միայն կույրերի մշակույթի տանը իրականացվող միջոցառման խորագիրն է, այլ նաև՝ բովանդակությունը։ Բեմում 13 մարդիկ են՝ աշխարհը երգի, երաժշտության ու պոեզիայի միջոցով ճանաչող, բայց սեփական աչքերով չտեսնող։ Ամեն մեկն իր երազանքն ունի, որի մասին երգով պատմում է հանդիսատեսին։

«Սա ոչ թե համերգ է, որ պետք է այսօր երգենք, հանդիսատեսը հաճույք ստանա և ամեն ինչ վերջանա գնա, ոչ։ Պետք է շարունակական լինի, նպատակ եմ դրել, որ յուրաքանչյուրն ունենա իր ձեռքբերումը թե՛ անհատապես, թե՛ խմբով»։

Երաժիշտ, երգահան, գործիքավորող Արև Գևորգյանը բեմում երգող երեխաներին նայում է ժպիտով, բայց՝ առանց տեսնելու։ Երեխաներն էլ չեն տեսնում Արևին, բայց շարունակում են երգել ու ժպտալ։

«Չեմ տեսել բնության գույները, արևի լույսը, դրա մասին միայն մարդիկ պատմել են, թե ինչպես է աշխարհը արտացոլվում»։

Սա չի խանգարել, որ Արևը երգի, նվագի, այսօր էլ տաղանդաշատ մարդկանց միավորի «Երազանքից՝ իրականություն» խորագիրը կրող համերգի շրջանակում։

«Այսօր մեզ սպասվում է գեղեցիկ համերգ, ընտրվել են փորձառու երաժիշտներ, որոնք ելույթ են ունեցել տարբեր բեմերում, հանրապետությունից դուրս, արդեն վաստակել են մրցանակներ, արժանացել են հանդիսատեսի բուռն ծափահարությունների։ Մեծամասամբ բոլորն ավարտել են տարբեր ուսումնարաններ, կոնսերվատորիաներ՝ թե՛ դրսում, թե՛ Հայաստանում»։

Մանվել Բարսեղյանը սաքսոֆոնահար է։ Սովորել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, ավարտել է կոնսերվատորիան՝ մագիստրոսի կոչումով։ Ասում է՝ գիտակից ողջ կյանքը նվագելով է անցկացրել։

«Ես սաքսոֆոն սկսեցի նվագել չորրորդ դասարանի երկրորդ կիսամյակից։ Այդ ժամանակ ես տեսնում էի, ոչ մի խնդիր չունեի, տեսնելով եմ գործիքն ընտրել։ Խնդիրն առաջացավ 13 տարեկանում։ Միայն լույսի ու մութի տարբերությունն է , որ կարողանում եմ տարբերակել»։

Մանվելն ասում է՝ ցանկացած մարդ, անկախ նրանից՝ խնդիր ունի, թե չունի, տարբերություն ունի, թե չունի, միշտ ուրիշ օգնության կարիքն ունի։ Իր դեպքում օգնողն ուսուցիչն է եղել, որը հետագայում նաև դասախոսն է դարձել։ Ուսման տարիներին օգնում էր երաժշտական ստեղծագործությունները սովորել, իսկ հիմա արդեն Մանվելը դա անում է պարզապես լսողությամբ։ Ասում է՝ նման միջոցառումների կարիք շատ կա․

«Կարևոր է իմ կարծիքով, որ տաղանդավոր մարդիկ, որոնք որոշակի տարբերություն ունեն (խնդիր չեմ անվանի), մեկ անգամ ավել առիթ կունենան իրենց ունակությունները հղկելու հանդիսատեսի առաջ, նաև հանդիսատեսի համար էլ իմ կարծիքով այն նշանակությունն ունի, որ տեսնելով որոշ առումով իրենցի տարբերվող մարդկանց՝ օժտված տարբեր տաղանդներով, իրենց մոտեցումը ավելի կբարելավվի տվյալ մարդկանց հանդեպ»։

Մինչ Մանվելը սաքսոֆոնի հերթական՝ վերջին փորձն է անում, 18-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը հուզված սպասում է իր հերթին։ Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի երկրորդ կուրսի ուսանող է, մասնագիտությունը՝ դասական վոկալ։

«Երաժշտական կարիերայում երբեք չի խանգարում, մենակ էն է խանգարում, որ նոտա չեմ կարողանում կարդալ, իմ դասերը դիկտոֆոնով եմ անում։ Ես որոշել եմ՝ որ մեծանամ, անհատական դասեր եմ տալու։ Որոշել եմ օպերային երգիչ դառնալ»։

Համերգը «Երազանքից՝ իրականություն» խորագիրն է կրում։ Արև Գևորգյանը մտահոգ է բեմում կանգնած յուրաքանչյուրի երազանքներով։ Ինքն էլ իր երազանքն ունի․

«Ես շատ երազանքներ եմ ունեցել։ Փոքրուց մի երազանքն ավարտվել է, մյուսն է սկսվել, փոքրն ավարտվել, մեծն է  սկսվել։ Իմ երազանքը բավական հասունացել է․ այժմ ես երազում եմ ունենալ իմ թեկուզ փոքրիկ ձայնագրման ստուդիան»։

Back to top button