ԿարևորՏնտեսական

Կենսագազի արտադրություն՝ Լոռու Գյուլագարակ գյուղում․ նորագույն տեխնոլոգիան դաշտ էլ կհասնի

Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում օրերս բացվել է «Էկոպտույտ» սոցիալական ձեռնարկությունը, որտեղ գոմաղբից ստանում են կենսագազ և կենսապարարտանյութ, հիմնվել է նաև հիդրոպոնիկ ջերմոց՝ ձմռանը կանաչ անասնակեր ստանալու համար: Էկոհամակարգի զարգացմանն ուղղված ծրագրերն իրակացրել է Եվրամիությունը՝ «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության աջակցությամբ։

Վերականգնվող էներգետիկայի այլընտրանքային աղբյուրներից է  կենսագազը, որ արտադրվում է օրգանական թափոններից: Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում նորագույն տեխնոլոգիաների միջոցով  գոմաղբից ստանում են կենսագազ, թափոններից՝ կենսապարարտանյութ: Սա շրջակա միջավայրի  վրա բացասական ազդեցությունների նվազեցման լավագույն լուծումներից մեկն է՝  ասում է «Ադակո» ընկերության տնօրեն Արտակ Ադամյանը:

«Կենսագազը ստացվում է անօդ միջավայրում, խմորման ժամանակ միկրոբները սնվում են օրգանական թափոններով, պահպանում են իրենց կենսունակությունը և առաջացնում գազեր: Կայանի միջոցով ստանում են և՛ կենսագազ, և՛ կենսապարարտանյութ»։

Կենսագազը որակական հատկանիշերով չի զիջում բնական գազին և նույն արդյունավետությունն ունի որպես ջեռուցման աղբյուր:  Արտակ Ադամյանի խոսքով՝  մինչև 30 խմ  հզորության կայանների արտադրած կենսագազը բավարար է միջին չափի առանձնատան ջեռուցման համար.

«1000 խմ հզորության  կայանների  դեպքում կարելի է տեղադրել մեքենաների լիցքավորման կայան, իսկ 30 խմ հզորության կայանները բավարար են մի առանձնատան կարիքների համար»:

30 խմ հզորությամբ կենսագազի արտադրության կայան է տեղադրվել  Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում բացված  «Էկոպտույտ» սոցիալական ձեռնարկությունում: Մասնագիտությամբ իրավաբան Վրույր Այվազյանը տնտեսությունը զարգացնելու նպատակով որոշել է գոմաղբից երկակի օգուտ քաղել՝ ստեղծելով փակ տնտեսական շղթա՝ կենսագազի արտադրությունից մինչև հիդրոպոնիկ եղանակով կերի արտադրության ջերմոցի հիմնում:  Վրույր Այվազյան.

«Գոմաղբը գոմից  դուրս է գալիս, անմիջապես լցվում  տարայի մեջ, խառնվում ջրի հետ, պոմպի միջոցով մղվում ռեակատոր, որտեղ էլ  որոշակի գործընթացից հետո արտադրվում է կենսագազ: Այն հավաքվում է գազի պահեստարանում, ապա այրվում է ու վերածվում ջերմային էներգիայի, ինչն էլ մեզ անհրաժեշտ է ձմռան ամիսներին»:

Կենսագազի պահման տարաները ջերմոցի ներսում են, որտեղ  ձմռանը հիդրոպոնիկ եղանակով ցորեն է աճելու և ապահովելու կանաչ անասնակեր: Այստեղ ամեն ինչ մտածված է օրական թարմ կանաչ զանգված հավաքելու  համար: Սերմերը նախ ախտահանվում են, ապա հոսող ջրի պայմաններում աճեցնում:  

«Ցորենն աճում է 7-8 օրում, եթե նորմերը պահում ենք, ապա 7-րդ օրը հիդրոպոնիկ կեր ենք ունենում: Մի օր սերմերը լցնում ենք մի դարակում, հաջորդ օրը՝ մյուս, և այդպես շարունակ, արդյունքում՝  մենք ամեն օր արտադրանք ունենք»:

Վրույր Այվազյանն ասում է՝ հիդրոպոնիկ եղանակով կերի արտադրությունը լավագույն միջոցներից է հողերը դեգրադացումից փրկելու համար, քանի որ անասունները վաղ գարնանն ու ուշ աշնանը արոտավայրերում ոչնչացնում են դեռ ամբողջությամբ չձևավորված  կանաչ զանգվածը:

«Էկոպտույտ» սոցիալական ձեռնարկությունը  շարունակական արտադրությամբ  տնտեսական  փակ շղթա է: Ձեռնարկությունը հիմնվել է «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության աջակցությամբ ՝ Եվրամիության  «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգերի զարգացում սահմանամերձ շրջաններում կանաչ առաջընթացի համար» ծրագրի շրջանակում:  Ծրագրի համակարգող Լուսինե Վերդյանն ասում է, որ էկոհամակարգի զարգացմանն ուղղված 57 հայտից ֆինանսավորվել է 14-ը, այդ թվում՝ «Էկոպտույտ» սոցիալական ձեռնարկությունը.

 «Այն գաղափարները, որոնք համապատասխանեցին ծրագրի պահանջներին, անցան երկրորդ փուլ:  25  հայտատու է հաղթահարել շեմը  և մասնակցել դասընթացներին, որից հետո վերջնական հայտ ներկայացրել գնահատման և ֆինանսավորման համար»:

Կենսագազի արտադրությունից ստեղծված կենսապարարտանյութը Վրույրը տեղափոխելու է բաց դաշտ՝ հատիկային մշակաբույսերը պարարտացնելու համար, որոնց սերմերը ձմռանը ջերմոցներում անասնակեր կդառնան:

Back to top button