ԿարևորՏնտեսական

Արագածոտնի մարզից Գերմանիա․ արևի, անձրևի, փոշու և քամու տվայլները կվերլուծեն փորձագետները

2025 թվականին Թալինում շահագործման կհանձնվի «Այգ-1»  ֆոտովոլտային էլեկտրակայանը՝ 200 մՎտ հզորությամբ ու 174 մլն ներդրումային արժեքով։  ՀՀ կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրություններում գործող «Մասդար» ընկերության միջեւ նախորդ տարեվերջին էր աջակցության  համաձայնագիրը կնքվել։ Այս նպատակով ստեղծված «Մասդար Արմենիա» համատեղ ըկերության բաժնետոմսերի 85 տոկոսը պատկանում է «Մասդար»-ին, 15 տոկոսը՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին՝ ԱՆԻՖ-ին: Մինչ ծրագրի մեկնարկը տեղանքում բազմոլորտ ուսուսմնասիրություններ են կատարվում, տեղադրվել է մետեոկայանը, կատարվում են հնագիտական աշխատանքներ՝  պատմամշակութայինարժեքների վնասումը բացառելու։ 

Քանի՞ արևոտ ու անձրևոտ օր կլինի Թալինի կոնկրետ այն տեղանքում (Թալին և Դաշտադեմ համայնքների վարչական տարածքում), որտեղ պետք է «Այգ-1» ֆոտովոլտային էլեկտրակայանը կառուցվի, անձրևն ի՞նչ ազդեցություն կունենա մթնոլորտի վրա, ինչպիսի՞ն է օդի աղտոտվածությունը, որքա՞ն է քամու արագությունն ու ոչ միայն․  տեղանքի ամբողջական մետեոպատկերը կհավաքվի  ու նույն պահին օնլայն հասանելի   կդառնա  գերմանացի մասնագետներին։ «Ի ԷՅ Էներջի Ըդվայզոր» կազմակերպության արևային ու կլիմայական մոնիթորինգի մետեոկայանը մեկ տարում տվյալները կփոխանցի, ու արդեն մեկ տարի անց  մասնագետները կգնահատեն «Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանի աշխատանքների անհրաժեշտ մետեոպատկերը։

Արդյունքում պարզ կլինի, թե առաջիկա 20-25 տարում որքան արևային էներգիա կարող է  արտադրվել «Այգ 1»-ում։ 


Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ԱՆԻՖ-ի բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Թադևոսյանն արձանագրում է՝  ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի թե ներդրումային, և թե վերականգնվող էներգիայի մասնաբաժնի ավելացման, էներգետիկ անվտանգության եւ անկախության նպատակի բարձրացման տեսանկյունից․

«Այս ծրագրով ՀՀ կառավարությունը վերահաստատում է իր հանձնառությունը՝ ընդլայնել վերականգնվող էներգետիկայի ոլորտը Հայաստանում, որի համաձայն՝ նախատեսվում է կառուցել մինչեւ 1000 մեգավատ հզորության արեւային կայաններ, նպատակ ունենալով մինչեւ 2030 թվականը արեւային էլեկտրակայանների արտադրած էներգիայի տեսակարար կշիռը ընդհանուրի մեջ հասցնել առնվազն 15 տոկոսի»։

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի ու Աբու Դաբիի «Մասդար» ընկերության համատեղ ծրագիր է սա՝ 174 մլն դոլար ներդրումային արժեքով։ «Այգ 1» ծրագրի իրականացման նպատակով ստեղծվել է «Մասդար Արմենիա»  հայ-արաբական համատեղ ընկերությունը։ Այստեղ բացատրում են՝ արաբական գործընկերներն ունեն մեծ փորձառություն վերականգնվող էներգետիկայի, կանաչ տեխնոլոգիաների ոլորտում, ներկայացված են աշխարհի ավելի քան 30 երկրում։

Ծրագրի մեկնարկից առաջ կատարում  են տարածքի գեոդեզիական քարտեզագրման աշխատանք, ճարտարագիտա-երկրաբանական հետազոտություններ, էներգետիկ համակարգի վրա ազդեցության  եւ համակարգին միացման հնարավորության ուսումնասիրություն: Ընթացքի մեջ են տարածքի պատմահնագիտական ուսումնասիրությունները։ Մեկ կամ երկու շաբաթում կմեկնարկեն կենսաբազմազանության  ուսումնասիրությունները,   նաեւ՝ սոցիալական ազդեցության գնահատում։  «Ի էյ Էներջի Ըդվայզորի  ընկերության ներկայացուցիչ, բնապահպանության փորձագետ  Միքայել Թեւոսյանն արձանագրում է՝  ՇՄԱԳ փորձաքննության  մեկ հանրային քննարկում անցկացրել են, լսել տեղի բնակչության հարցերը։ Կա՞ն դժգոհություններ՝ «Ռադիոլուր»-ի հարցին Միքայել Թևոսյանն արձագանքում է․

«Հիմնականում հետաքրքրվում են ժամկետերով կամ ճանապարհները ինչպիսին են լինելու։ Իրենց  ապրելակերպին վերաբերող հարցեր էին, որոնք մենք դեռ քննարկում ենք։ Կան հարցեր, որոնց լուծումների համար տարբերակներ ունենք»։

Նաեւ լազերային սկանավորման միջոցով մշակվել եւ պատրաստվել է ողջ տարածքի թվային քարտեզը: Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը  պատմամշակութային ժառանգության վրա ծրագրի  ազդեցության գնահատմամբ է զբաղվում։ Պարզաբանում է․

«Աշխատում է հնագետների, քարտեզագիրների թիմ, որի նպատակն է քարտեզագրել եւ համարակալել, որակել ու դասակարգել այս տարածքում եւ դրա անմիջական հարեւանությամբ գտնվող հնագիտական միավորները կամ հնավայրերը եւ փնտրել լուծումներ, թե ինչպես կկարողանանք արեւային կայան կառուցելու եւ ժառանգությունը պահպանելու երկու իրար հակառակ միտված գործընթացները բերել ներդաշնակության, չվնասել ժառանգությունն ու ունենալ այդ կայանները»։

Աշխատանքի մոտ 70 տոկոսն արված է։ Հնագետը վստահ է՝ կլինեն հատվածներ, որոնք պետք կլինի անձեռնմխելի պահել՝ որպես պատմամաշկութային կարևոր արժեք համադրելով տուրիզմի հետ։ Գուցե արևային էներգիայի արտադրությունն ու հնագիտական հուշարձանները հետաքրքրեն զբոսաջրջիկներին։

«Այգ-1» կայանը  շահագործման կհանձնվի 2025 -ին։ «Մասդար» ընկերությունում արդեն  ցանկանում են  եւս  մեկ համանման հզորության էլեկտրական կայան  հիմնել Հայաստանում։ Նախնական պայմանավորվածություններն արդեն կան։  

Back to top button