ԿարևորՀասարակություն

Օպտիմալացում կլինի, կրճատում՝ ոչ․ Երեւանի ո՞ր պոլիկլինիկաները կմիավորվեն

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է պոլիկլինիկաների արդյունավետ կառավարումն ապահովելու նպատակով  փոքր թվով բնակչության սպասարկող մի քանի պոլիկլինիկաներ  միավորել՝ ստանալով ավելի մեծ ու բարվոք վիճակում գտնվող պոլիկլինիկաներ։ Նախագիծն առաջիկայում կներկայացվի  ավագանու քննարկմանը:  Միավորվող պոլիկլինիկաներում այս առումով մտահոգություն ունեն՝ աշխատակիցներն աշխատանքը կպահպանե՞ն։ Սակայն փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը վստահեցրել է՝ օպտիմալացում կլինի, կրճատում՝ ոչ․ «բոլորն էլ կպահպանեն իրենց աշխատանքը»։

Երևանի մի շարք պոլիկլինիկաների սպասարկումը, պայմանները և կառավարումը բարելավելու նպատակով  որոշները կմիավորվեն։ Ըստ քաղաքապետարանի նախագծի՝ Արաբկիր մանկական պոլիկլինիկան կմիանա Նոր Արաբկիր առողջության կենտրոնին, թիվ մեկ և հինգ պոլիկլինիկաներն ու քաղաքային էնդոկրին դիսպանսերը կմիանան 4–րդ պոլիկլինիկային։  Ավելի խոշոր պոլիկլինիկաների մեջ կմիավորվեն  ավելի փոքրաթիվ բնակչության սպասարկող  պոլիկլինիկաները, որոնք չունեն  բավարար ֆինանսական  և կադրային ներուժ,   սեփական միջոցով չեն կարողանում նորմալ սպասարկման խնդիրը լուծել՝  պոլիկլինիկաների տնօրենների հետ հանդիպմանն ասել է փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը․

«Խոշորացումն ի՞նչ առավելություն է տալու երկու պոլիկլինիկաներին. նախ գնումների խոշորացում է տեղի ունենալու։ Նույն ապրանքը, որ ձեռք են բերում երկու կազմակերպություններն առանձին, կգնեն ավելի մեծ ծավալով, ինչի դիմաց ստանալու են ավելի մեծ զեղչ: Լաբորատոր բլոկը, գիտեք, ինչքան սարքը ծանրաբեռնված է, այնքան ծախսաարդյունավետ է, ինչը հնարավորություն կտա լրացուցիչ նոր սարքեր ներգրավել և ավելի որակյալ հետազոտություններ իրականացնել: Երկու շենք պահելու համեմատ ավելի քիչ ներդրումներ են պահանջվելու: Ավելի նպատակահարմար է մեկ շենքը հիմնանորոգել և հարմարավետ պայմաններ ապահովել: Ֆինանսական առողջացումը բերելու է ոլորտների բարելավման, այդ թվում՝ աշխատավարձերի բարձրացման, ընթացիկ ծախսերի բավարարման, միանշանակ՝ ծառայությունների հասանելիության, որակի ու մատչելիության բարձրացման»։

Սիմոնյանի դիտարկմամբ՝  Երևանի թիվ 1, 4 և 5 պոլիկլինիկաներն ու Քաղաքային էնդոկրին դիսպանսերը վերջին տարիներին կուտակել են պարտքեր, չեն զարգանում, ներդրում չունեն, ստիպված են նայել բարերարների ու քաղաքապետարանի ձեռքին․

«Բայց մենք ունենք նաև այլ օրինակներ, այլ պոլիկլինիկաներ, որոնք խոշոր են, ֆինանսապես ավելի առողջ են ու, որ կարևոր է, ինքնուրույն են, սարքավորումներ են գնում, վերանորոգում են անում, ծառայություններ են զարգացնում, որակ են ապահովում: Եթե այս երեք շենքում էլ գումարներ դնենք, հիմնանորոգենք ու հագեցնենք տեխնիկայով՝ 5-10 տարի հետո էլի խնդիրների առաջ են կանգնելու, որովհետև, եթե համարենք «օրգանիզմ», կառույցներն առողջ չեն, ավելի շատ գումարներ են ծախսում, քան եկամուտ ապահովում»։

Վերակազմավորման համար ընտրվել են այն կառույցները, որոնք  կարող են մեկ վայրում մեկտեղվել։ Փոխքաղաքապետը մտահոգություններին էլ է տեղյակ։ Ըմբռնումով է մոտենում, որ լրացուցիչ անհարմարություն է՝ տեղափոխվել մեկ այլ վայր։ Բայց եւ շեշտում է՝  կրճատումներ չեն նախատեսվում․  

«Բոլոր աշխատակիցները պետք է իրենց աշխատանքը պահպանեն, հետագայում արդեն աշխատանքի որակը կգնահատվի, ոչ թե քանակական կրճատումներ կլինեն, այս առումով խնդիր դրված չէ»։

13.000 բնակչության սպասարկող  թիվ 1 պոլիկլինիկայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նունե Դավթյանի գնահատմամբ՝ վերամիավորումը խնդիր չի լինի։ Հույսը պատասխանատուների խոստումներն են՝ ավելի բարվոք պայմաններով աշխատանք՝ ավելի բարձր վարձատրության դիմաց․ 

«Մեր ամբողջ մտածմունքը մեր շենքն է։ Մենք էլ չգիտենք մեր շենքի ճակատագիրը։ Մեզ էլ է դա շատ անհանգստացնում։ Բայց էս պահին ոչինչ չենք կարող ասել, քանի որ այդ հարցը լուծված չէ»։

Իսկ 2500 քմ տարածքով  4–րդ պոլիկլինիկան պատրաստ է իր հարկի տակ ընդունել թիվ 1 պոլիկլինիկան ու էնդոկրին դիսպանսերը՝ համալրվելով նոր մասնագետներով և եռակի-քառակի ավելացնելով սպասարկվող քաղաքացիների թիվը։  Պոլիկլինիկայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար  Ռուբեն Գրիգորյանը «Ռադիոլուրին»  ասում է՝  պատրաստվում են միավորմանը՝ հույսով․

«Սրա արդյունքում բազմաթիվ խնդիրներ են լուծվելու,  որակյալ բուժօգնություն է տրամադրվելու։  Աշխատակիցներն ավելի լավ պայմաններով են աշխատելու, և աշխատավարձերի մասով հաստատ ավելի արդյունավետ է լինելու»։

Օպտիմալացման նպատակը կրկնվող ծառայությունների միավորումն է,  շենքերի ճիշտ շահագործումը, նման փորձ ունենք հատկապես մարզերում՝ «Ռադիոլուրին» ասում է առողջապահության փորձագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը։    Պոլիկլինիկաների դեպքում պետք է խորքային վերլուծություն, քանի որ Հայաստանում մարդիկ քիչ են դիմում պոլիկլինիկա՝ տարեկան միջինում  4 անգամ՝ ի տարբերություն ԵՄ երկրների, որտեղ  այդ թիվը 7 է․

«Դիմելիության հետ կապված շատ կարևոր է, որ հնարավորինս մոտ լինեն, որ մարդիկ կարողանան ավելի անարգել հասնել։  Եթե վարչական միավորում է արվելու, այսինքն՝  խոշորացված պոլիկլինիկաները մնան  նույն տեղում, շենքերը չազատվեն, դա նորմալ է։ Այսինքն՝ վարչական միավորում արվի և ունենան մեկ ղեկավար, մեկ հաշվապահություն։  Իսկ եթե պետք է ֆիզիկապես տեղահանվեն, ապա պետք է լուրջ վերլուծություն արվի, որ մարդիկ չտուժեն»։  

Առողջության պահպանման առաջնային օղակ դիմողների  70 տոկոսը մեծահասակներն ու երեխաներն են, իսկ այս խավի համար պոլիկլինիկան պետք է հասանելի լինի, եւ միավորումները պետք է հենց այս տրամաբանությամբ արվեն՝ ասում է Մելիք Նուբարյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button