ԿարևորՀասարակություն

Շարունակվում է Սուրեն Պապիկյանի այցը 3-րդ բանակային զորամիավորում

Մայիսի 20-ին, 3-րդ բանակային զորամիավորում աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է զորամիավորման ենթակա մի շարք զորամասեր և մարտական դիրքեր։

Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում ծանոթացել է ստորաբաժանումների շտաբային և զորանոցային շինությունների վերանորոգման ընթացքին, զորամասի հրամանատարական կազմին հանձնարարականներ տվել շինարարական աշխատանքները պատշաճ մակարդակով և ժամանակին կատարելու վերաբերյալ։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, զորամասի հուշապատի մոտ հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին, այնուհետև ուղևորվել հանրապետության հյուսիսային սահմանագիծ, շրջել մարտական դիրքերում, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային և պայմանագրային զինծառայողների հետ։ Պաշտպանության նախարարը պարգևատրել է ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինծառայողներին։

Դիրքապահների հետ զրույցի ընթացքում Սուրեն Պապիկյանը ներկայացրել է զինվորական ծառայության գրավչության բարձրացմանը միտված՝ պետության կողմից մշակվող սոցիալական, մասնավորապես՝ բնակարանային ապահովման ծրագրերը, ինչպես նաև արդեն ընթացքում գտնվող և առաջիկայում մեկնարկող բարեփոխումները, որոնք կոչված են էապես բարձրացնել զինված ուժերի մարտական պատրաստության մակարդակը։

Back to top button