ԿարևորՔաղաքական

Մոսկվայից Բրյուսել և հակառակը․ մրցավա՞զք միջնորդների միջև

Արդեն կարծես օրինաչափ է դարձել, որ մոսկովյան բարձրաստիճան այցերին հաջորդում են բրյուսելյան այցերը և հակառակը։ Օրեր առաջ կայացած մոսկովյան հանդիպումներից հետո մայիսի 22–ին վարչապետ Փաշինյանն ուղևորվելու է Բրյուսել․ հերթական եռակողմ հանդիպումն է սպասվում։

Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ վերջին հանդիպումն ապրիլի 6-ին էր՝ կրկին  Բրյուսելում, պայմանավորվել էին մինչև ապրիլի վերջ համատեղ սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծել։ Երկկողմ այդ հանձնաժողովի առաջին նիստը ծրագրվել էր մայիսի 16–17–ին, ադրբեջանական կողմը  առաջարկել էր այն կազմակերպել հայ–ադրբեջանական սահմանի ինչ–որ հատվածում։ Առաջին հանդիպման ժամկետները, սակայն, խախտվեցին։  

Իսկ Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստից առաջ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նախօրեին հայտարարեց՝ տեխնիկական որոշ խնդիրներ են առաջացել, և դրանց լուծումներից հետո հանդիպումը կկայանա նրա ձեւակերպմամբ «առաջիկա օրերին կամ շաբաթներին»։  

Բրյուսելից առաջ Հայաստանը չգիտի Ադրբեջանի հստակ պատասխանը խաղաղության օրակարգի համար իրենց առաջարկած 5 կետերին հայկական 6 կետանոց հավելմանը՝ նախօրեին ձևակերպել է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Խաղաղության օրակարգը չի կարող միակողմանի լինել, երկու փաթեթները պետք է միացնել և դրա հիմքով սկսել բանակցություններ՝ ասում է։ Արցախի կարգավիճակի հարցում, ըստ Գրիգորյանի, Երեւանի դիրքորոշումը հետևյալն է․

«Մենք ասում ենք, որ առաջնայինը անվտանգությունը և իրավունքների պաշտպանությունն է։ Այսինքն՝ Արցախում ապրող մեր հայրենակիցները պետք է ունենան անվտանգություն և իրավունքների պաշտպանություն։ Հենց դրանից էլ բխելու է Արցախի կարգավիճակը, և մենք այս օրակարգով ենք գնում բանակցությունների»։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից Միացյալ Նահանգները նույնպես ձևակերպել է Արցախի հետագա կարգավիճակին առնչվող սկզբունքը։ Հայաստանում ԱՄՆ դեսպանն «Արմենպրեսին»  ասել է՝ Վաշինգտոնը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումն իր ապագան որոշելու հարցում: Միաժամանակ, Լին Թրեյսին ընդգծել է՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն առանցքային գործոն է, սակայն միակ միջազգայնորեն ճանաչված սկզբունքը չէ՝ հասնելու հակամարտության կարգավորմանը․ 

«Անշուշտ, Միացյալ Նահանգների դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռևս մնում է չլուծված: Մենք շարունակում ենք կարծել, որ տևական լարվածության հիմքում գտնվող և 2020 թվականի ռազմական գործողություններին հանգեցրած խնդիրները պետք է կարգավորվեն բանակցությունների միջոցով ու համապարփակ լուծմամբ՝ հիմք ընդունելով տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման և ուժի չկիրառման միջազգայնորեն ճանաչված սկզբունքները: Մենք խրախուսում ենք շարունակել խաղաղության բանակցությունները և պատրաստ ենք ներգրավվել երկկողմ ձևաչափով և համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»։

Վերլուծական դաշտում որոշ ուժեր դեսպանի հայտարարությունը մարտահրավեր են համարում Ադրբեջանին, ձևակերպումներում տեսնում են Կոսովոյի կարգավիճակի մոդելի կրկնությունը, անգամ մեջբերում այդ փաստաթղթից, օրինակ այն, որ «Սերբիայի ալբանական բնակչությունը, որը բնակվում է Կոսովոյում, իրավունք ունի մասնակցել իր ապագայի որոշմանը»։ Մինչդեռ ընդդիմադիր դաշտը սուր է ընկալել Հայաստանում ԱՄՆ դեսպանի խոսքը, դա անգամ բողոքի թեմա դարձավ՝ ուղղված հենց Լինն Թրեյսիի դեմ․

«Դուք ժողովրդավարության պաշտպաններ չեք, դուք թուրք-ադրբեջանական ցեղասպանների պաշտպաններ եք։ Ժողովրդավարության դասեր դուք պետք է Արցախից սովորեք, ոչ թե մենք»։

Հակառակ ընդդիմության պնդումներին՝ իշխանության ներկայացուցիչներն ընդգծում են դեսպանի հայտարարության դրական կողմերը։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ էդուարդ Աղաջանյանի կարծիքով՝ հայտարարությունը ինքնին փաստում է, որ միջազգային հանրության դիրքորոշումը և Ադրբեջանի հայտարարությունները հակասում են։ «Factor» գործակալությանը  Աղաջանյանն ասել է․

«Թե ՄԽ համանախագահող պետությունները, թե ԵՄ–ն որպես այդպիսին կիսում են Հայաստանի դիրքորոշումը, որ ա) ղարաբաղյան հարցը չի լուծվել, բ) որ ուժի կիրառումը չի կարող հանդիսանալ միջոց նմանատիպ հարցերի լուծման և գ) որ այդ հարցը դեռ օրակարգում է և պետք է վերջնական և համապարփակ լուծում ստանա, այդ թվում՝ ԼՂ բնակչության դիրքորոշումը հաշվի առնելով»։   

Ադրբեջանցի պաշտոնյաների հետ վերջին շփումներից հայ պաշտոնյաները ապակառուցողականության տպավորություն են ստացել։ Արտաքին դիվանագիտության տարբեր ուղղություններով ակտիվացրել են աշխատանքը, Աղաջանյանի ձևակերպմամբ՝ Ադրբեջանի գործողությունների կառավարելիությունը ապահովելու համար։ Թե ինչ է սա նշանակում, Աղաջանյանը բացատրում է վարչապետի՝ Արցախի կարգավիճակի նշաձողին առնչվող հայտնի ելույթի օրինակով․

«Այն, որ Ադրբեջանն առհասարակ ոչ կառուցողական է տրամադրված, դա միանշանակ է։ Չնայած դրանից առաջ էլ նման իրավիճակ կար, բայց առավել ևս վարչապետի հայտնի ելույթից հետո, կարելի է ասել, որ այս հարցում Ադրբեջանը իրոք հայտնվել է դիվանագիտական մեկուսացման մեջ, որովհետև բոլոր մեր միջազգային գործընկերները՝ թե անհատ պետություններ, թե կառույցներ ամբողջությամբ ըմբռնումով կիսելով մեր տեսակետներն ու քայլերը, մեզ ազդակներ են ուղարկում, որ այն, ինչ անում է և այն, ինչպես իրեն պահում է Ադրբեջանը, որևէ կերպ հասկանալի և ընդունելի չէ։ Սա չի կարող իր ազդեցությունը և արդյունքները չունենալ հետագա գործընթացի վրա»։

Բրյուսելին ընդառաջ՝ վերլուծաբաններն այժմ փորձում են կանխատեսումներ անել, թե ինչ ծավալի հանդիպում է սպասվում, բայց «խաղաղության մեծ փաթեթի» մասին առայժմ վաղ են համարում խոսել։

Նախօրեին Բրյուսելում, հետո արդեն Թուրինում Հայաստանի արտգործնախարարը հավաստիացրել է՝ տարածաշրջանում խաղաղության եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում պատրաստակամ է, պատրաստ՝ զնհապաղ իրական և կառուցողական բանակցություններ սկսել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն առանցքային դեր տալով։ ԵԽ-ն նույնպես իր մանդատի շրջանակում պետք է ակտիվ լինի սատարելու հարցում՝ ասել է նախարարը․

«Ադրբեջանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվել է, և նրանք պատրաստ են խաղաղության: Գուցե միամիտ կթվա, բայց եթե դա ճիշտ է, ինչու՞ ենք մենք դեռ պայքարում ռազմագերիների և պահվող անձանց իրավունքների և նրանց անհապաղ ազատ արձակման և վերադարձի համար։ Ինչո՞ւ ենք մենք դեռևս պայքարում մարդկանց մշակութային իրավունքների համար և Ադրբեջանի քաղաքականությունից բխող՝ իր վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային ժառանգության ոչնչացման դեմ: Ինչո՞ւ ենք մենք պայքարում երեխաների որակյալ կրթություն ստանալու իրավունքի համար, երբ նրանց դպրոցները հաճախակի կրակի տակ են: Ինչո՞ւ ենք մենք պայքարում մարդկանց՝ իրենց տներում տարրական կենսապայմաններ ունենալու իրավունքի համար, երբ միակ գազատարը խափանվում է: Կարող եմ շարունակել նոր օրինակներ բերել, բայց հակիրճ կլինեմ. ինչու՞ ենք մենք պայքարում, որ հասկացնենք Ադրբեջանին, որ Լեռնային Ղարաբաղը միայն տարածքի կտոր չէ, այլ մարդիկ են, որոնց արժանապատվությունը պետք է հարգել»։

Բրյուսելում մայիսի 22-ին Փաշինյան-Միշել-Ալիեւ հանդիպումից առաջ  Հայաստանում հավանական են համարում սահմանազատման հարցերով հանձնաժողովի աշխատանքի մեկնարկը։ Վերլուծաբանները միաժամանակ նաեւ տպավորություն ունեն, որ բրյուսելյան և մոսկովյան պաշտոնական հարթակները կարծես մրցակցության մեջ են, թե ով առաջինը արդյունքի կհասնի հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման հարցում։

Back to top button