ԿարևորՔաղաքական

Խաղաղության առաքելությունն ավելի ծանր է, քան ժողովրդավարությանը․ Նիկոլ Փաշինյան

«Freedom House»–ի տվյալներով՝ Հայաստանը 2021-ի ցուցանիշերով ժողովրդավարության մի քանի ցուցիչներով բարելավել է իր դիրքերը։ Երևանում կազմակերպված «Ժողովրդավարության հայկական ֆորում»–ի ընթացքում Հայաստանի վարչապետը, անդրադառնալով դրանց, շեշտել է՝ Ժողովրդավարությունը այսօր, ավելի քան երբևէ, ՀՀ–ի ինքնիշխանության և անկախության երաշխավորման ու պահպանման առանձքային գործիքն է։ Ֆորումին մասնակցող միջազգային կառույցների ներկայացուցիչները ևս ընդգծել են՝ չնայած բազմաթիվ մարտահրավերներին, Հայաստանը կարողացել է առաջընթաց գրանցել։ Կազմակերպությունում խնդրահարույց են համարում զրպարտության ու վիրավորանքի քրեականացումը, կարծում են՝ սա կարող է խոչընդոտել խոսքի ազատությանը։

Հայաստանը հիմա լավագույն վայրն է, որտեղ կարելի է Ժողովրդավարության մասին միջազգային քննարկումներ անցկացնել․ «Ժողովրդավարության հայկական ֆորում»–ի բացմանն ընդգծում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելում՝ 2021-ի արդյունքներով Հայաստանը միջազգային զեկույցներում բարելավել է իր դիրքերը և անցում կատարել, վարչապետի ձևակերպմամբ, «ժողովրդավարության բարձրագույն լիգա»։

«Ժողովրդավարությունը այսօր ՀՀ–ի ինքնիշխանության և անկախության երաշխավորման և պահպանման կարևորագույն և առանձքային գործիքն է։ Եվ մեր խնդիրն է ապացուցել, որ, այո, ժողովրդավարությունն ի վիճակի է ապահովել երկրի արտաքին և ներքին անվտանգությունը։ ՀՀ–ն 2020թ 44–օրյա պատերազմից հետո շատ մեծ ցնցումների միջով անցավ, և ՀՀ քաղաքացին էր, որ կանխեց ՀՀ պետականության փլուզումը, ինքնիշխանության և անկախության կորուստը»,– ասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն ասում է՝  իշխանությունը ոչ ամբողջությամբ, բայց կատարել է  Հայաստանում ժողովրդավարութուն հաստատելու իր առաքելությունը։ Դրա  շարունակությունը խաղաղության օրակարգն  է, որն, ըստ Փաշինյանի, ավելի ծանր ու մեծ կամք պահանջող առաքելություն է:

«Ինչպես Հայաստանի Հանրապետությունում բերել ենք ժողովրդավարություն, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում բերենք խաղաղություն, որովհետև, կարծում եմ, մեկն առանց մյուսի շատ դժվարությամբ կարող է գոյություն ունենալ»: 

Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունն անամպ չէ՝ ասում է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը Հայաստանի մեծագույն մարտահրավեր է համարում դատական համակարգի խնդիրները:

«Դատական համակարգի բարեփոխումների հարցում առաջընթաց չունենալու համար այս դահլիճում ներկա բազմաթիվ մարդիկ մեզ քննադատում են, և մենք համարում ենք, որ այդ քննադատությունն օբյեկտիվ է, արդարացված է, չնայած, երևի թե, մենք էլ ենք մեզ քննադատում, բայց մյուս կողմից էլ մենք երևի ավելի խորը գիտենք խնդիրները, որոնց հետ առնչվում ենք: Բայց մենք վճռական ենք այս ճանապարհով գնալու իմաստով և պետք է հետևողական լինենք նաև այս առումով»,– ասում է Փաշինյանը։

Միջազգային զեկույցներում Հայաստանը իր դիրքերը բարելավել է նաև մամուլի ազատության ոլորտում։ Կարևորելով այս հանգամանքը՝ Փաշինյանը  շեշտում է՝ քաղաքացին պետք է անկաշկանդ ստանա տեղեկատվություն այն երևույթների ու իրողությունների մասին, որոնց վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն ունի։

«Հաջորդը մամուլի ազատության ցուցիչն է, որտեղ ՀՀ–ն 2018-ից ի վեր շատ մեծ առաջընթաց է գրանցում։ Մամուլի ազատությունը շատ կարևոր է հենց ժողովրդավար երկրի քաղաքացուն որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ տեղեկատվություն մատակարարելու համար։        Սրան զուգահեռ մենք պետք է մեր քաղաքացիների մեդիա գրագիտությունը բարձրացնենք, որ նրանց կարողանան ի վիճակի լինել սուտը իրականությունից տարբերելու»,– ասում է Նիկոլ Փաշինյանը։

Մինչ համաժողովի ընթացքում քննարկվում են  ժողովրդավարության հիմնահարցերը, դրսում արդեն մի քանի շաբաթ բողոքի ակցիաներ իրականցնող «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչները պնդում են՝ ոստիկաններն ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տալիս մասնակցել համաժողովին։ Նրանք միջազգային կառույցների ուշադրությունն են հրավիրում ոստիկանների գործողությունների ու դրանց իրավաչափության վրա։

Վերջին տարիները բերել են նաև նոր մարտահրավերներ, որոնք ամբողջ աշխարհում ազդել  են ժողովրդավարության վրա և շատ երկրներ, կարծես թե, հետընթաց են ապրել՝ ասում է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորն և ընդգծում՝ այս համատեքստում Հայաստանը նույնպես բազմաթիվ մարտահրավերների է բախվել՝ Քովիդ19, պատերազմ և հետպատերազմյան իրողություններ։

«Այնուամենայնիվ,  ես կարող եմ ասել, որ Հայաստանին հաջողվել է պահպանել հիմնական ազատությունները՝ հաշվի առնոլով համավարակի ժամանակ խորհրդարանի գործունեությունը, մամուլի բազմակարծությունը և Հայաստանի գլխավոր ձեռքբերումներից մեկը՝ ազատ, մրցակցային, թափանցիկ և լավ կազամկերպված  արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,– ասում է Անդրեա Վիկտորին։

Չնայած այս բոլոր մարտահրավերներին՝ «Freedom House» կազմակերպությունը արձանագրում է՝ Հայաստանը ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցում զարգացում է ապրել։

«Այնուամենայնիվ, մեզ անհանգստացնում է զրպարտության քրեականացման խնդիրը, որը կարող է սահմանափակել արտահայտման և մտքի ազատությունը և կարող է լուրջ խոչընդոտ լինել խոսքի ազատության իրավունքի համար»,– ընդգծում է «Freedom House»–ի Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բերենտը։

Միջազգային գործընկերների կարծիքները համընկնում են․ Հայաստանի օրենսդիր և գործադիր իշխանությունները «Զրպարտությունը և վիրավորանքը քրեականացնող» օրինագծի հարցում պետք է ականջալուր լինեն քննադատություններին և կանխեն ժողովրդավարության ոլորտում, իրենց ձևակերպմամբ, այս հետքայլը։

Back to top button