ԿարևորՏնտեսական

Լիտվայի պատվիրակությունը հյուրընկալվել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում մայիսի 20-ին հյուրընկալվել են պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային ուղեկցող պատվիրակության անդամներն ու գործարար համայնքի ներկայացուցիչները։

Ողջունելով հյուրերին՝ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը մեծապես կարևորել է Լիտվայի նախագահի ներկա այցը և այդ շրջանակներում տեղի ունեցող հանդիպումները, որոնք իրենց նպաստը կունենան երկկողմ տնտեսական երբեմնի կապերի վերականգնմանը, համագործակցության նոր հնարավորությունների որոնմանն ու զարգացմանը։

Ներկայացնելով հայաստանյան տնտեսության ընդհանուր պատկերը, ՀԱԳՄ նախագահն առանձնացրել է այն ուղղությունները, որոնք հեռանկարային են երկկողմ գործակցության ամրապնդման առումով, մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության, թեթև արդյունաբերության, տրանսպորտային հաղորդակցության ոլորտներում։

Նա անդրադարձել է 2021 թվականի դեկտեմբերի 1-ից մեկնարկած «Կանաչ տեքստիլ Եվրոպայի կայուն տնտեսության համար» ծրագրին, որն իրականացվում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Լիտվայի Հագուստի և տեքստիլ արդյունաբերության ասոցիացիայի կողմից։ Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի տեքստիլ ոլորտի ՓՄՁ-ների մրցակցային կարողությունների հզորացմանը, բարելավել շուկաների հասանելիությունը, խթանել Հայաստանի, Լիտվայի, ինչպես նաև ԵՄ շուկայի տեքստիլ ոլորտի ՓՄՁ-ների միջև կապերը։

Արսեն Ղազարյանը կարևորել է գործարար շրջանակների պարբերական շփումերը, միմյանց կարողություններին անմիջականորեն ծանոթությունը։  Նա անդրադարձել է այն լոգիստիկ խնդիրներին, որոնք ծագել են Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների հետևանքով։ Գործուն տրանսպորտային ուղիների համատեղ մշակմամբ՝ Հայաստանը Լիտվայի համար կարող է կամուրջ հանդիսանալ դեպի Մերձավոր Արևելքի շուկաներ, իսկ Լիտվայով հնարավոր կլինի հաղորդակցվել հյուսիսային երկրների հետ։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Լիտվայի գյուղատնտեսության փոխնախարար Էգիդիջուս Գիեդրաիտիսը ներկայացրել է այն ներուժը, որն առկա է իր երկրի գյուղատնտեսական արտադրության և վերամշակման բնագավառում։ Լիտվան գյուղատնտեսական ապրանքներ է արտահանում աշխարհի շուրջ 160 երկիր, տարեկան ընդհանուր 6 մլդ եվրոյ ծավալով։ Հացահատիկի արտահանմամբ այս երկիրը 11-րդն է աշխարհում, իսկ մեկ շնչի հաշվով՝ առաջինը։ Արտահանվում է կաթնամթերքի արտադրության 70%-ը, առաջատարներից է նաև մսամթերքի արտադրությունը։ Այս ոլորտները նա հեռանկարային է համարել համատեղ երկկողմ գործակցության առումով, նշելով, որ կան տեսականիներ, որոնք բնորոշ են տեղական շուկաներին։

«Մեզանում կա մեծ հետաքրքրության զարգացնելու Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները, և առաջին հերթին խնդիր ունենք բացահայտելու նոր հնարավորություններ»,- նշել է Լիտվայի նախագահի՝ էկոնոմիկայի և սոցիալական քաղաքականության հարցերով խորհրդական Վաիդաս Աուգուսթինավիչիուսը։ Նրա խոսքով՝ իր երկիրը պատրաստակամ է աջակցելու ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության հետ ինտեգրման գործընթացներին։ Նախագահի խորհրդականն առաջնահերթային է համարել գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների և տրանսպորտային հաղորդակցության ուղղությունները։

ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը հույս է հայտնել, ու երկկողմ գործարար շփումները կլինեն շարունակական՝ նոր թափ հաղորդելով հայ-լիտվական տնտեսական համագործակցությանը։

Back to top button