ԿարևորՀասարակություն

Բուհն ավարտելուց հետո չեն ուզում վերադառնալ դպրոց․ ԳԹԿ փոխտնօրեն

ԵՊՀ–ում այս տարի 3 նոր մասնագիտություն է ներդրվել՝ «Կրոնական զբոսաշրջություն», «Հանրային քաղաքականություն ու կառավարում» և «Հասարակայնության հետ կապեր»։ Կան մասնագիտություններ էլ, որոնք վերափոխվելու կամ վերանվանվելու են, բայց մասնագիտական խորհուրդը վերջնական որոշումներ դեռ չի կայացրել։  Մայր բուհում  ամենապահանջված մասնագիտությունները շարունակում են մնալ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Իրավագիտություն», «Միջազգային հարաբերություններ» կրթական ծրագրերը։ Դրանց կողքին շուրջ 10 մասնագիտություններ են, որտեղ նույնիսկ պետպատվերով հատկացված տեղերը չեն  լրացվել։

Բուհերի շուրջ 160 մասնագիտություններում դիմորդներ չլինելու մասին հայտարարությունը հանրության շրջանում սխալ ընկալվեց։ Խոսքը  Շիրակի և Վանաձորի բուհերում  «Մաթեմատիկա» մասնագիտությամբ դիմորդներ չունենալու մասին էր։ Ոչ թե առհասարակ այդ մասնագիտությամբ դիմորդներ չունենք, այլ որոշ բուհերում կամ  մասնաճյուղերում տվյալ մասնագիտությամբ չեն դիմել՝  «Ռադիոլուրի» հետ զրույցում նախօրեին արած հայտարարությունը պարզաբանում է ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը․

«Պետական և ոչ պետական բուհերում ԳԹԿ–ում գրանցված 610 մասնագիտություն կա։ Այսինքն` բոլոր բուհերի բոլոր մասնագիտությունների գծով  միայն 163 մասնագիտություն կա, որտեղ դիմորդ չկա և ճնշող մեծամասնությունը ոչ պետական բուհերն են»։

Դա նշանակում է, որ այս տարի այդ բուհերում տվյալ մասնագիտությամբ կուրս չի ձևավորվելու։ Սրանից էլ հետևում է, որ 4 տարի հետո նաև այդ մասնագիտությամբ շրջանավարտ չենք ունենալու,  հետևաբար՝ նաև դպրոցը մաթեմատիկայի նոր ուսուցիչ չի ունենալու։

Չնայած այս տենդենցին՝ մաթեմատիկա առարկան ուսումնասիրողների թիվն ընդհանրապես բուհական համակարգում չի նվազել՝ ասում է ԳԹԿ փոխտնօրենը․

«Մաթեմատիկա սովորողների թիվը ավելացել է Հայաստանում, ոչ թե պակասել։ Անցյալ տարի դիմորդների թվով առաջինը մաթեմատիկան էր։ Այս տարի առաջինը անգլերենն էր, երկրորդը՝ մաթեմատիկան, երրորդը՝ հայերենը»։

Ճիշտ նույն կերպ  ոչ թե նվազել, այլ ավելացել է մաթեմատիկա առարկայից քննություն  հանձնողների թիվը՝ ասում է Կարո Նասիբյանը․

«Նշանակում է, որ դիմորդը չի ցանկանում գնալ դպրոց։ Այսինքն՝ շրջանավարտը ցանկություն չունի գնալ բուհ, մասնագիտություն սովորել և վերադառնալ դպրոց»։

Փոխարենը դիմորդները նախընտրում են տարիներ շարունակ մեծ պահանջարկ վայելող մասնագիտությունները։ Իսկ պահանջարկը աշխատաշուկան է թելադրում՝ նկատում է  ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արմեն Սարգսյանը։ ԵՊՀ–ում, օրինակ, ամենապահանջված մասնագիտությունները շարունակում են մնալ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Իրավագիտություն», «Միջազգային հարաբերություններ», «Հոգեբանություն», «Կառավարում», «Սերվիս» կրթական ծրագրերը։ Սրանց կողքին ունենք մասնագիտություններ, որտեղ նույնիսկ պետպատվերով հատկացված տեղերը չեն  լրացվում․

«Կրթական ծրագրեր ունենք, որտեղ 10-ից քիչ դիմորդներ կան։ Օրինակ՝ «Հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում»՝ 9 դիմորդ, «Քիմիա»՝ 7,«Կենսաֆիզիկա և կենսաինֆորմատիկա», «Աշխարհագրություն», «Կրոնական զբոսաշրջություն»՝ 6-ական դիմորդներ, «Միջուկային ռեակտորների ֆիզիկան»՝5, «Աստվածաբանություն»՝4, «Երկրաբանություն»՝ 3, «Կրոնագիտություն»՝ 2»։

Մայր բուհում հույս ունեն գոնե 2-րդ փուլով մեկ տասնյակի հասցնել այս մասնագիտություններով ընդունվողների թիվը։ Չնայած այս կրթական ծրագրերով պասիվությանը՝ ԵՊՀ դիմողների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է։ Չկա նաև որևէ  մասնագիտություն, որտեղ դիմորդներ ընդհանրապես չեն եղել։ Ի դեպ «Կրոնական զբոսաշրջությունը», որտեղ 6 դիմում է ներկայացվել, այս պահին, նոր մասնագիտություն է։ Նոր կրթական ծրագրերից է նաև «Հանրային քաղաքականությունն ու կառավարումը» և «Հասարակայնության հետ կապերը»։ Վերջին 2 կրթական ծրագրերով ավելի քան 30 դիմորդ կա արդեն և սա, ըստ պատասխանատու քարտուղարի, լավ ցուցանիշ է առաջին տարվա համար։ Սրան զուգահեռ չեն բացառում առաջիկա տարիներին որոշ կրթական ծրագրերի փակումը կամ խոշորացումը։

Back to top button