ԿարևորՀասարակություն

Բաց կառավարման առաջնորդ կանայք բաց խոսում են խնդիրներից

«Բաց կառավարման շաբաթ»‎ նախաձեռնության շրջանակներում Հայաստանում անցկացվում է «‎Բաց կառավարման առաջնորդ կանայք»‎ միջոցառումը, որի ընթացքում առաջնորդ և որոշումներ կայացնող կանայք  քննարկել են  իրենց դերը բարեփոխումների իրականացման հարցում, մարտահրավերները և ձեռքբերումները:

Հայաստանում առաջնորդ և որոշումներ կայացնող կանայք  մեկ շաբաթ քննարկում են իրենց դերը բարեփոխումների իրականացման հարցում, մարտահրավերները և ձեռքբերումները։ Երեւանում մեկնարկել է «Բաց Կառավարման շաբաթ»–ը։ Մայիսի 17-21-ը «Բաց կառավարման շաբաթ»‎ է հայտարարված մասնակից 78 երկրներում և 56 տեղական ինքնակառավարման մարմիններում: Երեւանում էլ փորձ է արվել մեկ հարթակում հավաքել օրենսդիրից, գործադիրից, քաղաքացիական հասարակությունից և միջազգային կազմակերպություններից այն կանանց, ովքեր իրենց ջանքերը ներդրել են մի շարք բարեփոխումներ իրականացնելու համար։ Նաիրա Առաքելյան՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» հկ նախագահ․

«Այսօր փորձում ենք զրույցի կարգով հասկանալ կանանց դերակատարումն ունենալու բաց, թափանցիկ, մասնակցային կառավարություն մեջ»

Բաց կառավարման գործընկերությունը 8 կառավարությունների միջկառավարական նախաձեռնություն է՝ ԱՄՆ, Միացյալ Թագավորություն, Մեքսիկա, Ֆիլիպիներ և Հարավային Աֆրիկա եւ ոչ միայն: Նպատակն է  կառավարման համակարգը դարձնել բաց, հաշվետու և, որ ամենակարևորն է, մասնակցային և նորարար: Հայաստանը Բաց կառավարման գործընկերությունում է 2011-ից։ Այս ընթացքում արված ծրագրերից  ավելի հայտնի են «e-draft» իրավական ակտերի հարթակը, ավագանու նիստերի հեռարձակման հարթակը։ Վարչապետի աշխատակազմի Բաց կառավարման գործընկերության ԲԿԳ հայաստանյան նախաձեռնության համակարգող Լիլիա Աֆրիկյանը․

«Այս պահին  ունենք  առաջարկ՝ բաց տվյալների  համակարգ ձևավորել   բարձրաստիճան պաշտոնատար  և նրանց ենթակա անձանց  հայտարարագրերի  շրջանակը  պարզելու  համար։ Այդ  համատեղ քայլերն իրականացնելու են կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ միասին»։

Ավելի հաշվետու, ներառական, ժողովրդավարական սկզբունքներով կառավարում, որի հիմքում մարդու իրավունքներն են. Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի Քրիստինե Գրիգորյանի համոզմամբ՝ Հայաստանն այս առումով տպավորիչ ճանապարհ է անցել։

«Այս միջոցառումը  նաև վկայությունն է այն բանի, որ մենք բաց կառավարման գլոբալ նախաձեռնության մեջ, որպես պետություն, բավականին լավ դիրքերում ենք: Իհարկե, սա չի նշանակում, որ մենք լուծելու խնդիրներ չունենք, այստեղ մենք երկար ու կարևոր աշխատանք ունենք անելու: Որպես նախկինում կառավարության կողմից  նախաձեռնության շրջանակում ներգրավված պաշտոնատար անձ, կարող եմ ասել, որ կան հաջողված մի շարք կարևոր նախաձեռնություններ, մասնավորապես,  իրական շահառուների բացահայտման, մասնակցային կառավարման՝ օրենքների, նախագծերի որոշումների ընդունման հարցում»,- ասաց նա:

ՄԻՊ-ը, միաժամանակ, սակայն, չհերքեց՝ բաց կառավարման համար դեռ շտկման ենթակա խնդիրներ կան․

«Որպես ՄԻՊ՝ ինձ համար շատ ավելի կարևոր է, որ խոցելի խմբերը ներգրավված լինեն իրենց վերաբերող որոշումներ, պրոցեսները լինեն ներառական ու նաև ֆիզիկապես ու մատչելի մարդկանց համար»

Արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցն էլ բաց կառավարումը ժողովրդավարության ամենակարևոր բաղադրիչն է համարում․

«Նույն զանգվածային լրատվամիջոցների օրինակով ասենք, որ մենք բացեցինք ռեգիստրը, որպեսզի լրագրողներն անվճար կարողանան ստանալ ինֆորմացիան և իրականանցնեն իրենց հետաքննությունները»։

Մարդու իրավունքների պաշտպանը եւս մեկ շեշտադրում արեց՝ իր համար շատ  կարևոր է, որ հատկապես խոցելի խմբերը ներգրավված լինեն իրենց վերաբերող որոշումների ընդունման գործընթացում:

Back to top button