ԿարևորՍպորտ

250 բռնցքամարտիկ 39 երկրից Երևանում․ կազմակերպիչները խոստանում են Եվրոպայի առաջնության նոր նշաձող սահմանել

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկին մնացել է 3 օր: Մարզահամերգային համալիրն արդեն 95 տոկոսով պատրաստ է թե բացման արարողությանը, թե մրցաշարի բուն ընթացքին: Կազմակերպիչները խոստանում են նոր նշաձող սահմանել առնվազն բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունների համար:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության տոմսերը մեծ թափով սպառվում են: Առավել մեծ պահանջարկ ունեն հատկապես կիսաեզրափակիչ և եզրափակիչ մենամարտերի տոմսերը` ասում է ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը:

Մարզահամերգային համալիրում  Եվրոպայի առաջնությանը կարող է հետևել  2300 հանդիսական: Տոմսերի արժեքը 2000-ից 10000 դրամ է: Բացման պաշտոնական արարողությունը կկայանա մայիսի 22-ին ժամը 21-ին: Կազմակափարիչները երկրագուներին խորհուրդ են տալիս խցանումներից և մյուս անհարմարություններից  խուսափելու համար մարզադահլիճ գալ 20:30-ից ոչ ուշ:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ մարզական նման մեծ միջոցառում Հայաստանը վաղուց չի հյուրընկալել:

«Պետությունը, ֆեդերացիան և մեր մյուս գործընկերներն անում են առավելագույնը՝ մրցաշարը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Համենայնդեպս՝ այն գնահատականները, որ մենք ստանում ենք մեր միջազգային գործընկերներից, շատ դրական են: Մենք ուզում ենք նոր նշաձող սահմանել առնվազն բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունների համար»,– ասել է Արայիկ Հարությունյանը:

Երևան ժամանող մարզիկների թիվը սպասվածից մի փոքր քիչ կլինի: Ընդհանուր առմամբ Հայաստան կգա 39 երկրի մոտ 250 բռնցքամարտիկ:

«Մենք խոսում էինք 40-42 երկրի մասին, բայց, գիտեք, հասկանալի պատճառներով Ռուսաստանի և Բելառուսի հավաքականները չեն կարող ժամանել, Ադրբեջանի հավաքական էլ հրաժարվեց ժամանել, թեև մենք բոլորի համար ապահովել էինք բոլոր պայմանները, և որևէ խնդիր չէր լինելու»,-պարզաբանել է ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը:

Մարզիկների պատրաստվածությունը բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը բարձր է գնահատում: Վստահեցնում  է՝ ոչինչ չեն խնայել մարզիկներին բարձր մակարդակով նախապատրաստելու համար, կազմակերպվել են համատեղ ուսումնամարզական հավաքներ, մասնակցել  մի շարք միջազգային մրցաշարերի:

«Շատ մեծ արդյունքի ենք սպասում, բայց մեդալների թիվ չեմ ուզում նշել։ Բռնցքամարտը անկանխատեսելի մարզաձև է, չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, բայց կասեմ, որ որևէ քաշային կարգում մեր մասնակցի ելույթի համար  վատ չենք զգալու»,-նշել է Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը։

Հաղթանակների համար բռնցքամարտիկներին պետք է նաև երկրպագուների աջակցությունը: ԿԳՄՍ փոխնախարարը կոչ է անում մրցաշարի օրերին Մարզահամերգային համալիրում ազատ տրիբունաներ չթողնել: 

«Որպեսզի մեր մարզիկները հասկական, որ տանն են մենամարտում և դրանից թևավորվեն, պետք է, որ տրիբունաներում շատ մարդ լինի ու ամեն կերպ փորձի աջակցել։ Հրավիրում ենք մարզադահլիճ․ նպաստենք հաղթանակների կայացմանը, որ այդ բերկրանքը միասին վայելենք»։

Առաջնության օրերին կկայանա նաև Եվրոպայի բռնցքամարտի կոնֆեդերացիայի նորընտիր ղեկավարության առաջին նիստը, որի տնօրենների անդամ է նաև Հայաստանի ֆեդերացիայի նախագահը:  

Back to top button