ԿարևորՀասարակություն

160 մասնագիտություններում դիմորդներ չկան

Ընդունելության քննությունները կմեկնարկեն հունիսի 7-ին։  Դիմորդների թիվն անցյալ տարվա համեմատ շուրջ 500-ով ավելացել է։ Ամենամեծ թվով հայտերը ստացվել են «Անգլերեն»-ի քննության համար։ Ամենապահանջված մասնագիտություններն են Բժշկական համալսարանի «Բուժական գործը», ԵՊՀ «Ինֆորմատիկա-կիրառական մաթեմատիկան», ՀՊՏՀ-ի «Կառավարում»-ն ու ԵՊՀ-ի «Իրավագիտություն»-ը։  Պահանջված մասնագիտությունների  կողքին  պահանջարկ չունեցողներն են․160 մասնագիտություններով այս տարի ընդհանրապես դիմորդներ չունենք։

Բուհերի շուրջ 160 մասնագիտություններում դիմորդներ չկան։ Սա ոչ միայն աննախադեպ է, այլև՝ մտահոգիչ, կարծում է ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը։

«Ինձ համար հատկապես զարմանալի էր, որ  Շիրակի «Նալբանդյանի» և Վանաձորի «Թումանյանի» անվան պետական համալսարանների «Մաթեմատիկա» մասնագիտությամբ որևէ մեկը չի դիմել։ Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում «Թատերագիտություն», «Կինոգիտություն» մասնագիտություններով ևս դիմորդ չունենք։ Դիմորդ չունենք նաև Կոնսերվատորիայի ազգային նվագարանների գործիքներից մի քանիսի, ջութակի և դիրիժորական բաժիններում»։

Սրանց կողքին ավանդաբար մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններն են։ Դիմորդների թվով առաջատարը Բժշկական համալսարանի «Բուժական գործ»-ն է, հետո՝ ԵՊՀ-ի «Ինֆորմատիկա-կիառական մաթեմատիկա»-ն, 3-րդ տեղում ՀՊՏՀ-ի «Կառավարում»-ը։ Տարիներ շարունակ  մեծ պահանջարկ ունեցող ԵՊՀ «իրավագիտություն»-ը դիմորդների թվով այս տարի  4-րդ տեղում է,  5-րդը՝ ՀՊՏՀ-ի «Ֆինանսներ» մասնագիտությունը։ Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին  առաջատար են  հենց IT մասնագիտությունները,  և դա ուղիղ համեմատական է նաև աշխատաշուկայում դրա պահանջարկին՝ նկատում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

«Իհարկե, մտահոգիչ է, որ մարզերում մաթեմատիկայի գծով դիմորդներ չկան։ Պատճառն այն է, որ այդտեղի դիմորդներ թեքվում են դեպի ինֆորմատիկա։ Այսինքն՝ ցանկացած երեխա, որն ուժեղ է մաթեմատիկայից, գնում է դեպի ինֆորմատիկա, որովհետև այդ ոլորտում աշխատատեղերը շատ են, աշխատավարձը՝ բարձր»։ 

Ուշագրավ է նաև հայտարգրումը՝ ըստ առարկաների։ Ամենամեծ թվով հայտերը անգլերենից են։ 2-րդ տեղում «Մաթեմատիկան» է, ապա՝ «Հայոց լեզուն և գրականությունը»։

 «Չնչին բացառությամբ «Անգլերենի» քննություն է ընտրված գրեթե բոլոր մասնագիտություններում։ Բացի դրանից՝ տարիների փորձը ցույց է տվել, որ անգլերեն հանձնողների մեծամասնությունն ավելի բարձր միավորներ է ստանում»։

Զարմանալիորեն ավելացել է նաև բնագիտական առարկաներից քննություն հանձնողների թիվը։ Եթե նախկինում ֆիզիկա էին հանձնում  հաշված թվով դիմորդներ, այս տարի ավելի քան 1500 դիմորդ քննություն կհանձնի այս առարկայից։  Ընդհանուր առմամբ՝ այս տարվա  21000 շրջանավարտներից  բաձրագույն կրթություն ստանալու մտադրություն ունի 13573-ը։ Նախորդ տարվա համեմատ այս թիվը 500-ով աճել է։

«Հայտագրման արդյունքում ՀՀ տարածքում ավելացել են քննական կենտրոնները։ Անցյալ տարի ունեցել ենք 36 քննական կենտրոններ, այս տարի 41-ն են»։

Հայտնի են նաև քննությունների օրերը։ Հունիսի 7-ին դիմորդները քննություն կհանձնեն «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», առարկաներից, հունիսի 10-ին «Օտար լեզուներ» , 14-ին «Հայոց լեզու և հայ գրականություն», 17-ին  «Մաթեմատիկա»․ 21-ին «Հայոց պատմություն», «Ֆիզիկա», «Պատմություն»։ Ընդունելության քննությունների առաջին՝ հիմնական փուլը կավարտվի հունիսի  24-ին  «Քիմիա», «Ռուսաց լեզու» առարկաների քննություններով։

Back to top button