Երաժշտական եռանկյունի

Օպերային ստուդիայի երաժշտական նոր թատերաշրջան․ «Երաժշտական եռնակյունի»

Մեկ տարուց ավելի է Երևանի պետական կոնսերվատորիայի օպերայի ստուդիայի գեղարվեստական ղեկավար է նշանակվել ՀՀ ժողովրդական արտիստ, համաշխարհային օպերային աստղ Հասմիկ Պապյանը և տնօրեն է նշանակվել երգիչ Հայկ Վարդանյանը:

Օպերային ստուդիան լուրջ ստեղծագործական հայտ ներկայացրեց Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» օպերային ներկայացմամբ: Մեկ տարվա ընթացքում այնտեղ անցկացվեց ժամանակակից պարի միջազգային փառատոն, բազմաթիվ համերգներ: Ստուդիան հանդես եկավ նաև մարզային ծրագրով՝ ելույթներ կազմակերպելով Հայաստանի մարզերում:

«Այսօր օպերային ստուդիան հավակնություն ունի դառնալու լուրջ մշակութային օջախ, որի բեմից կներկայացվեն ոչ միայն օպերային արվեստը, այլև երգչախմբային, բալետային, վոկալ գործիքային ժանրերը: Առաջին իսկ ներկայացումը համախմբեց բազմաթիվ ստեղծագործողների ոչ միայն Հայաստանից, այլ նաև արտերկրից:

Բեմադրության նկարիչը և ռեժիսորը հատուկ ժամանեցին Միացյալ նահանգներից և Ֆրանսիայից: Մեզ միացան Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ (գեղ. ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան), ինչպես նաև ժամանակակից բալետի հայաստանյան խումբը, կոնսեվատորիայի ուսանողներ և մեր ստուդիայի բարեկամներ:

«Այդ ամենը ձևավորեց այնպիսի հարթակ, որն ունի աննախադեպ ստեղծագործական ներուժ և հեռանկարներ»,-ասում է Հասմիկ Պապյանը:

«Անշուշտ այդ ամենը պետք էր նախապատրաստել, որովհետև ո՛չ տեխնիկական հագեցվածությունը, ո՛չ շենքի հարմարությունները օպերային ստուդիայում չէին համապատասխանում այսօրվա բեմարվեստի չափանիշներին: Մենք շատ կարճ ժամանակահատվածում մեր բարեկամ բարերարների շնորհիվ վերանորոգեցինք բեմը, նվագախմբի փոսը, գնեցինք լուսային նոր սարքավորումներ և այսօր կարող ենք նաև, օգտագործելով վիդեո արտի հնարավորությունները, ապահովել ցանկացած բեմական լուծումներ,- շարունակում է Հայկ Վարդանյանը:

Բյուջեի համեստ չափերի պայմաններում շատ դժվար է ծավալել մեծ և համարձակ գործունեություն, հատկապես հաշվի առնելով, որ օպերային ստուդիան իր գործառույթն ունի կրթության ոլորտում և փաստորեն երկրորդ օպերային հարթակն է հանրապետությունում»:

Հաղորդման ընթացքում հնչում են հատվածներ «Օրփեոս և Էվրիդիկե» օպերային ներկայացումից:

Back to top button