ԿարևորՄշակույթ

Ոչ թե մարտահրավեր, այլ սպառնալիք․ գիտնականները ադրբեջանական ապատեղեկատվությանը հակազդող խումբ են ստեղծում

Իր ձևավորման առաջին իսկ օրերից Ադրբեջանը պետական մակարդակով փորձել է կեղծել հայոց դարավոր պատմությունը՝ հայ ժողովրդի կազմավորումից մինչև մերօրյա պատմական իրողություններ․ փաստի հերթական արձանագրումը հայոց պատմությունն ու մշակույթն ուսումնասիրող գիտնականներինն է։ Նրանք որոշել են ձևավորել մշտական գործող խումբ, որը կիրականացնի մոնիթորինգ և գիտական փաստերով կհակադարձի ադրբեջանական ապատեղեկատվությանը։ Մանրամասնում է կրոնագետ, աստվածաբանության ֆակուլտետի դասախոս Վարդան Խաչատրյանը․

«Օրինակ՝ Թամանյան դիվիզիայի մասին երբ խոսում ենք, դա մեր ազգային պատվի և փառքի յուրօրինակ, բարձրագույն մակարդակներից մեկն է, էսօր նրանց հայտարարում են դասալիքներ, դավաճաններ, թշնամու կողմը անցածներ։ Երբ մենք արխիվային նյութերը հանում ենք, դա ուղղակի ջախջախում է առաջ քաշած ուսմունքներն ու գաղափարները, որոնք որևէ հիմք չունեն։ Խումբը կձևավորվի անձանցից, որոնք և՛ հնարավորություն կունենան մոնիթորինգ անելու լրատվական դաշտը, և՛ միևնույն ժամանակ առաջարկություններով հանդես գալու, թե ինչպիսի պատասխաններ և ով պիտի տա։ Խորհրդատվական մարմին կլինի, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր հետ Սփյուռքի մեծ զանգված կա, դա կարող է լինել շատ ակտիվ»։

Ոչ թե մարտահրավեր, այլ սպառալիք․ Հայաստանը տեղեկատվական պատերազմի պատճառով արդեն կանգնած է կարևորագույն արժեքներ կորցնելու վտանգի առաջ՝ կարծում է Վարդան Խաչատրյանը։ Աշխարհն ակտիվորեն ներգրավված է տեղեկատվական պատերազմում և Ադրբեջանը կրկին դիմում է հնարավոր ամենաանազնիվ մեթոդներին, որոնց անհրաժեշտ է անհապաղ գիտելիքահեն պատասխան տալ․

«Արագությունը գնալով մեծանում է, փոխադարձ հայտարարությունները որևէ կերպ չեն խոսում այն մասին, որ կարող է ցած իջնել լարումը, և մենք, որպես կանոն, միշտ գտնվում ենք կիզակետում»։

Այս հարցերը քննարկվում են «Մեծ հաղթանակը և պատմության նենգափոխությունը» թեմայով գիտաժողովի ընթացքում, որը ԵՊՀ պատմության և աստվածաբանության ֆակուլտետների, ԳԱԱ պատմության ինստիտուտի ու Հայագիտության կենտրոնի նախաձեռնությունն է։ Նպատակը՝ բարձրաձայնել այն կեղծիքները, որոնց դիմում է Ադրբեջանը և գիտական ու քաղաքական ներուժը միախմբելով՝ գտնել դրանց դեմ պայքարելու, պատշաճ պատասխաններ տալու ձևը․

«Վերլուծության արդյունքում մենք ֆիքսել ենք ամենաէական հարցը՝ իսկ ու՞ր է մեր դեմ ուղղված, մեր ոխերիմ հարևանների կողմից սանձազերծած հակագիտական տեսությունների պատասխանը, որը շրջաբերվում է ամբողջ աշխարհով մեկ, շրջաբերվում է լայն լրատվական ցացով, վեր է ածվել ալիքի, որի կասեցումը միայն ու միայն մեր մտավորականության խնդիրն է»։

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Մինասյանի խոսքով՝ Ադրբեջանն այս ոլորտում սկսնակ չէ։ Անազնիվ նպատակին ծառայում են թե կոշտ գործողությունները, օրինակ՝ մշակութային կոթողների ակնհայտ պղծումները, թե փափուկ ուժի կիրառումը։

«Բռնագրավելով և յուրացնելով հայկական տարածքները՝ նրանք ոչ միայն վերացնում են հայկական պատմական հուշարձանները, այդ թվում գերեզմանաքարերն ու հուշարձանները, այլ նաև օտարերկրյա տարբեր գրչակների միջոցով, նրանց կաշառելով փորձում են կեղծել մեր հերոսական պատմությունները՝ նսեմացնելով հայ ժողովրդի ձեռք բերած հաղթանակները»։

Հատկապես մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգը կանխելու կամ արդեն կատարված մշակութային սպանդը աշխարհին ներկայացնելու համար արդեն իսկ գործում են մի շարք անհատական նախաձեռնություններ։ Պատմական գիտությունների թեկնածու, մշակութաբան Հայկուհի Մուրադյանն, օրինակ, ներկայացնում է monumentwatch.org կայքը, որի շրջանակում 15 հոգուց՝ մեդիամոնիթորինգի մասնագետներից, ճարտարապետներից, հնագետներից, մշակութաբաններից կազմված խումբը աշխատում է Արցախի մշակութային ժառանգության պահպանության մի քանի ուղղություններով․

«Առաջինը՝ ներկայացնել Արցախի մշակութային ժառանգությունը, հուշարձանները, դրանց գիտական նկարագրությունները, և երկրորդը՝ ահազանգել և գրել այն բոլոր դեպքերի մասին, որոնց ականատեսն ենք լինում նոյեմբերի 9-ից հետո մինչև օրերս»։

Այդ դեպքերը, մշակութաբանի խոսքով, տեղի են ունենում երկու ուղղությամբ։ Մի դեպքում վերացվում են հայկական բազմադարյա ինքնությունն ապացուցող փաստերը, օրինակ՝ հուշարձանները, խաչքարերը, գերեզմանատները, իսկ մյուս դեպքում պահպանվում է կոթողը, սակայն փորձ է արվում վերացնել այդ կոթողի հայկականությունը ապացուցող փաստերը։

Նոր ստեղծվելիք խորհրդատվական խմբի նպատակն այս և նմանօրինակ այլ կեղծիքներին հակադարձող գիտական փաստերի վերհանումն ու աշխարհին մատուցումը, միևնույն ժամանակ անհատական փոքր խմբերի միավորումն ու ուժերի ավելի արդյունավետ օգտագործումն է։

Back to top button