ԿարևորՀասարակություն

«Ուսումնասիրվող» պատգամավորներ կան․ դատախազությունը հաստատում է, բայց անուններ չի նշում

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի գործարկումից հետո գլխավոր դատախազությունն 9 հայց է ներկայացրել դատարան, 8-ն ընդունվել է վարույթ, ակնկալվում է բռնագանձել 43 մլրդ դրամի չափով գումար, ևս 300 գործ այս պահին ուսումնասիրվում  է։ Դատախազությունում կարծում են, որ գործընթացն ավելի արդյունավետ իրականացնելու համար օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ։ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում առաջարկվող ամենակարևոր փոփոխություններից մեկը, ըստ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանի,  պաշտոնյաների շրջանակն ընդլայնելն է․ փոփոխությունը թույլ կտա ավելի մեծ թվով պաշտոնյաների գույքն ու ունեցվածքն ուսումնասիրել։

«Նախագծով առաջարկվում է ընդլայնել պաշտոնատար անձ հասկացությունը և դրանում բացի հանրային պաշտոն զբաղեցնող անձանցից ներառել նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն հայտարարագիր ներկայացնող բոլոր անձանց»,-ասում է Սրբուհի Գալյանը։

Գործող օրենքով գույքի օրինականությունն ուսումնասիրության առարկա է դառնում այն դեպքերում, երբ քաղաքացին անցնում է որևէ քրեական գործով։ Եթե քննության ընթացքում ի հայտ են գալիս կասկածներ, ապա տվյալներն ուղարկվում են գլխավոր դատախազության համապատասխան ստորաբաժանում, որն էլ սկսում է ուսումնասիրությունը։ Առաջարկվող փոփոխություններից մյուսով էլ նախատեսվում է  դատախազությանը տալ սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրություններ սկսելու լիազորություն։

«Հաշվի առնելով այն, որ վերապահվող լիազորությունները կարող են մեծացնել կատարվող աշխատանքի ծավալները և կարող են ժամանակատար դարձնել ուսումնասիրությունը, առաջարկում ենք նաև ուսումնասիրման համար նախատեսված 2 տարվա ժամկետի փոխարեն սահմանել 3 տարի»,-պարզաբանում է գլխավոր դատախազի տեղակալը։

«Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվել է 2020 թվականին։  Ազգային ժողովում օրենքի երկամյա աշխատանքից գոհ չեն, կարծում են՝  հանրությունը նույնպես դժգոհություններ և ավելի արագ արդյունքներ է ակնկալում։   Նկատում են՝ ուսումնասիրության  ժամկետների երկարաձգումը կարող է լրացուցիչ դժգոհությունների առիթ դառնալ։ Պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հետաքրքրվում է՝ կան արդյո՞ք ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորներ, որոնց գույքի օրինականությունն այժմ քննության փուլում է։ Գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանն ասում է՝ կան, բայց անուններ և թիվ չի նշում։ 

«Դատախազության համար որպես ուժային կառույց իրականում էական նշանակություն չունի թե «շահառուն» ընդդիմադիր է թե իշխանական կամ առհասարակ ինչ քաղաքական հայացքներ ունի։ Մեզ համար որևէ տարբերություն չկա, մենք իրավական գործընթաց ենք իրականացնում և իրացնում ենք մեր օրենսդրական լիազորությունները»,-ասում է Գալյանը։  

Ազգային ժողովի իշխող խմբակցության պատգամավորները կարծում են, որ նաև այս օրենքի գործարկումն է ընդդիմադիրներին ստիպել պայքարի դուրս գալ։

Ավելի վաղ՝ 2021-ի նոյեմբերին, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները օրենքի սահմանադրականությունը վիճարկելու հարցով դիմել են Սահմանադրական դատարան, որը մինչև մայիսի 23-ը դիմումն  ուսումնասիրելու, ապա նաև քննության ժամկետը 3 ամսով երկարացնելու հնարավորություն ունի։

«Ոչ ոք թող չընկալի այս օրենքը որպես ունեզրկման օրենք։ Սա բոլշևիկյան օրենք չէ, որը կոչված է ունեզրկելուն, այն կոչված է պարզապես իրական արժեքը իրական սեփականատիրոջը վերադարձնելուն, քանի որ մարդը, որը 10 տարի եղել է պետական ծառայության մեջ, ունեցել է անհամատեղելիության պահանջ, այսինքն՝ չի կարողացել զբաղվել այլ աշխատանքով,  հնարավոր X գումարի փոխարեն ունի 1 մլն X գումար։ Եվ մենք պարզապես ասում ենք՝ եկեք դատարան և հիմնավորեք, գուցե իսկապես դա ձերն է»,-ասում է Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ներկայում իրականացվում է 316 ուսումնասիրություն։ Միայն 2021թ․-ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով 279 անձի պատկանող գույք է ուսումնասիրվել, 14-ով ուսումնասիրություններն ավարտվել է, բացահայտվել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 94 անշարժ և 23 շարժական գույք:

Back to top button